Ապտակ. շարունակություն
- Zohrap Amiryan
- 1 июн. 2017 г.
- 12 мин. чтения
Առավոտից մեր տանը եռուզեռ էր: Օրը շաբաթ էր, բարեբախտաբար, բոլորս տանն էինք: Հայրիկս սովորություն ուներ տանը եղած ամբողջ ժամանակ արբանյակային հեռարձակմամբ հետևել հայկական ալիքներին ու իմանալ Հայաստանի անցուդարձի մասին: Այսօր էլ, չնայած խառը վիճակին, ժամանակ գտավ ու միացրեց հեռուստացույցը, և բոլոր ալիքներով լրատվության արտակարգ թողարկում էր, որոնք սկսվում էին հետևյալ տողերով. «Եթերում լուրերի արտակարգ թողարկումն է, մենք շարունակում ենք ներկայացնել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում կատարվող իրադարձությունները: Հիշեցնեմ, որ հակառակորդը ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը խախտել է հրադադարի ռեժիմը՝Ղարաբաղյան դիրքերի և խաղաղ բնակչության վրա կրակելով տարբեր տրամաչափի զենքերից և նռնականետերից…»:
-Վա՜յ ես ձեր ինչն եմ ասել,-այլևս իրեն չզսպելով՝ բացականչեց հայրս,-ահա, էս չե՞ն դրանք, բա նման բան անում ե՞ն, բա սրանք մարդ կոչվելու իրավունք ունե՞ն, ես ձեր…
Ես միանգամից հիշեցի Լեոյի երեկվա վիճակը, նրա խոսակցությունը, վեճը ու շատ բան պարզ դարձավ ինձ համար: Չէ՞ որ նրա եղբայրը սպա է ադրբեջանական բանակում, երևի հենց այս մասին էր ասել նրան, որը վրդովմունք էր պատճառել Լեոյին: Հա՛, հա՛, հենց դրա համար էին այն տարօրինակ հարցերը, Բաբելոնն ու տարբեր ազգերի գոյության փաստը: Մի՞թե նա գիտեր, որ այսպիսի բան է լինելու, գիտեր ու լռել է, մինչ դեռ կարող էր շատ բան փոխել: Բայց, ախր, դա ռազմական գաղտնիք է, ո՞նց կարող էր եղբայրը ասել այդ մասին, իսկ եթե չէր ասել, ինչո՞ւ էր վիճում նրա հետ: Այս մտքերը հանգիստ չէին տալիս ինձ: Ես չէի լսում ոչինչ, չէի տեսնում ոչինչ, կանգնած էի մնացել հեռուստացույցի առաջ և փորձում էի հասկանալ՝ գիտե՞ր նա, թե՞ չէ, ու կարծես քնից արթնանալով՝ մտա սենյակ, վերցրի հեռախոսն ու զանգեցի նրան: Սովորաբար երկրորդ զանգից նա պատասխանում էր, իսկ հիմա կարծես չէր ցանկանում վերցնել: Ես անջատեցի ու փորձեցի երկրորդ անգամ, կրկին ուշ, բայց պատասխանեց այս անգամ.
-Նա՞ր, ի՞նչ է պատահել,-նրա ձայնը դողում էր:
-Բան պիտի պատահի՞, որ զանգեմ քեզ,-փորձելով հեռվից գալ ՝պատասխանեցի ես:
-Չէ՛, իհարկե, չէ՛, ո՞նց ես:
-Խնդրում եմ հարցիս պատասխանես, երեկ եղբորդ հե՞տ էիր վիճում:
-Ի՞նչ վեճ, ինչի՞ մասին ես խոսում, Նարե՛:
-Դու լավ գիտես, թե ինչի մասին եմ խոսում, պատասխանի՛ր հարցիս, եղբորդ հե՞տ էիր վիճում:
-Հա՛, նրա հետ:
-Իսկ ինչի՞ շուրջ էիք վիճում:
-Նա պնդում էր, որ ես չպիտի ամուսնանամ քեզ հետ, որ մեր մեջ անդունդ կա, ու դեռ խորանալու է: Բայց ինչո՞ւ ես այսքան հարց տալիս, կասե՞ս՝ ինչ է պատահել: Դու գիտես, որ ոչ մեկի խոսքն էլ ինձ համար էական չէ:
-Իսկ չասա՞ց պատճառը, չասա՞ց ,թե ինչու է խորանալու անդունդը:
-Չէ՛, Նարե՛, չասա՛ց:
-Ուրեմն ես կասեմ,-այլևս զայրույթս չզսպելով՝ ասացի ես,- կասեմ, որ ձերոնք հերթական անգամ հիմարություն են արել ու հարձակում գործել Ղարաբաղի վրա: Կասեմ, որ այնքան անմարդկային, այնքան անասուն են, որ հրետակոծում են անմեղ բնակչությանը: Կասեմ, որ աղվեսի նման, գիշերվա կեսին, առանց զգուշացնել պատերազմ են սկսել, բայց քանի որ շատ կարճ հիշողություն ունեն, չգիտեին, որ ինչպես 90-ականներին, այնպես էլ հիմա՝ հերթով սատկելու են:
-Ի՞նչ ես խոսում, ո՞նց ես խոսում, ուշքի՛ արի, Նարե՛:
-Ուշքի՞ գամ,-ավելի բարկանալով՝ հարցրեցի ես:
-Այո՛, ուշքի՛ արի ու իմացիր, թե ոնց ես խոսում իմ հայրենակիցների մասին: Այդ ձերոնք են նախահարձակ եղել, մերոնք պատասխանել են ուղղակի: Ու քանի որ սկսել են, մերոնք էլ պիտի գնան մինչև վերջ, ու Ղարաբաղը միացնեն Ադրբեջանին, ինչը որ էն ժամանակ չարեցին:
-Ծիծաղեցնում ես արդեն: Չարեցի՞ն, իսկ կարո՞ղ էին: Ախր հրադադար խնդրեցին, որ մերոնք Բաքու չհասնեն, այ խելոք: Գիտե՞ս, ճի՛շտ ես, ուշքի գալու ժամանակն է, ուշքի գալու և հասկանալու, որ մենք իրար հետ ապագա չունենք, որ հայի արյունը քեզ օգնել է ռումբ դառնալ, ու դու պայթելու էիր օրերից մի օր՝ ոչնչացնելով ինձ: Ես լսում եմ քեզ վերջին անգամ և ուշքի՛ եմ գալիս,-ուզում էի անջատել, բայց լսեցի նրա ձայնը.
-Սպասի՛ր, տաք գլխով որոշում մի կայացրու, պատերազմը կավարտվի, բացի այդ մենք շատ հեռու ենք այդ ամենից, դա չպիտի մեզ վրա ազդի:
-Ինչ ցինիկն ես, ո՞նց կարող է չազդել մեզ վրա, հերիք է խոսես, սկսում եմ զզվել քեզանից:
Դեռ լսվում էր ՝Նարե՛, Նարե՜…, երբ ես անջատեցի հեռախոսն ու առանց քաշվելու ծնողներիս՝ տանը գտնվելու փաստից, մեջս որքան ուժ ունեի գոռացի, բայց զարմանալիորեն ոչ մի կաթիլ արցունք չեկավ աչքերիցս: Մի՞թե սիրտս այդքան արագ քարացավ, մի՞թե կարողացա գոռալով դուրս հանել իմ մեջ եղած ատելությունն ու ցավը, մի՞թե այդքանով վերջացավ ամեն ինչ: Ո՛չ, դա միայն սկիզբն էր: Հույզերս պայթեցին միախառնվելով իրար՝աչքերիս առաջ սևացավ, ականջներումս տարօրինակ ձայներ լսվեցին, ու ես կորցրեցի գիտակցությունս:
Երբ արթնացա, պառկած էի մահճակալիս: Վայրկյաններ անց, երբ լիովին վերականգնվեց գիտակցությունս, արցունքներ սկսեցին հոսել աչքերիցս ու, կոկորդիս խեղդող ցավը հաղթահարելով, հազիվ խոսեցի.
-Կներեք ինձ…
Հայրս, երևի չդիմանալով, դուրս եկավ սենյակից, իսկ մայրս ինձ հետ հավասար լալիս էր ու ինձ էլ հորդորում լացել, որ դուրս հանեմ մեջս եղածը ու կարողանամ հանգստանալ: Րոպեներ անց հանգստացանք, ու ես քնեցի: Արթնացա երեկոյան ու միանգամից գնացի հյուրասենյակ, որտեղ մերոնք անընդմեջ նոր լուրեր էին լսում կատարվող իրադարձությունների մասին:
-Ի՞նչ են ասում, պա՛պ, դեռ շարունակո՞ւմ են կրակել:
-Շարունակում են, շարունակում են իրենց վայրագությունը, կրակում են անմեղ բնակչության վրա: Ես ձեր ինչն եմ ասել, սրիկանե՜ր… Ղարաբաղն են ուզում… տո երեկ մեկ, էսօր՝ երկու, երկրի տեր դարձաք, հիմա էլ հող եք պահանջում հա՞, ես ձեր անասուն ինչն եմ ասել:
Հայրս շարունակում էր նայել ու մեկնաբանել կատարվածը, իսկ ես զանգեցի հայկական համայնքի ակտիվիստներից մեկին, ում հետ մտերիմ էի, և փորձեցի իմանալ, թե ինչ գիտեն իրենք և ինչ մտքեր ունեն: Նա հայտնեց, որ վաղը մի քանի հոգով հավաքվելու են ու որոշեն, թե ինչ կարելի է անել: Ճշտեցի տեղն ու ժամը՝ պարտադիր այնտեղ ներկա գտնվելու համար: Ամբողջ օրը՝ մինչև ուշ գիշեր, մենք ընտանիքով հետևում էինք դեպքերի զարգացմանը ու ամեն անգամ խորը ցավ ապրում ՝լսելով զոհված կամ վիրավոր հերոսների մասին: Գրեթե չքնեցինք ողջ գիշեր, իսկ առավոտ շուտ դուրս եկա տնից՝ պայմանավորված վայր գնալու համար: Քանի որ փոքր- ինչ շտապել էի, որոշեցի նախ եկեղեցի մտնել: Աստծուց օգնություն խնդրելուց հետո ինքս էլ շտապեցի ՝ինչ- որ կերպ օգնության ձեռք մեկնելու:
***
Հանդիպումը կայացավ սրճարաններից մեկում: Երբ արդեն եկել էին բոլորը, ընկերուհիս՝ Սոնան, որոշեց ծանոթացնել ինձ նրանց հետ:
-Էրեխե՛ք, ծանոթացեք Նարեի՝ մեր քնած ակտիվիստի հետ, ով նոր է արթնացել ու միացել մեզ:
Նրանք ժպտացին ու հերթով ներկայացան: Մեկը Ստելլան էր, մյուսը՝ Գևորգը, երրորդը՝ Րաֆֆին, չորրորդն էլ Էրիկը:
-Բարի գալուստ մեր ընտանիք, Նարե՛ ջան,-ասաց Ստելլան, մաղթանքին միացան նաև մյուսները:
-Շնորհակալ եմ ընդունելության համար: Հուսամ՝ օգտավետ կլինի իմ միանալը: Մեծ խնդիր ունենք այսօր, և լուծումեր է պետք գտնել, հնարավորինս արագ:
-Ճի՛շտ ես, խնդիրը մեծ է, անելու ենք մեր ձեռքից եկածը, ընդհուպ մինչև կամավոր գրվելն ու Արցախ մեկնելը,-ասաց Էրիկը:
-Ես կկապվեմ Հայաստանի մեր ակտիվիստների հետ, կգնանք դեսպանատուն, կփորձենք կապ հաստատել նաև նախարարության հետ, կիմանանք առաջնահերթ ինչի կարիք կա, ըստ այդմ էլ կգործենք,-շարունակեց Րաֆֆին:
Բոլորս միաձայն համաձայնեցինք նրա ասածի հետ:
-Հույս ունենանք, որ շուտ կվերջանա այս ամենը,-հոգոց հանելով՝ ասաց Ստելլան:
-Չեմ կարծում: Քանի որ այսպես են սկսել, վերջակետ դնելը դժվար կլինի,-խոսեց նաև Գևորգը:
-Լա՛վ, լա՛վ, որքան խոսեցինք ,հերիք է, ժամանակն է գործելու,-կրկին խոսեց Էրիկը,-առաջարկում եմ նախ խոսել տեղի երիտասարդական կազմակերպության անդամների հետ, տեսնենք՝ ինչ են որոշում, հետո մեր առաջարկները կանենք ու կօգնենք ոնց կարող ենք:
-Ճի՛շտ ես,-խոսեց Սոնան,-հենց այդտեղից էլ կսկսենք, նրանք հաստատ հիմա մի բան մտածած կլինեն: Իսկ ո՞վ է գնալու այնտեղ, բոլորո՞վ գնանք:
-Կարծում եմ՝ չարժի 6 հոգով գնալ այնտեղ, եկեք 2 մասի բաժանվենք: Մի մասը կգնա նրանց մոտ, մյուս մասն էլ հայկական դեսպանատուն,-առաջարկեց Րաֆֆին:
-Դե քանի որ դեսպանատան առաջարկը քոնն էր, Րաֆֆի՛ ջան, ուրեմն երկու հոգու էլ ընտրիր ու գնացեք այնտեղ, մյուսներս էլ կգնանք երիտասարդական կազմակերպություն,-ասաց Էրիկը, ապա ավելացրեց,-երեկոյան 19:00-ին կրկին կհանդիպենք այստեղ՝ մեր իմացածը իմի բերելու համար:
Րաֆֆին ընտրեց Ստելլային ու Գևորգին, ապա հրաժեշտ տվեցին ու գնացին: Մենք էլ պատրաստվեցինք գնալ երիտասարդական կազմակերպություն:
Հասնելով տեղ ու տեսնելով այնտեղ կատարվող եռուզեռը՝ ես մի ներքին բավարարվածություն ու հպարտություն զգացի: Դժվարին պահին հայի համախմբման կարողությունը միշտ էլ նրա փրկության հիմքն է եղել, և այսօր էլ նա համախմբվում է: Քանի դեռ միասին ենք, ոչ մի թշնամի ի զորու չի լինի անգամ մի թիզ հող վերցնել մեր երկրից:
Միացանք նրանց քննարկումներին՝որպես ունկնդիր: Պարզվեց, որ նրանք էլ դեռ սպասում են՝ հասկանալու համար, թե ինչպիսի զարգացում են ունենալու գործողությունները․ և թե ինչպես կկարողանան օգտակար լինել: Այս գործում շտապողականությունը կարող էր օգուտի փոխարեն վնասել: Որոշեցինք սպասել՝ ձեռքը մշտապես պահելով գործողությունների զարկերակի վրա:
Կատարելով մեր առաքելությունը՝ վերադարձանք տուն՝ երեկոյան կրկին հանդիպելու ակնկալիքով:
Մեր տանը նույն իրավիճակն էր: Ծնողներս ոչ մի րոպե չէին հեռանում հեռուստացույցի առջևից, մյուս կողմից էլ համակարգիչն էր: Ցանկանում էին տեղեկանալ ամեն մի մանրուքի: Պարբերաբար զանգահարում էինք Հայաստան, նրանք էլ ասում էին նույնը, ինչ լրատվությամբ էինք իմանում, իսկ Արցախում բնակվող մեր ծանոթների հետ չէինք կարողանում կապ հաստատել:
Օրվա լարվածությունն էր պատճառը երևի, որ ես չէի կարողանում ազատվել ահավոր գլխացավից: Դրա պատճառով չկարողացա գնալ երեկոյան հավաքին, առանձնապես բան էլ չէր փոխվի իմ գնալով, բայց տեղեկացա, որ վաղը ևս պիտի հավաքվենք նույն վայրում:
Լեոն զարմանալիորեն լուռ էր: Ո՛չ զանգ եղավ, ո՛չ հաղորդագրություն: Դա, բնականաբար լավ էր, բայց նաև մտահոգիչ: Ինչևէ, փորձում էի չմտածել նրա մասին և ուղղակի հանել իմ կյանքից, ինչպես ծառից կարող ես պոկել չորացած ճյուղն ու մի կողմ նետել: Ապրիլի 3-ն էլ անցավ շատ լարված ու սպասումներով լի:
Հաջորդ առավոտ ես նամակ ստացա աշխատանքի վայրից: Պետք էր ներկայանալ, քանզի ես ունեի աշխատանքային պայմանագիր և խախտել էի այն՝ 2 օր անհարկի բացակայելով: Ստիպված էի գնալ ու տեղում կարգավորել ամեն ինչ: Հայրս առաջարկեց ուղեկցել ինձ, բայց ես մերժեցի՝ ասելով, որ ինքս էլ կարող եմ լուծել այդ խնդիրը:
Ներկայացա աշխատանքի վայր, հանդիպեցի կառավարչի հետ, որոշակի տուգանքի պարտավորագիր ստորագրեցի՝ ժամկետից շուտ պայմանագիրս խզելու համար և դուրս եկա փողոց: Դեռ բավականին ժամանակ կար մինչ երիտասարդների հետ հադիպման ժամը, դրա համար որոշեցի քայլել: Դա ամենալավ զբաղմունքն էր ինձ համար, երբ դժվարին հոգեվիճակում էի լինում: Քայլեցի դեպի Փարիզի ամենագեղեցիկ այգիներից մեկը՝ Մարսի այգին, որտեղից էլ քայլերս ուղղեցի դեպի Սենա գետ: Ջուրը և մաքուր օդը ամենալավ թերապիան են՝ հոգեպես խաղաղվելու համար: Երկար ժամանակ է՝ քայլում էի գետի երկայնքով՝ նայելով գետի անվերջ թվացող երկարությանն ու այն համեմատում իմ ժողովրդի անվերջ թվացող պայքարի հետ: Բայց չնայած դրան՝ինչպես որ ջուրն է կարողանում ամեն պարագայում իր ուղին հարթել ու կատարել իր անվերջանալի շրջապտույտները, այնպես էլ մենք ենք կարողացել միշտ առաջ ընթանալ ու հազարամյակների պատմություն կերտել: Այդպիսով՝ վստահ էի, որ այս անգամ էլ ամեն բան լավ է լինելու:
Հետո նստեցի ափին հնարավորինս մոտ, ու գետից փչող սառը քամին հասավ ոսկորներիս: Ուժեղ ցնցվեցի, բայց չէի շտապում հեռանալ այդտեղից, կարծես ուզում էի՝ այդ քամին հասներ նաև հոգուս ու մաքրեր այնտեղի աղտը, որը մնացել էր ամենաերջանիկ ու գեղեցիկ թվացող սիրուց: Բայց րոպեներ անց, զգալով, որ դա անհնար է, կրկին սկսեցի քայլել, այս անգամ դեպի պայմանավորված վայրը: Քայլելը օգնեց նաև վերականգնել մարմնիս ջերմաստիճանը, սակայն զգում էի, որ դժվար թե խուսափեմ հիվանդանալուց:
Երբ հասա սրճարան, բոլորն արդեն տեղում էին: Բարևեցի նրանց ու քանի որ դեռ ոչ մի պատվեր չէին արել, ես միանգամից թեյ խնդրեցի:
-Դողում ես, Նարե՛, էս որտեղից ես գալիս,-հարցրեց Սոնան:
-Սենայից, Սոն ջան:
-Դու լրիվ գիժ ես, էս եղանակին ի՞նչ էիր անում այնտեղ, բա որ հիմա հիվանդանա՞ս:
-Ոչինչ, առանձնապես բան չի պատահի:
-Ո՞նց թե չի պատահի, բա ո՞վ է մեզ օգնելու,-կատակեց Րաֆֆին:
-Մեռնելով էլ կանեմ ձեռքիցս եկածը, մի՛ մտածեք, ժողովուրդ, ավելի լավ է՝ ասեք տեսնեմ՝ ի՞նչ եք որոշել:
-Չէ՛, մեռնել պետք չէ, մեզ ողջ ու առողջ մարդիկ են պետք: Ինչքան զոհեր ունեցանք սահմանին, լրիվ հերիք է,-ասեց Էրիկն ու շարունակեց:-Վաղը կամ մյուս օրը, երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ, բողոքի ակցիա պիտի իրականացնենք Ադրբեջանի դեսպանատան դիմաց, կախված արդյունքներից՝ կորոշվեն հետագա քայլերը:
-Ես լսել եմ, որ նույնը պատրաստվում են անել նաև սփյուռքում գտնվող մյուս երիտասարդները, գրեթե բոլոր երկրներում,-ասաց Ստելլան:
-Բնականաբար պիտի անենք, սա ամենաքիչն է, որ կարող ենք անել մեր երկրի համար: Մեր հասակակիցները հիմա սահմանին կանգնած մեր հողն են պաշտպանում, գոնե մենք էլ այսպես ինչ -որ օգուտ տանք նրանց,-խոսեց Գևորգը:
-Ճի՛շտ ես, Գև՛ ջան, բայց պետք է մտածել նաև Հայաստան գնալու մասին: Եթե հարկ լինի, պիտի համալրենք այդ զինվորների շարքերը, և մենք էլ մեր պարտքը կատարենք,-կրկին խոսեց Էրիկը՝ ոգևորված ու խանդավառ:
Ասում են՝ կյանքում ոչինչ հենց այնպես չի լինում, ու ես լիովին համաձայն եմ դրա հետ: Հենց վառ ապացույցն էլ այն էր, որ մեր կողքի սեղանին մոտեցան մի քանի երիտասարդներ, որոնց մեջ ես նկատեցի Լեոյին: Մենք այն սրճարանում էինք, որտեղ նա հաճախ էր լինում, իսկ այս անգամ մի քանի ադրբեջանցիների հետ էր: Նա դեռ ինձ չէր նկատել, ես էլ փորձեցի այնպես անել, որ չնկատի: Սակայն, երբ սկսեցին խոսել հենց ադրբեջաներենով, ես կարողացա որոշ բաներ հասկանալ, քանզի նրա հետ շփման ընթացքում հասցրել էի որոշ բաներ սովորել: Նրանցից մեկը հուսադրում էր Լեոյին, որ եղբայրը անպայման կլավանա, մյուսը խոսում էր իրենց տարած «հաղթանակի» մասին ու այն մասին, որ, իբր թե, մի քանի գյուղեր են գրավել արդեն ու դեռ շարունակելու են իրենց առաջընթացը: Խոսում էին, թե մեծ թվով զոհեր ունեն հայերը, իսկ իրենց կողմից գրեթե ոչ մի զոհ, միայն մի քանի վիրավորներ կան: Մինչ դեռ ամեն բան հակառակն էր:
Մերոնցից ոչ մեկը չէր հասկանում նրանց: Զգում էին, որ ադրբեջաներեն են խոսում, ու միայն դա բավական էր իրենց դեմքերի արտահայտությունը փոխելու համար: Իսկ ես, հասկանալով նրանց խոսքերը, սկսեցի հասնել կատաղության աստիճանի այնքան ուժեղ, որ այլևս չդիմանալով՝ վեր կացա տեղիցս ու մոտեցա նրանց սեղանին: Տեսնելով իմ արյունակալած աչքերը ու կատաղի կերպարը՝ նրանք միանգամից լռեցին ու զարմացած սպասում էին, թե ինչ եմ պատրաստվում անել: Իհարկե, մեծ հաճույքով շան սատակ կանեի դրանց, սակայն ստիպված էի ինձ զսպել ու ընդամենը խոսել՝ զայրույթս այդպես արտահայտելով:
-Էդ դո՞ւք եք հաղթել, դո՞ւք եք գյուղեր գրավողը, դո՞ւք եք հայերին ոչնչացնողը, հա՞:
-Հա՛, մե՛նք ենք,-խոսեց Լեոն, ու ոտքի կանգնեց՝ կարծես տիրաբար փորձելով սաստել ինձ:
-Հիմա ի՞նչ, լաց լինե՞մ, թե՞ ծիծաղեմ ասածիդ վրա,-շեշտակի նրան նայելով ՝ասացի ես ու անդրդվելի քաջությամբ շարունակեցի, -Պիտի արթնացնեմ ձեզ քնից ու ասեմ, որ ամեն բան ճիշտ հակառակն է եղել միշտ ու մնում է այդպես։ Այս խոսքերից հետո զգացի, թե ինչպես թիկունքումս հայտնվեցին մեր խմբի անդամները, բայց լուռ էին:
-Անիմաստ բաներ ես խոսում, Նարե՛,-կրկին սաստիչ տոնով խոսեց Լեոն:-Իմ եղբայրն է հիմա հիվանդանոցում, ձերոնց պատճառով կյանքի ու մահվան կռիվ է տալիս, այդ դո՛ւք եք հարձակվում, դո՛ւք եք պատերազմ ուզում ու ոչնչանալո՛ւ եք բոլորդ:
-Ասում ես մե՞նք ենք մեղավոր: Մեղավո՞ր ենք, որ մեր հողն ենք պահում, մեղավո՞րն ենք, որ չենք թողնում վայրագներին մտնել հայկական գյուղեր ու անասնաբար սպանել անմեղ բնակչությանը, մե՞նք ենք մեղավոր, որ դուք հիպնոսացվածի նման հավատում եք ձեր բռնակալի հիմարություններին: Երևի ձեր ուղեղներն էլ են նավթով լվացել: Մե՛ղք եք, բացե՛ք ձեր աչքերը,-կատաղությունից կարմրել էի, շունչս արագացել, ձայնս էլ գնալով բարձրանում էր: Արդեն ողջ սրճարանն էր դարձել մեր խոսակցության ունկնդիրը: Իմ մեջ խոսում էր այն նույն դարերից եկած ձայնը, որն այն ժամանակ ստիպում էր հեռու մնալ Լեոյից:
-Ղարաբաղը մե՛րն է ու հետ ենք բերելու անպայման, ինչ գնով էլ լինի,-խոսեց նրանցից մեկը:
-Ղարաբաղը նույնիսկ երազում չի կարող ձերը լինել: Ղարաբաղում աճող ծառերն անգամ ավելի մեծ պատմություն ունեն, քան ձեր վայրագ պետությունը, էլ ի՞նչ տրամաբանությամբ եք խոսում Ղարաբաղի՝ ձերը լինելու մասին: Հայաստանը հազարամյակների պատմություն ունի, իսկ դուք մեկ դար էլ չկա, ինչ ոչ բարով պետություն եք հռչակվել, ավելի ճիշտ պատուհաս, ոչ թե պետություն, ու հիմա սահմանների՞ց եք խոսում: Ամո՛թ է, ցույց մի տվեք ձեր հիմարության աստիճանը, պատմություն կարդացեք մի քիչ:
-Սպանեցի՛ք ձեր պատմությամբ ու ծովից ծով Հայաստանով,-կրկին խոսեց Լեոն,-դա էլ գիտենք, կարող էիք ՝պահեիք ինչ ունեիք ու հիմա էլ հողի կռիվ չանեիք: Ոչնչանալո՛ւ եք բոլորդ:
-Լսի՛ր ու մեկընդմիշտ հիշի՛ր, ոչնչացողը միայն դուք եք լինելու: Ամեն մի զինվորի, մի եղբոր ու ամուսնու, մի հոր ու երեխայի մահվան համար պատասխան եք տալու: Ամեն մի զոհի դիմաց 100-ին ենք սպանելու, ամեն մի վիրավորի դիմաց 200 վիրավոր եք տալու, ինչ կորուստներ ունեցել եք, դեռ շատ քիչ են, ավելիին սպասեք:
Այս խոսքերս վերջնականապես հունից հանեցին բոլորին: Միահամուռ ոտքի կանգնեցին՝ ինձ հոշոտելու տրամադրվածությամբ: Չգիտեմ՝ ինչու, բայց այդ գործը փորձեց արագ իր վրա վերցնել Լեոն, կա՛մ նրա համար, որ ահավոր մեծ էր վիրավորանքը, կա՛մ էլ գուցե ինչ- որ բան դեռ մնացել էր անցյալից ու ցանկանում էր անձամբ հաշվեհարդար տեսնել: Սակայն վեր բարձրացած ձեռքը, որ ապտակի տեսքով պիտի գար դեպի ինձ, կասեցվեց Էրիկի թեթև ձեռքով: Վերջինս, մի թեթև հրելով, նստեցրեց Լեոյին իր տեղը ու շատ հավասարակշռված, հաստատուն ձայնով ասաց.
-Չհամարձակվե՛ս:
Զգալով, որ լեզվակռիվը կարող է վերաճել ձեռնամարտի, այլևս ոչ մի բառ չասացի: Զարմանալի էր, բայց նրանք էլ սսկվեցին, երևի խոսքերս իրոք մտածելու տեղիք էին տվել: Երբ վերադարձանք մեր սեղանի մոտ, ընկերներիս խնդրեցի ուղղակի դուրս գալ սրճարանից՝ հետագա, անկանխատեսելի միջադեպերից խուսափելու համար:
-Չէ՛, Նարե՛, այդ նրանք պիտի գնան, մենք ոչ մի տեղ էլ չենք գնալու,-ոչ պակաս ջղայնացած ասաց Րաֆֆին:
-Խնդրում եմ ձեզ, չեմ ուզում իմ պատճառով խնդիրներ առաջանան: Երևի չափն անցա մի քիչ, բայց զսպել չէի կարող ինձ,-կրկին փորձեցի համոզել,-դրանք առնետ են, ամեն ինչ կարելի է սպասել դրանցից, նույնիսկ կարող են թիկունքից հարվածել, եկեք գնանք այստեղից:
-Ճիշտ է ասում Նարեն: Եկեք գնանք, նրա ասածն էլ հերիք էր դրանց: Ընտիր էր Նար ջան, բոլորիս սրտից էիր խոսում, ապրե՛ս,-խոսեց Սոնան:
Նույնը ասաց նաև Ստելլան, և տղաները չկարողացան այլևս հակառակվել: Մենք դուրս եկանք սրճարանից ու բավականին երկար ժամանակ քայլում էինք լուռ՝ ամեն մեկս մեր մտքերի մեջ խորասուզված: Հետո հավասարվելով՝ Էրիկին ասացի.
-Շնորհակալ եմ՝ ճիշտ պահին կողքիս գտնվելու համար:
-Շնորհակալության կարիք չկա, այլ կերպ լինել չէր կարող: Ես հպարտ եմ քեզանով: Չես էլ կարող պատկերացնել, թե ինչ էի զգում ես ու վստահ եմ, նաև մեզանից յուրաքանչյուրը, երբ լսում էինք քեզ: Շատ ապրես:
-Բայց այդ տղան ճանաչում էր քեզ, նա տվեց քո անունը, դա ո՞նց է պատահել,-հանկարծ հարցրեց Ստելլան՝ դեռևս չփակված վերքիս աղ լցնելով:
-Երանի թե չճանաչեի երբեք,-կիսալսելի ձայնով խոսեցի ես, ապա մի փոքր ավելի բարձր ավելացրեցի:-Այո՛, ցավոք սրտի ճանաչում ենք իրար, բայց չեմ ուզում խոսել այդ մասին, մանավանդ, որ ուզում եմ մոռանալ այդ դիպվածը:
Նա այլևս հարցեր չտվեց: Մի փոքր էլ զբոսնելուց հետո հրաժեշտ տվեցինք իրար: Դեռ մի քանի րոպե էլ չէր անցել մեր բաժանումից, երբ զգացի, որ աչքերիս առաջ ամեն բան սկսում է սևանալ: Նախազգալով, որ կարող եմ կրկին ուշագնաց լինել, փորձեցի հետ կանչել Սոնային: Ականջներիս մեջ հնչող խառը ձայներից ես վերջնականապես հասկացա, որ ուրորէ գիտակցությունս կորցնելու եմ ու միայն հասցրեցի ասել.
-Բռնի՛ր ինձ, Սո՛ն…
Աչքերս բացեցի ու հասկացա, որ նստարանի վրա եմ, իսկ կողքիս կանգնած էր Ալեքսը: Նա ինձ էր նայում և չէր շտապում խոսել, ըստ երևույթին, սպասում էր, որ վերջնականապես ուշքի գամ: Իմ կյանքում երկրորդ անգամ ես այդքան երկար նայեցի մեկի աչքերին ու հասկացա, որ այս աչքերը հարազատ են ինձ: Չկար տագնապ, չկար վախ, կար միայն հանգստություն ու բարություն: Թվում էր, թե այդ աչքերը կկարողանան հասկանալ ինձ նույնիսկ առանց բառերի ,ու ես շարունակում էի լռել՝ թույլ տալով, որ նրանք խոսեն: Նա ևս լուռ էր: Իսկ երբ կանգնեցի և ուզում էի շնորհակալություն հայտնել օգնության համար, նա լռեցրեց ինձ և ասաց, որ այսուհետ դա նրա ամենամեծ պարտականությունն է դառնալու: Մենք այլևս չխոսեցինք: Նա ինձ ուղեկցեց մինչև տուն և վստահ լինելով, որ արդեն ապահով եմ, հանգիստ հեռացավ:
Այնքան բան կատարվեց մի քանի օվա ընթացքում ինձ հետ, որ նույնիսկ չէի կարողանում հասկանալ՝ ինչի մասին մտածել առաջինը: Ի վերջո, գիտակցելով, որ ոչ մի բանի մասին էլ չեմ կարողանալու մտածել այս հոգեվիճակում, որոշեցի ուղղակի քնել: Իսկ դա ինձ հաջողվեց միայն հանգստացնող հաբերից հետո:
Հաջորդ օրվանից սկսվեց մեր պայքարը՝ հանուն արդարության: Մենք որոշեցինք ամբողջ աշխարհին ցույց տալ Ադրբեջանի իրական դեմքը, և պահանջել արժանի հատուցում: Ամեն բան սկսվեց Փարիզում՝ Ադրբեջանի դեսպանատան դիմաց: Վանկարկում էինք, որ Ղարաբաղը մերն է, որ Ղարաբաղը հայկական տարածք է ,ու պիտի ճանաչվի նրա անկախությունը: Երբ փորձեցինք մոտենալ դեսպանատանը, արժանացանք ոստիկանների դիմադրությանը: Երևի կարծում էին, թե կարող ենք վնասել նրանց: Բայց չարաչար սխալվում էին, քանզի վայրագը նրանք են, ոչ թե մենք: Այդ նրանք են, որ չեն հասկանում խոսքը,և ստիպում են ուժով հասկացնել խոսքը․․․
Ճիշտ է, մեծ հաշվով, շատ բան չտվեցին մեզ այդ ցույցերը,որովհետև աշխարհը կարծես կույր ու համր է ,երբ հարցը այս ցավոտ թեմային է հասնում, բայց մեր համախմբվածությամբ կարողացանք գոնե նյութական օգնությամբ սատարել սահմանապահներին:
Այս օրերը թեև ամենածանրն էին ինձ համար, սակայն նաև մեծ դաս եղան: Օր չկար, որ չհիշեի պապիկիս խոսքերը ՝ «Բալե՛ս, հայի արյունը տարբեր է բոլոր ազգերի արյունից: Չխառնե՛ս հայի արյունը»: Իրոք որ շատ տարբեր է հայի արյունը: Հայը մի յուրօրինակ հատկություն ունի դիմանալու, պայքարելու և դժվարին պահին բռունցքվելու: Ես հպարտ եմ, որ հայ եմ, ու որ ճիշտ ժամանակին հետ կանգնեցի կործանիչ սխալից: Մեր միակ ուժն ու փրկությունը մենք ենք,մեր հավատը,մեր անկոտրում ոգին,մեր հավատարմությունը մեր արյան կանչին ու հողին․ պետք է անեղծ պահենք մեր արյունը, որտեղ էլ բախտը մեզ նետի:
Վերջ
Commentaires