top of page

Ապտակ. նախաբան

  • Zohrap Amiryan
  • 1 июн. 2017 г.
  • 9 мин. чтения

Նախաբան

Արտագաղթը եղել է, կա ու, ցավոք, դեռ կլինի մեր ազգի գլխավոր չարիքը: Տարիներ շարունակ երկիրը լքել են բազում հայ ընտանիքներ ու անհատներ՝ իրենց բախտը որոնելով օտար ափերում: Նախ դա անում էին ուղղակի փրկվելու համար, իսկ հետո դարձավ կենսակերպ: Երկի՞րն է մեղավոր, թե՞ նրանում ապրող ժողովուրդը, դժվար է ասել: Գուցե մեղավոր են երկուսն էլ…

Գործը, որ ուզում եմ ներկայացնել ձեր դատին, հորինվածք է՝ համեմված իրականությամբ,մեր ցավոտ ու դառն իրականությամբ: Ճիշտ է՝ հերոսները իրական անձինք չեն, սակայն նրանք հավաքական կերպարներ են՝ վերցված իրական կյանքից: Ցանկացել եմ դեպքերին շատ սուր զարգացում տալ՝ թեման ավելի ցայտուն դարձնելու և խնդրի լրջությունը հնարավորինս ճիշտ տեղ հասցնելու համար:

Գործիս գլխավոր միտքն ու գաղափարը սերն է՝ իր բոլոր դրսևորումներով: Իսկ գլխավոր ու ամենամեծ ցանկությունս է բոլորի սրտերում վառ պահել սիրո կրակը, քանզի դա է մարդ մնալու միակ հնարավորությունը: Հուսամ՝ այն ,ինչ ցանկացել եմ փոխանցել, գոնե մասամբ կհասնի իմ սիրելի ընթերցողին:

2011թ. մայիս ամիսն էր: Իմ շատ սիրելի ամիսներից մեկը ու այսուհետ նաև այն ամիսը, որը պետք է բեկումնալից լիներ իմ ամբողջ կայնքի համար: Երկար ժամանակ տևած քննարկումներից հետո կայացվել էր մի որոշում, որը պետք է իրագործվեր հենց այս ամսում: Մի քանի օրից մենք պետք է մեկնեինք Ֆրանսիա՝ մշտական բնակության:

Չնայած իմ երկմտանքներին՝ ծնողներս կարողացան հավատացնել ինձ, որ դա լավագույն քայլն է, ու որ պետք չէ ձեռքից բաց թողնել, մանավանդ, որ ես արդեն ավարտել էի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը և կկարողանայի այնտեղ աշխատանք գտնել, գուցե ավելի հեշտ, քան մեր երկրում: Ինչևէ, սպասվելիք փոփոխությունները, նոր երկիր տեսնելու գայթակղությունն ու մնացյալ հետաքրքրությունները ստիպեցին ինձ անել այդ քայլը: Իսկ եթե հաշվի առնենք, որ ես էլ ծնողներիս միակ զավակն էի, ուղղակի իրավունք չունեի նրանց մենակ թողնելու:

Գնալու նախօրեին ես այցելեցի պապիկիս՝ մայրիկիս հորը՝ հրաժեշտ տալու: Երբ գնացի, նա այգում էր: Շատ բան չէր կարողանում անել, բայց շրջում էր՝ կանգ առնելով ամեն մի ծառի ու թփի կողքին, երկար ուսումնասիրում էր, ապա երեկոյան կանչում մորեղբորս կամ զարմիկներիս և ասում, թե ինչի պակաս ունեն ծառերը: Երբ այգու խորքից ինձ տեսավ, շատ ուրախացավ: Ժպիտը դեմքին շտապեց դուրս գալ, ես էլ չսպասելով՝ ընդառաջ գնացի նրան:

-Բարև՛, պապի՛ ջան, ո՞նց ես:

-Բարև՛, բալե՛ս,-ու ձեռքերի փոշին թափ տալուց հետո փաթաթվեց ինձ, ապա շարունակեց,- քանի դեռ ինքնուրույն կարողանում եմ շարժվել, ուրեմն շատ լավ եմ: Ի՞նչ քամի է քեզ բերել այստեղ:

-Դեպի Ֆրանսիա տանող քամին, պապի՛ ջան: Վաղը մեկնում ենք, եկել եմ՝ հրաժեշտ տալու:

Այս խոսքերից հետո երկուսիս դեմքից էլ ժպիտն անհետացավ, փոխարենը ափսոսանք ու թախիծ նշմարվեց այնտեղ:

Նա չշտապեց պատասխանել: Կախեց գլուխը, հետո մի թեթև տարուբերեց, ապա փաթաթվեց մեջքովս ու սկսեց քայլել.

-Գնանք տուն, զարմիկներդ էլ կուրախանան, որ եկել ես:

Միասին տուն բարձրացանք: Ողջագուրվելուց և ուրախության ճիչեր արձակելուց հետո, ես ու զարմիկներս՝ Ավետն ու Սոնան, սկսեցինք նույն խանդավառությամբ սեղան պատրաստել: Ավետը արդեն 16 տարեկան էր, գեղեցիկ ու խելացի երիտասարդ, նրան բաժին էր հասնում սեղանի տեղափոխությամբ զբաղվելը, իսկ ես ու Սոնան, ով 14 տարեկան էր ու ոչնչով չէր զիջում եղբորը, զբաղվում էինք սեղանի ձևավորմաբ: Այնքան հաճախ էինք միասին սեղան պատրաստում, որ արդեն ամեն մեկն հստակ գիտեր իր անելիքը ,ու գործը շատ արագ գլուխ էինք բերում:-Ապրեն իմ աղջիկները, մեկը մեկից լավն են էլի, հո զոռով չի,-հիացմունքով մեզ էր նայում պապիկն ու կրկնում ամեն անգամ:-Ես էլ հեչ հա՞, պապի՛,-կես կատակ, կես լուրջ հարցնում էր Ավետը:-Վա՜յ, ոնց թե հեչ, բալե՛ս: Քո գործն ավելի դժվար է ու պատասխանատու, բա գիտես հե՞շտ է նման աղջիկների եղբայր լինելը:-Լսեցիք չէ՞՝ ինչ է ասում պապին, իմ գործն ամենից դժվարն է, նայեք, հետո չբողոքեք, թե ես բան չեմ անում,-իրենից գոհ ասաց Ավետն ու մի խնձոր կծելով՝ նստեց բազմոցին:Բոլորս ծիծաղեցինք նրա խոսքերի վրա: Մեզ էին միացել մորեղբայրս ու նրա կինը,միասին սեղան նստեցինք՝ ճաշակելու վերջինիս պատրաստած հրաշալի տոլման:-Նարե՛ ջան, մի լավ կեր, մեկ էլ եսիմ ե՞րբ ես հայկական տոլմա ուտելու,-ասում էր մորեղբորս կինն ու անընդհատ հյուրասիրում:-Ճիշտ է՝ շուտով հայկական ամեն ինչին էլ կարոտելու եմ, բայց հենց զգամ՝ էլ չեմ դիմանում, հետ եմ գալու:-Է՜հ, բոլորն էլ այդպես են ասում, բայց երբ տեղ են հասնում, կամաց-կամաց մոռանում են հայկական ամեն ինչն ու հարմարվում եղածի հետ: Բնության օրենքն է, Նարե՛ ջան, մարդն այդպես է ստեղծված, նա հարմարվում է ամեն ինչին,-կրկին մտահոգ ու մի փոքր էլ հուզված՝ ասաց պապիկս:Ես լռեցի, քանզի ավելորդ էր հակասելը: Դա էր ճշմարտությունը, ու կարիք չկար անիմաստ խոսքեր շռայլելու: Ես ինձ մեղավոր էի զգում, բայց ինչի՞ համար: Գուցե ինձ դավաճան էի համարում, գուցե փախստական: -Սառը ջուր եմ բերել, Նարե՛, սա էլ խմիր, սրանից որ հաստատ չես գտնի Փարիզում,-հանկարծ մտքերիցս կտրեց Սոնան ու ինձ մեկնեց ջրով լի բաժակը:-Շնորհակալ եմ, արև՛ս, եթե անգամ ջուր էլ գտնեմ, մեկ է այսքան համեղ չի լինի, որովհետև քո բերածը չի լինի,-վերցրեցի ու խմեցի ջուրը մինչև վերջ:

Խոսակցություններն ու կենացները շարունակվեցին մինչ երեկո: Մոտենում էր այնքան չսիրելի հրաժեշտի պահը: Միասին դուրս եկանք այգի, հենց այնտեղ էլ հրաժեշտ տվեցի բոլորին, և երբ արդեն պատրաստվում էի դուրս գալ, պապիկս մոտ կանչեց և ասաց մի կարևոր բան, որի արժեքը ես տարիներ անց միայն հասկացա:

-Բալե՛ս, հայի արյունը տարբեր է բոլոր ազգերի արյունից: Չխառնե՛ս հայի արյունը,-ապա համբուրեց ճակատս ու ավելացրեց,-Աստված ձեզ հետ:

Ստանալով նրա օրհնությունը՝ դուրս եկա տնից:

***

Երկու օր անց մենք Եվրոպայի սրտում էինք՝ երազանքների ու սիրո քաղաք Փարիզում:

Նախ հայտվեցինք ճամբարում: Հետո ստացանք բնակարան, իսկ 3 տարի անց դարձանք գրեթե քաղաքացի: Այդ ընթացքում հասցրեցինք սովորել լեզուն, ապա ցանկացած վայրում աշխատելու հնարավորություն ստացանք: Որից հետ ես ինձ համապատասխան աշխատանք գտա քաղաքի հուշանվերների խանութ-սրահներից մեկում՝ որպես գանձապահ, և շատ գոհ էի իմ աշխատանքից: Ծնողներս էլ գտան իրենց համապատասխան աշխատանք ,և ամեն բան, կարծես թե, շատ լավ էր ընթանում:

Սրահը, որտեղ աշխատում էի, լի էր շատ թանկարժեք քանդակներով ու արձանիկներով: Այն ավելի շուտ թանգարանի էր նման, քան թե վաճառասրահի, և ամեն իրի հետ շատ զգույշ էր պետք վարվել: Տնօրենն էլ, ում մասին ոչինչ չգիտեինք, քանզի մենք գործարք էինք կնքում և տեսնում էինք միայն նրա ներկայացուցչին, ով զբաղվում էր բոլոր գործերով, շատ խստապահանջ մարդու համբավ ուներ: Աշխատակիցներն էլ պատմում էին, թե մի անգամ ինչպես է արձանիկ կոտրած աշխատողին դատի տվել: Ճիշտ է՝ես շատ չէի շփվում ապրանքների հետ, բայց մի բան փչացնելու վախը կար ,և ինչպես պարզվեց իզուր չէր:

Մեկ տարի է, ինչ աշխատում էի այդտեղ, երբ պատահեց անսպասելին: Նշում էինք սրահի բացման 20-ամյակը և փոքրիկ ցերեկույթ էինք կազմակերպել տեղում, որին ներկա էին տնօրենի ծանոթներից, այսպես ասած, բարձր հասարակության ներկայացուցիչներից մի քանիսը և նրա ընտանիքը: Ի դեպ՝ որդիներից մեկը, ում անունը Լեո էր, վերջերս սկսել էր հաճախակի երևալ խանութում: Նրա այցելությունը կապում էինք վերահսկողության հետ, բայց դա այդքան էլ այդպես չէր:

Միջոցառման ընթացքում այնպես ստացվեց, որ ես պատահաբար կպա թանկարժեք արձանիկներից մեկին ,ու այն հայտնվեց գետնին: Աչքերիս դիմաց ամեն բան սևացավ վախից: Չիմանալով ինչ անել՝ կանգնել էի ջարդված կտորների կողքին, երբ ինձ մոտեցավ Լեոն.

-Արագ մի կողմ գնա, ոչ մեկին չասես, թե դու ես սա արել: Շո՛ւտ հեռացիր:

Ես, կարելի է ասել, փախա այդտեղից:

Նա իր վրա վերցրեց իմ «հանցանքը»՝ փրկելով, մեղմ ասած, անհարմար վիճակից:

Երեկոյան, երբ ամեն բան վերջացավ ու դուրս էինք եկել սրահից, շատ անսպասելիորեն նա մոտեցավ ինձ: Տեսնելով նրան՝ ես թույլ չտվեցի ոչինչ ասել, միանգամից ասացի.

-Անչափ շնորհակալ եմ, չգիտեմ էլ՝ ինչպես կարող եմ դուրս գալ Ձեր լավության տակից: Դուք ինձ ուղղակի փրկեցիք, իսկ ես այդ պահին մի շնորհակալություն էլ չհայտնեցի: Կրկին ու կրկին շնորհակալ եմ…

Երևի դեռ մի հարյուր անգամ էլ կկրկնեի նույնը, եթե նա ինձ չընդհատեր.

-Հանգստացե՛ք, խնդրում եմ, մեծ բան չեմ արել, ու չարժի այլևս շնորհակալություն հայտնել, մի անգամն էլ լիովին բավարար էր: Իսկ լավության տակից կարող եք դուրս գալ, եթե ընդունեք միասին սուրճ կամ թեյ խմելու իմ առաջարկը:

Ես շրջվեցի ու զարմացած հայացքով սկսեցի նայել ուղիղ նրա դեմքին: Կարծես այնքան տարօրինակ բան էր ասել, որ ես զարմանքից քարացած ու այլակերպված նրան էի նայում: Հայացքս երևի այնքան անբնական էր, որ նա էլ սկսեց անհարմար զգալ, կարծես մի վատ բան էր ասել: Ապա սթափվելով՝ կրկնեց հարցը.

-Հիմա ի՞նչ, կհամաձայնե՞ք սրճել ինձ հետ:

Մեղքի և շնորհակալության զգացումներից դրդված՝ ես համաձայնեցի՝ մտածելով, որ իրավունք էլ չունեմ հրաժարվել: Մենք գնացինք մոտակա սրճարաններից մեկը: Մի քանի րոպե է, ինչ նստած էինք դեմ- դիմաց ու առանց մի բառ ասելու նայում էինք ուղիղ իրար աչքերի մեջ, առանց ամաչել, առանց քաշվել, երբ այլ պարագայում՝ հայացքների բախման առաջին իսկ պահին ես կթեքեի հայացքս: Նրա մեջ մի բան կար, որ գրավում էր ինձ , ինչպես նաև վախ էի զգում ու անհանգստություն: Նա սևահեր էր, թխամորթ, հայի էր նման, բայց և տարբեր էր, սևորակ, մեծ ու փայլուն աչքեր ուներ, համաչափ ու գեղեցիկ դիմագծեր, սլացիկ կեցված, կոկիկ ու բարեկիրթ պահվածք, մի խոսքով՝ «երազանքների տղամարդ»: Բայց ի՞նչ կարող էր գտնել ինձ նման հասարակ հայուհու մեջ նման երիտասարդը, չէի կարողանում հասկանալ, և հենց այդ անորոշությունն էր, որ վերածվում էր վախի: Հանկարծ նա խոսեց.-Ի՞նչ կցանկանաք:-Սուրճ:Մինչ նա սուրճ էր պատվիրում, ես էլի չէի կարողանում հայացքս կտրել նրանից: Հետևում էի ամեն բառին ու շարժմանը և հիանում նրանով: Պատվերը կատարելուց հետո կրկին նայեց աչքերիս մեջ, ժպտաց մի թեթև, ապա սկսեց շատ հանգիստ խոսել.-Կարծում եմ՝ ծանոթանալու կարիք չկա: Մենք երկար ժամանակ է, ինչ ճանաչում ենք իրար, ուղղակի առիթ չի եղել աշխատանքից դուրս զրուցելու: -Ճի՛շտ եք, քանի որ աշխատանքից բացի մեզ ոչինչ իրար չի կապում և ավելին իմանալու կարիք էլ չկա,-հազիվ զսպելով հուզմունքս՝ պատասխանեցի ես:-Իսկ ես կարծում եմ, որ կա կարիքը, և հիմա մենք այստեղ ենք հենց դրա համար: Ես ցանկանում եմ ավելի շատ բան իմանալ Ձեր մասին: Եվ մի խնդրանք ունեմ, եկեք անցնենք դու-ի:Ակամայից ձեռքս դրեցի կրծքավանդակիս՝վախենալով, թե սիրտս կարող է դուրս թռչել այնտեղից: Նրա արագ բաբախից հազիվ էի կարողանում շնչել և չէի կողմնորոշվում, թե ինչ պատասխան կարելի է տալ այս առաջարկին: Երևի զգալով իմ տարօրինակ վիճակը՝ նա, ձայնին մեղմություն տալով ,արտաբերեց անունս.-Նարե՞… Անունս այնքան գեղեցիկ հնչեց նրա շուրթերից, որ սարսուռ անցավ մարմնովս: Ես շարունակում էի լռել:-Քեզ վատ ես զգո՞ւմ, Նարե՛:-Չէ՛, ամեն ինչ կարգին է:-Ավելի լավ, որ կարգին է, ուրեմն կարող ենք շարունակել մեր զրույցը:-Գիտե՞ք…-Առանց Դուք-ի, խնդրում եմ,-ընդհատեց ինձ՝ չթողնելով շարունակել միտքս:-Լա՛վ, թող այդպես լինի: Գիտե՞ս, չեմ կարողանում հասկանալ այս ամենի իմաստը: Նախ արձանիկի պատմությունը, հետո այս առաջարկը: Ձեր… քո ինչի՞ն է պետք այս ամենը:Նա կարծես սպասում էր իմ հարցին և մի քանի վայրկայն լռելուց հետո սկսեց խոսել:-Չգիտեմ՝ ինչպես կընդունես խոսքերս, բայց ես անկեղծ կլինեմ ու չեմ ընկնի սար ու ձոր: Ես անբացատրելի ցանկություն ունեմ ՝քո մասին ամեն ինչ իմանալու: Եվ դա այսօր չէ, որ առաջացել է: Ասեմ ավելին՝ դու ինձ շատ ես դուր գալիս, և ես պիտի խնդրեմ՝ սիրտդ նվաճելու հնարավորություն տաս:Նրա խոսքերը ես ոչ թե լսում էի ականջներով, այլ զգում էի մարմնիս ամեն մի բջիջով: Մի միտք էր ինձ տանջում այդ ընթացքում՝ լինել այդքան միամիտ ու հավատալ նրա խոսքերին, թե՞ վեր կենալ ու գնալ այդտեղից: Ի վերջո, որոշեցի նստած մնալ և լսել մինչև վերջ:-Ես ուզում եմ քեզ պատմել իմ մասին ամեն ինչ և լսել նաև քո պատմությունը: Ուզում եմ ճանաչել քեզ ու խնդրում եմ , որ տաս ինձ այդ հնարավորությունը: Գիտեմ, որ հայուհի ես,շտապում եմ ասել, որ իմ մայրն էլ հայուհի էր, ցավոք, մահացել է տարիներ առաջ:-Ցավում եմ: Երևի հիվա՞նդ էր:-Ո՛չ, մահացել է ծննդաբերությունից հետո: Ես այդ ժամանակ 7 տարեկան էի: Եղբայր ունեցա, բայց կորցրեցի մայրիկիս: Գիտե՞ս, ես շատ էի սիրում նրան, նա աշխարհի ամենալավ մայրիկն էր:-Իսկ հայրիկդ ֆրանսիացի՞ է:-Ո՛չ, ադրբեջանցի: Երիտասարդ տարիքում է այստեղ տեղափոխվել, հանդիպել մայրիկիս ու ամուսնացել:Լսելով «ադրբեջանցի է» արտահայտությունը՝մի պահ տեղի տված տագնապներս ավելի մեծ թափով ալեկոծվեցին, ու միակ բանը, որ կարողացա ասել ,հետևյալն էր.-Արդեն ուշ է, ես պիտի գնամ:-Սպասի՛ր, խնդրում եմ, լսի՛ր ինձ մինչև վերջ:-Բավականաչափ լսեցի: Ուզում եմ պարզ ասել, մենք չենք կարող ընկերներ լինել, էլ չեմ խոսում մնացած բաների մասին: Եկեք պահպանենք մեր գործարար շփումը: Լա՛վ մնացեք, ցտեսությո՛ւն:***Առանց սպասելու պատասխանի՝ ես դուրս եկա, քանզի օդը այլևս չէր հերիքում: Անձրև էր դրսում, օդն էլ շատ մաքուր: Սկսեցի քայլել՝անհագորեն կլանելով թթվածնի մեծ պաշարներ, իսկ անձրևի կաթիլների օգնությամբ փորձում էի հանգցնել այրվող հոգուս կրակը: Մտքումս միշտ նույն բառերն էին՝ «ո՛չ, ադրբեջանցի…»: Չէի հասկանում զայրութիս բուն պատճառը: Ինչո՞ւ այդ բառերը այդպիսի արձագանք գտան ինձ մոտ: Ինձ ինչ, թե ինչ ազգության է պատկանում նա, բայց հոգուս խռովքը այլ բան էր փաստում. ինձ հուզում էր նրա պատկանելությունը:Քայլելուս ողջ ընթացքում զգում էի նրա ներկայությունը մեջքիս հետևում, բայց ո՛չ նա մոտեցավ, ո՛չ էլ ես կանգ առա: Զգալով, որ արդեն մինչև ոսկորներս թրջվել եմ, որոշեցի տաքսի նստել, բայց մինչ այդ, անկախ ինձանից, մի հայացք գցեցի նրա վրա՝ գուցե ասելու համար, որ զգում եմ ներկայությունը: Երբ տուն հասա, դողում էի: Աննկատ իմ սենյակ մտա, տաք լոգանք ընդունեցի ու մի փոքր հանգստանալուց հետո խոհանոց գնացի, որտեղ մայրիկս ինչ- որ բան էր պատրաստում:-Մա՛մ, էն քո սարքած համեղ թեյից եմ ուզում խմել:-Հիվա՞նդ ես, Նարե՛, հո տաքություն չունե՞ս,-արագ հարցրեց մայրիկս:-Չէ՛, մամ ջան, ամեն բան կարգին է, ուղղակի ուզեցի, չի կարելի՞:-Կարելի է, ոնց չէ, ուղղակի դու սովորություն ունես հիվանդ ժամանակ թեյ խմելու, դրա համար էլ վախեցա: Հիմա կսարքեմ ու միասին կխմենք:Նրա պատրաստած թեյի շնորհիվ ես չհիվանդացա, բայց ներսիս քաոսը դեռևս շարունակվում էր ու պիտի շարունակվեր: ***Այս դեպքերից հետո մեկ շաբաթ էր անցել, բայց ո՛չ վաճառասրահում ,ո՛չ էլ մոտակայքում ինչ -որ տեղ ես չհանդիպեցի Լեոյին: Դա առիթ տվեց մտածելու, որ ես միանշանակ ճիշտ վարվեցի:Սակայն հենց հաջորդ շաբաթ նա երևաց սրահում: Բարևեց բոլորիս, ապա մի փոքր երկար նայեց ինձ ու հազալով վեր բարձրացավ: Նրա տեսքից կարելի էր մտածել, որ այս օրերի ընթացքում հիվանդ պառկած է եղել ու դեռ չէր էլ հասցրել լիովին ապաքինվել: Ես նորից լցվեցի տարատեսակ կասկածներով: Բայց կիսով չափ ադրբեջանցի լինելու փաստը մի մեծ պատնեշ էր ինձ համար, որը թույլ չէր տալիս գործնականից անցնել ընկերական հարաբերության: Նա ողջ օրվա ընթացքում մնաց սրահում, բայց չերևաց ներքևում: Չգիտես ինչու՝ ողջ օրը շատ անհանգիստ անցավ ինձ համար: Մի տեսակ լարված էի, ու նրա ներկայությունը ազդում էր ինձ վրա: Գուցե, այնուամենայնիվ, ես էլ էի անցել գործնականի սահմանը, բայց չէի գիտակցում կամ էլ՝ չէի ուզում գիտակցել:Օրվա ավարտին, երբ դուրս եկա սրահից, կրկին զգացի նրա ներկայությունը: Ես անբացատրելիորեն կարողանում էի զգալ նրա հայտնվելը, և սրտիս զարկերը սկսում էին մատնել ինձ․․․ Վերջապես նա հասավ ինձ ու մի քանի վայրկյան ուղղակի կողքովս քայլելուց հետո խոսեց.

-Ինչպե՞ս ես:

-Լա՛վ, շնորհակալություն,-կրկին գործնական տոնով ու շատ կտրուկ պատասխանեցի ես:

-Իսկ ես հիվանդացել էի շատ ուժեղ, պարզվում է՝ դու ինձանից պինդ ես:

-Իսկ հիմա լա՞վ եք,-դուրս թռավ իմ բերանից, որը, ինչպես զգացի, ուրախացրեց նրան:

-Կազդուրվում եմ արդեն: Կարելի է չէ՞ քեզ ուղեկցել,-ոչ այնքան հարց էր, որքան ուղղակի նախազգուշացում:

-Կարիք չկա՛:

-Իհարկե կարիք կա, Նարե՛: Մենք կիսատ թողած խոսակցություն ունենք:

-Չեմ կարծում, թե կիսատ բան կա մեր մեջ:

-Ամեն ինչ է կիսատ: Խնդրում եմ քեզ, հնարավորություն տուր ինձ ու կհասկանաս, որ ազգային պատկանելությունը կապ չունի մարդու՝ ով լինելու հետ, առավել ևս զգացմունքների վրա չի կարող ազդել: Այո՛, պաշտոնապես ես մուսուլման եմ, բայց ընդունում եմ նաև քրիստոնեությունը, այցելում եմ հայկական եկեղեցի, ինձ թվում է՝ այդպիսով ես մոտենում եմ մորս․նա էր ամեն կիրակի ինձ տանում եկեղեցի, ու մենք մասնակցում էինք պատարագներին:

-Իսկ հայրդ դեմ չէ՞ր:

-Ո՛չ, նա չէր ստիպում մայրիկին կրոնափոխ լինել: Նրանք հարգում էին մեկը մյուսին և անչափ շատ էին սիրում, դրա համար էլ շատ համերաշխ էինք ապրում: Մինչև որ տեղի ունեցավ ահավոր դեպքը և խարխլեց ամեն ինչ:

-Իսկ ի՞նչ եղավ հետո,-չզսպելով հետաքրքրությունս՝ սկսեցի հարցեր տալ:

-Արի նստենք մի տեղ ,ու ես կպատմեմ ՝ինչ ցանկանաս:

Ես համաձայնեցի, որովհետև ուզում էի իմանալ նրա պատմութունը: Մենք կրկին գնացինք նույն սրճարանը, թեյ պատվիրեցինք տաքանալու համար, քանզի անձրևոտ եղանակը շարունակվում էր, և ցուրտ էր:

-Մայրս ամեն կերպ փորձում էր ինձ ծանոթացնել հայկական մշակույթին ու պատմությանը: Ես սիրով էի լսում նրա պատմությունները և փորձում էի հնարավորինս շատ բան մտապահել: Սուր քննարկումներ չէին լինում մեր տանը երբեք, չէին խոսում ջարդերից ու կռիվներից՝ մեկմեկու ցավ չպատճառելու համար: Ինձ ունենալուց հետո՝ տարիներ շարունակ, չէին կարողանում երեխա ունենալ: Վերջապես, 7 տարի անց ծնվեց եղբայրս, բայց մորս կյանքի գնով: Դրանից հետո մեր ընտանիքում ամեն բան փոխվեց:

Comments


Новости

Дня

© 2016 <<Новости Дня

bottom of page