top of page

Ապտակ. շարունակություն

  • Zohrap Amiryan
  • 1 июн. 2017 г.
  • 12 мин. чтения

Զգալով նրա հուզմունքը՝ առաջարկեցի չշարունակել, բայց նա որոշել էր պատմել ամեն բան:

-Հայրս լրիվ կորցրել էր իրեն, տեղը չէր գտնում, եղբորս ուշադրություն չէր դարձնում ընդհանրապես՝ նրան համարելով սիրած կնոջ մահվան պատճառը: Եղբորս ու իմ խնամքով սկսեց զբաղվել տատիկս․նա մեզ մոտ տեղափոխվեց Բաքվից և մեզ դաստիարակում էր իր ձևով: Ես շատ հարցերում էի հակառակվում նրան, իսկ եղբայրս մեծացավ՝ որպես տիպիկ ադրբեջանցի: Չափահաս դառնալուն պես էլ գնաց՝ տատիկի հետ ապրելու: Այստեղ մնացինք ես ու հայրիկս: Նա վերջերս կարողացավ երկրորդ անգամ ամուսնանալ: Այս անգամ ադրբեջանցու հետ՝ տատիկիս պնդմամբ, և հիմա մի քույրիկ ունեմ:

-Իսկ քեզ հետ ինչպե՞ս է վերաբերվում հորդ կինը:

-Շատ քիչ ենք շփվում: Ես այդպես էլ չհամակերպվեցի այն մտքին, որ հորս կողքին կարող է ուրիշ կին լինել, բայց հարգում եմ նրա որոշումը: Մենակ եմ ապրում, նրա ամուսնանալուց հետո, որ ո՛չ ես ինձ վատ զգամ, ո՛չ էլ իմ ներկայությամբ նրանց անհարմարություն պատճառեմ: Աշխատում եմ հայրիկիս հետ միասին, աշխատանքի վայրում գրեթե միշտ միասին ենք, դրա համար էլ չենք նեղվում առանձին ապրելու փաստից:

-Իսկ եղբորդ հետ կապ կա՞։

-Այնքան էլ լավ չենք հասկանում միմյանց: Կես ժամից ավել որ խոսում ենք սկայպով, արդեն սկսում ենք վիճել, դրա համար էլ ուշ-ուշ ենք խոսում: Կարևորը ՝իմանում ենք մեկս մյուսի առողջականի ու գործերի մասին, և վերջ:

-Լավ չէ, որ այդքան տարբեր եք:

-Մորս բացակայությունն է պատճառը: Նա լրիվ այլ կերպ դաստիարակվեց, ես՝ լրիվ այլ, դրա համար էլ լեզու չենք գտնում իրար հետ: Բայց դա չէ էականը: Մենք այստեղ ենք, որ մեր մասին էլ խոսենք: Ես ուզում եմ ճանաչել քեզ, եթե դու էլ նույնը ցանկանաս, ուզում եմ քեզ իմ կողքին տեսնել ողջ կյանքիս ընթացքում: Քո մեջ միատեղված են այն բոլոր հատկությունները, որոնց մասին երազել եմ: Ես քո մեջ տեսնում եմ և՛ իմ կեսին, և՛ մորս ես հիշեցնում քո բնավորությամբ: Քո ներկայությամբ կարոտս եմ առնում նրանից: Խնդրում եմ քեզ, Նարե՛, փորձիր ինձ ճանաչել ու կզգաս, որ ես ուրիշ եմ, որ կարող եմ քեզ աշխարհի ամենաերջանիկ կինը դարձնել: Ուզում եմ, որ իմ երեխաների մայրը հենց քեզ նման հրաշք հայուհի լինի, ինչպիսին, որ իմ մայրն էր:

Ասում են, երբ տարբեր ազգերի ներկայացուցիչներից երեխա է ծնվում, նա հիմնականում ժառանգում է երկու կողմերի լավագույն գեները. Լեոն դրա վառ օրինակն էր:

Այս խոսքերը, նրա կերպարը, նրա վարմունքը զորեղ գտնվեցին մնացած ամեն ինչից: Ես մոռացա նրա ազգային պատկանելության մասին, և այդ օրվանից սկսվեց մեր ընկերությունը:

***

Օրերը փոխում էին մեկը մյուսին, իսկ ես ոչ մի կերպ չէի համարձակվում նրա մասին պատմել ծնողներիս, քանզի վախենում էի նրանց արձագանքից: Մորս աչքից չէին վրիպում վերջին ժամանակների իմ տարօրինակ պահվածքն ու փայլող աչքերը, բայց նա դեռ ոչինչ չէր ասում՝սպասելով իմ խոսելուն: Դրան էր սպասում նաև Լեոն, ով ձգտում էր հնարավորինս շուտ օրինականացնել մեր հարաբերությունները:

Հերթական երկուշաբթին էր, ու ես շտապում էի աշխատանքի, երբ զանգեց հեռախոսս.

-Ալո՛, բարև՛ Ձեզ, Ձեզ հիվանդանոցից են զանգում…

Ձեռքերս թուլացան հուզմունքից ,ու քիչ էր մնում՝ հեռախոսը վայր ընկներ: Թույլ չտալով, որ զանգահարողը շարունակի միտքը, սկսեցի հարցնել.

-Ի՞նչ է պատահել, ո՞վ է հիվանդանոցում, ինչո՞ւ եք ինձ զանգել…

-Դուք ճանաչո՞ւմ եք Լեո Մուսաևին:

-Այո՛,-մի կերպ դուրս թռավ բերանիցս:

-Նա վթարի է ենթարկվել և խնդրեց Ձեզ զանգել:

-Հիմա ի՞նչ վիճակում է նա, ո՞ր հիվանդանոցում է,-լսելով վերջին խոսքերս՝ մայրս մոտեցավ, ու ոչ պակաս վախեցած ու լարված՝ սպասում էր, որ մի բան ասեմ:

-Վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում, հիմա «ԲԻԶԵ» վիրաբուժական կլինիկայում է:

-Ես հենց հիմա կգամ,-անջատեցի հեռախոսն ու նայեցի մայրիկիս,-մա՛մ, հիվանդանոց եմ գնում:

-Կասե՞ս վերջապես, թե ինչ է եղել, հորդ հե՞տ է մի բան պատահել:

-Չէ՛, չէ՛, մա՛մ, պապան չի, հիվանդանոցում իմ… մեր սրահի… մի խոսքով իմ ընկերն է, ու պիտի շուտ այնտեղ գնամ:

-Ընկե՞րդ: Իսկ ես ճանաչո՞ւմ եմ նրան:

-Մա՛մ ջան, հիմա դրա ժամանակը չէ, խնդրում եմ, շտապում եմ, կգամ, կխոսենք, հիմա գնում եմ, առայժմ,-չթողնելով ինչ- որ բան ասի՝ արագ վերցրեցի պայուսակս ու դուրս եկա:

Րոպեներ անց հիվանդանոցում էի՝ նրա կողքին, բայց քանի որ նա քնած էր, որոշեցի խոսել բժշկի հետ: Պարզվեց ոտքի կոտրվածք է ստացել ու բավական ժամանակ կպահանջվի, որ նորից ոտքի կանգնի:

Վերադարձա պալատ, նստեցի նրա մոտ այնքան ժամանակ, մինչև կամաց բացեց աչքերը և ինձ

տեսնելով՝ մեղմ ժպտաց: Ես բռնեցի նրա ձեռքը և հարցրեցի.

-Ո՞նց ես քեզ զգում:

-Քեզ որ տեսնում եմ կողքիս՝ հրաշալի:

-Իսկ ես լուրջ եմ հարցնում, ցավեր ունե՞ս:

-Ոչինչ չեմ զգում, թմրած է ոտքս:

-Ո՞նց պատահեց, ո՞ւր էիր շտապում, որ այսպիսի փորձանք բերեցիր գլխիդ:

-Բան էր, պատահեց էլի, ինչ իմանամ: Դո՞ւ ոնց ես, հո շատ չե՞ս վախեցել հեռախոսազանգից:

-Վախենալն էն խոսքը չէ, իսկ հայրիկդ տեղյա՞կ է:

-Դեռ՝ ո՛չ:

-Չես ուզո՞ւմ զանգել:

-Որ հեռախոսս գտնես, կզանգեմ:

Հեռախոսը և մյուս անձնական իրերը դարակում էին: Ես տվեցի հեռախոսն ու նա խոսեց հոր հետ: Կես ժամ անց նա ևս հիվանդանոցում էր ու ինձ տեսնելով ՝բոլորովին չզարմացավ: Ես նայեցի Լեոյի դեմքին ու հասկացա, որ նա արդեն հասցրել էր հորը պատմել ամեն ինչ: Երբ դուրս եկա պալատից, որ նրանք խոսեն, և օգտվելով առիթից՝ զանգեցի մայրիկիս:

-Ալո՛, մա՛մ, ես կուշանամ, կամ գուցե գիշերը հիվանդանոցում մնամ, պապային էլ կասես հա՞:

-Ո՞նց թե կմնաս, չեմ հասկանում քեզ, Նարե՛, ո՞վ է այդ ընկերդ, որ պատրաստվում ես նրան խնամել:

-Մա՛մ, նա սովորական ընկեր չէ, ես… մենք ահագին ժամանակ է՝ ընկերություն ենք անում:

-Իսկ ինչո՞ւ ես չգիտեմ այդ մասին, ու հիմա այսպես պիտի իմանամ:

-Դե․․․ որովհետև չէի համարձակվում ասել, մա՛մ,-ապա մի քանի վայրկյան լռությունից հետո ավելացրեցի,- նա հայ չէ:

-Դա ի՞նչ կապ ունի, մարդ է ,չէ՞, սխալ բաներ ես անում, Նարե՛: Անպայման տուն կգաս, կխոսենք, հետո կորոշենք կարող ես մնալ ու խնամել նրան, թե՝ ո՛չ:

-Մա՛մ, ախր…,-նա թույլ չտվեց խոսել:

-Նարե՛, անպայմա՛ն տուն կգաս,-ամեն մի բառը շեշտելով ՝ասաց ու անջատեց հեռախոսը:

Տեսնելով, որ հայրը դուրս եկավ պալատից, փորձեցի ներս գնալ, բայց նա մոտեցավ ինձ.

-Աղջի՛կս, պիտի խնդրեմ մի քանի ժամ այստեղ մնաս, մինչև կինս կգա նրա մոտ:

-Խնդրելու կարիք չկա, պարոն Մուսաև, ես այստեղ կմնամ ՝որքան պետք է:

-Շնորհակալ եմ, աղջի՛կս,-հաճելի ժպիտով ասաց նա ու գնաց:

Իսկ ես անմիջապես մտա սենյակ ու պատմեցի մայրիկիս հետ ունեցած զրույցի մասին:

-Լավ է, որ այս վթարն էլ եղավ, թե չէ դու պատմողը չէիր: Ճիշտ է ասել մայրիկդ, մնում ես այստեղ ի՞նչ անես: Կգնաս տուն, կխոսեք, ու հենց ոտքի կանգնեմ, միանգամից ամուսնանում ենք:

-Հեշտ ես խոսում, ես որ պատկերացնում եմ մեր խոսակցությունը, ուզում եմ տուն չգնալ:

-Կարող ես իմ տուն գնալ միանգամից, ի՞նչ կասես,-սկսեց կատակել ու ծիծաղել իմ թթված դեմքի վրա:

-Շատ շնորհակալ եմ, ես մեր տուն կգնամ, փախնելով՝ հարց չի լուծվի, պիտի անեմ:

-Այ ապրի իմ խելացի աղջիկը: Հիմա, որ մի հատ էլ ջուր տաս ինձ, լրիվ հրաշք կդառնաս:

-Լավ էլ համոզում ես էլի, հիմա կբերեմ քո ջորը,-հազիվ մի փոքր ժպտալով՝ ասացի ու վեր կացա, որ ջուր տամ:

Եվս երկու ժամ մնացի նրա մոտ, որից հետո եկավ նրա հոր կինը՝ Ֆատիման, ու ես հրաժեշտ տվեցի նրանց: Դուրս եկա հիվանդանոցից, բայց տուն չէի շտապում: Վախենում էի սպասվելիք զրույցից, դրա համար էլ ճանապարհի կեսը ոտքով անցա: Սակայն ի վերջո տուն մտա այն պահին, երբ մայրիկս ընթրիքի սեղան էր պատրաստում, հայրիկս էլ նոր էր եկել աշխատանքից: Վերջինս մտածում էր, թե ես էլ եմ աշխատանքից եկել ու ոչ մի բան չկասկածելով՝ նստեց սեղանի մոտ, մենք էլ միացանք ու սկսեցինք սուս-փուս ընթրել: Բայց հանկարծ մայրս խախտեց այդ լռությունը:

-Նարե՛ ջան, հիմա լսում ենք քեզ:

-Ի՞նչ պիտի ասի Նարեն, Գոհա՛ր:

-Ինքը լավ գիտի,-ասաց մայրս ու հայացքը չէր կտրում ինձանից: Հայրս էլ սկսեց զարմացած ինձ նայել:

-Մա՛մ, պա՛պ, ես ընկեր ունեմ,-կարմրելով ու գլուխս կախ ՝ասացի ես:

-Ահա թե ի՜նչ,- ասաց հայրս ու մի փոքր խոժոռվեց: Մի կողմ հրեց ափսեն և մեկ ինձ էր նայում, մեկ մայրիկիս: -Հետո՞, ո՞վ է նա, ինչացո՞ւ է:

Միայն մի բան էի ուզում այդ պահին՝ փախչել: Բայց քանի որ հնարավոր չէր, բառեր էի փնտրում ՝նրան ներկայացնելու համար, բայց ձայնալարերս չէին ենթարկվում, ոչ մի կերպ չէի կարողանում խոսել:

-Դե՛, Նարե՛, ինչո՞ւ չես խոսում, ո՞վ է նա,-դեռևս հանգիստ տոնով կրկնեց հայրիկս:

-Նա իրավաբան է, խելացի ու շնորհքով մարդ…

-Հա՞յ է,-չթողնելով շարունակել՝ հարցրեց նա:

-Ո՛չ,-պատասխանեցի ես ու գիտակցելով, որ հիմա ռումբ է պայթելու, առժամանակ լռեցի:

-Իսկ ի՞նչ ազգ է, ֆրանսիացի՞,-արդեն խիստ տոնով հարցրեց հայրս, իսկ մայրս լուռ հետևում էր մեր խոսակցությանը: -Փաստորեն հայ չէ՜, կարո՞ղ է քրիստոնյա էլ չէ, ինչո՞ւ ես լռում, դե մի բան ասա:

-Դե համբերի, Արմե՛ն, կարող է՝ իրոք լավ տղա է, հիմա ի՞նչ անենք, որ հայ չէ,-փորձեց ինչ -որ կերպ հայրիկին հանգստացնել մայրս, բայց չհաջողվեց: Նա սաստող հայացքով նայեց մորս, ապա շրջվեց ինձ.

-Լսում ենք քեզ, Նարե՛:

-Պապ, Լեոն… նա կիսով չափ հայ է, նրա մայրը հայուհի է եղել:

Այս խոսքերս կարծես մի փոքր հանգստացրեցին նրան, բայց տագնապը դեռ կար, դա զգացվում էր նրա դեմքին, միանգամից երկու տագնապ կար նրա մեջ: Մի կողմից աղջկանից բաժանվելու վախը, մյուսն էլ՝ աղջկա ընտրյալի հայ չլինելու փաստը:

-Իսկ հա՞յրը,-վայրկյաններ անց հնչեց ինձ սարսափեցնող հարցը:

-Հայրը, նա փոքր ժամանակից այստեղ է ապրել,-սկսեցի մի փոքր հեռվից, որ մեղմացուցիչ հանգամանքներ գտնեմ ասելիքիս մեջ,-նա այստեղ է եկել Բաքվից:

Ես նայեցի հորս, ով նախ զարմացավ, հետո աչքերը արյունով լցվեցին, ու ես սպասում էի, որ հենց այս պահին դեմքիս կզգամ նրա առաջին ապտակը, սակայն այդ ապտակը բաժին հասավ սրտիս: Նրա աչքերում զայրույթ կար, ափսոսանք, ցավ: Նրա զարմանքն ու զայրույթն այնքան մեծ էին, որ նա ուղղակի դուրս եկավ խոհանոցից: Նա գնաց, որ չցավեցնի ինձ, նա գնաց, որ ինքն իր հետ կռիվ տա, գնաց ու դրանով ավելի շատ բան ասաց, քան կկարողանար ասել բառերով:

Ինքս էլ դուրս եկա խոհանոցից ու փակվեցի իմ սենյակում: Ես դողում էի հուզմունքից, հոգուս խորքում գիտակցում էի սխալս, բայց գիտակցում էի նաև, որ չեմ կարողանալու հրաժարվել նրանից:

Այդ օրը այլևս դուրս չեկա սենյակից և չխոսեցի մերոնց հետ, չխոսեցի նաև Լեոյի հետ: Առավոտյան, երբ պատրաստվում էի աշխատանքի գնալ, հայրս կանչեց ու մի փոքր հանգստացած, բայց հազիվ բարկությունը զսպելով՝ ասաց.

-Հուսով եմ՝ գիտակցում ես սխալդ:

Ես պատասխան չունեի, ուստի ուղղակի կախեցի գլուխս ու լռեցի: Իսկ նա խոր հոգոց հանեց ու դուրս եկավ տնից:

-Նարե՛, հուսամ հիմարություններ չես անի,-գլուխս շոյելով ՝ասաց մայրս:

Ես փաթաթվեցի նրան՝ կրկին չիմանալով ինչ ասել ,ու հոգուս խռովքը մեղմելու համար ազատություն

տվեցի արցունքներիս: Մայրիկս նույնպես լաց եղավ ինձ հետ.

-Բալե՛ս, ախր խելացի աղջիկ ես, ո՞նց կարող էիր նման հիմար քայլ անել: Դու չգիտե՞ս՝ ովքեր են դրանք, ինչերի են ընդունակ, ախր ինչո՞ւ նման բան արեցիր, որ հիմա հա՛մ դու ես տանջվում, հա՛մ մեզ տանջում:

-Մա՛մ, ես պայքարում էի, բայց չկարողացա…

-Պիտի կարողանաս, Նարե՛, պիտի կարողանաս, այլ տարբերակ չկա: Հայրդ նրան չի ընդունի, ես էլ եմ դեմ: Հետո հաստատ փոշմանելու ես: Չենք ուզում, որ ուշ լինի, հասկացի՛ր, բալե՛ս, մենք քո լավն ենք ուզում:

-Ուշանում եմ, մա՛մ,-ու այլևս բան չասելով՝ համբուրեցի նրան ու դուրս եկա տնից:

***

Թե ինչ էր կատարվում ինձ հետ, դժվար է նկարագրել բառերով: Երկու համազոր փաստարկ, երկու համազոր զգացումներ, որոնց պայքարըը ինձ խենթացնում էր: Մի կողմից նա, ում սիրում էի անկեղծ սիրով, և ինձ համար նա ուղղակի անձնավորություն էր, ով չէր պատկանում ոչ մի ազգության, իսկ մյուս կողմից ազգային արժանապատվությունն ու պատմության խորքից լսվող ձայները, որոնք հորդորում էին հեռու մնալ: Ես քայլում էի, բայց այնքան ցրված էին մտքերս, որ քայլում էի լրիվ հակառակ ուղղությամբ, և ուշքի եկա հեռախոսիս ձայնից. Լեոն էր.

-Նար, բարև՛, ո՞ւր ես կորել երեկվանից, խոսեցի՞ր ձերոնց հետ,-առանց մի պատասխանը ստանալու՝ շարունակում էր հարցեր տալ,-ե՞րբ կգաս ինձ տեսակցության:

-Բարև՛: Հա՛, խոսել եմ: Հիմա աշխատանքի եմ գնում, հետո կգամ քեզ մոտ,-պատասխանեցի՝ փորձելով հնարավորինս բնական լինել ու թաքցնել հուզմունքս, սակայն նա զգաց:

-Տխո՞ւր ես, վա՞տ է անցել խոսակցությունը: Արի ինձ մոտ, մի՛ գնա աշխատանքի, ես կզանգեմ, շո՛ւտ հիվանդանոց արի, խնդրում եմ:

-Չէ՛, Լե՛ո, ամեն բան լավ է, կգնամ նախ սրահ, հետո շուտ դուրս կգամ ու քեզ մոտ կգամ:

-Լա՛վ, արա՝ ոնց գիտես, բայց մեկ է, մի բան այն չէ, դու քեզ նման չես: Կսպասեմ քեզ:

Առանց որևէ բան ասելու ՝անջատեցի հեռախոսը և, նստելով առաջին պատահած տաքսին, շտապեցի սրահ: Մի քանի ժամ մնացի այնտեղ, ու անընդհատ մտածում էի հետագա անելիքներիս մասին: Ինչպե՞ս ասել նրան, որ ամեն բան պետք է վերջացնել, ինչպե՞ս մոռանալ նրան, ինչպե՞ս ցավեցնել նրան,

այն էլ այս վիճակում: Ի վերջո որոշեցի միանգամից ոչինչ չասել, այլ կամաց-կամաց «սառել» նրա հանդեպ, թեկուզ ոչ իմ կամքով և այնպես անել, որ նա էլ սկսի սառել իմ հանդեպ: Աշխատանքից 2 ժամ շուտ դուրս եկա, որ կարողանամ հիվանդանոց գնալ, քանզի այլ պարագայում մերոնք կկասկածեին, եթե ուշանամ: Փորձեցի գոնե արհեստական ժպիտով մտնել նրա մոտ, բայց աչքերս միանգամից մատնեցին ինձ:

-Նարե՛, պատմիր տեսնեմ՝ ո՞նց է անցել ձեր խոսակցությունը, ի՞նչ են ասել, լացել ես չէ՞: Պատմի՛ր, շո՛ւտ արա,-չէի էլ հասցրել նստել, երբ հնչեցին նրա հարցերը:

-Հա՛, խոսել եմ ու… ու ոչ մի լավ բան, ինչպես որ ակնկալում էի:

-Այսինքն՝ չեն ուզո՞ւմ, որ մենք շփվենք:

-Չէ՛,-առանց նրան նայելու հազիվ լսելի ձայնով ասացի ես:

-Իսկ դո՞ւ, Նարե՛, դո՞ւ ինչ ես ուզում, համաձա՞յն ես, կլքե՞ս ինձ հանուն ազգայնամոլական գաղափարների,-տեղից ձգվելով ու ինձ հնարավորինս մոտ գալ փորձելով՝ հուզվեց նա:

-Ես չեմ ուզում, բայց…

-Բայց կլքե՞ս,-այնքան հուզված էր, որ սկսեց դողալ, շունչը պահած ՝սպասում էր պատասխանիս: Այդ պահին ուրիշ ոչինչ չէր մնում անել, քան ասել.

-Չէ՛, չեմ լքելու, քեզ հետ եմ մնալու:

Այնպիսի ցնծության մեջ էր, որ չգիտեր՝ ուրախությունն ինչպես արտահայտել: Բռնել էր ձեռքերս ու համբուրում էր անհագորեն, ապա փաթաթվեց, հետո նորից բռնեց ձեռքերս ու շարունակեց համբուրել:

-Շնորհակալ եմ, ի՛մ Նարե, շնորհակալ եմ: Ա՛յ, կտեսնես, որ շուտով նրանք էլ կհասկանան, որ ես քեզ կարող եմ երջանկացնել:

Ի տարբերություն նրա, իմ ժպիտի տակ լաց էր թաքնված: Ես արդեն որոշել էի ու պիտի հետ չկանգնեի որոշումիցս: Ժպտում էի, բայց փոխարենը կուզեի գոռալ անզորությունից ու սրտիս անասելի ցավից:

***

Արդեն մոտ մեկ շաբաթ էր, ինչ ես ամեն օր աշխատանքից մեկ-երկու ժամ շուտ էի դուրս գալիս և այցելում նրան հիվանդանոցում, մինչև որ դուրս գրվեց: Բայց նրան խնամք էր պետք նաև տանը, այդ իսկ պատճառով տեղափոխվեց հոր տուն: Ես չէի այցելում նրան՝պատճառաբանելով, որ ամաչում եմ

գնալ իրենց տուն, և շփվում էինք միայն հեռախոսով, այն էլ՝ կարճ ժամանակով: Բայց չնայած իմ այս ջանքերին ՝ զգացմունքներս չէին ուզում տեղի տալ․ այն, ինչ զգում էի նրա հանդեպ, անփոփոխ էր:

Եվս երկու շաբաթ անց նա գրեթե ապաքինված էր, և մենք հանդիպեցինք սրահում: Լեոյի այցը շատ անսպասելի էր, բայց և հաճելի, քանզի կարոտը խեղդում էր արդեն: Սովորականի նման բարևեց բոլորիս, ապա դանդաղ մոտեցավ ինձ. կաղում էր մի քիչ: Փորձեց փաթաթվել, բայց ես հետ քաշվեցի՝ աչքերով ցույց տալով աշխատողներին: Նա թեքվեց, նայեց նրանց,կարծես նոր տեսավ, հետո քմծիծաղ տվեց:

-Աշխատանքային օրն ավարտվում է արդեն, գնա՞նք մի տեղ:

-Չգիտեմ, կհասցնե՞նք արդյոք, ես չեմ կարող ուշ տուն գնալ, գիտես, որ մերոնք կբարկանան,-ապա միանգամից ավելացրեցի,-ուրախ եմ, որ արդեն կարողանում ես ինքնուրույն քայլել, ու վատ էլ չի ստացվում մոտդ:

-Գուցե միասի՞ն գնանք ձեր տուն, ու ես ինքս խոսեմ նրանց հետ: Կարծում եմ՝ այդպես ավելի ճիշտ կլինի:

-Չէ՛, չէ՛,-կտրականապես մերժեցի նրան,-դա չլինող բան է, նրանք չեն փորձի նույնիսկ լսել:

-Ուրեմն վիճակն այդքա՜ն բարդ է,-կարծես ինքն իրեն ասաց նա ու ավելացրեց,-լա՛վ, բա հիմա ի՞նչ ես առաջարկում, որքա՞ն պիտի սպասենք, ի՞նչ է լինելու մեր վերջը, ողջ կյանքում պիտի թաքո՞ւն հանդիպենք, թե՞ այլ առաջարկ ունես,-վերջին բառերը հնչեցին լիովին այլ կերպ՝ ենթադրելով, որ եթե նոր առաջարկ կա, միանշանակ պիտի բաժանումը լինի:

-Չգիտե՛մ, Լե՛ո, չգիտե՛մ… արի մի քիչ էլ սպասենք, գուցե մի բան կփոխվի:

-Մե՛նք պիտի փոխենք, Նարե՛, սպասելով ոչինչ չի լինի, ու գիտե՞ս՝ ինչ, ես հենց հիմա քեզ հետ գալիս եմ ձեր տուն:

-Բայց չեն լսի, հիմա չէ…

-Կա՛մ հիմա, կա՛մ երբեք, պատրաստվի՛ր, գնում ենք,-կտրուկ ասաց իրենն ու մոտենալով պահարանին՝ հանեց վերարկուս: Ես հագա՝ հույս ունենալով, որ ճանապարհին կկարողանամ համոզել նրան հետ կանգնել այդ չարաբաստիկ մտքից, բայց նա անդրդվելի էր:

Դեպի տուն տանող աստիճանները նմանվեցին Էյֆելյան աշտարակի անվերջանալի թվացող աստիճաններին, որոնք այդպես էլ չկարողացա մինչև վերջ բարձրանալ, բայց տան աստիճանները բարձրանալը որքան էլ դժվար, նույնքան էլ արագ ստացվեց: Չգիտեմ՝ ինչու, կտրականապես չմերժեցի

նրան: Գուցե նրա համար, որ հոգուս մի անկյունում թաքուն հույս էի փայփայում, թե մի բան կստացվի, ու նա կկարողանա համոզել ծնողներիս, չնայած, որ դա ֆանտաստիկ ժանրի երազանք էր: Դռան մոտ մեկ անգամ էլ խնդրեցի նրան չանել այդ բանը, բայց նա կրկին չլսեց.

-Արդեն այստեղ ենք, մի՛ վախեցիր, հաստատ զոհեր չեն լինի, ընդամենը խոսելու ենք, և վերջ: Սեղմի՛ր զանգը, թե՞ ես անեմ:

-Ես բանալի ունեմ, բայց, միևնույնն է, այս ամենը իմ սրտով չէ,-ասացի ու բացեցի դուռը:

Ծնողներս արդեն տանն էին ու ինձ էին սպասում, որ ընթրենք: Լսելով դռան ձայնը՝ մայրս առանց նայելու խոհանոցից բացականչեց.

-Արագ լվացվիր ու համեցիր, օրիո՛րդ, լցնում եմ ճաշդ:

Մենք սիրում էինք մեկս մյուսին օրիորդ, տիկին կամ պարոն ասել երբեմն, երբ բարձր տրամադրություն էինք ունենում ու կատակելու հավես: Շատ ափսոսեցի, որ շուտով պիտի փչացնեի նրանց տրամադրությունը:

-Ես մենակ չեմ, մա՛մ,-արդեն դողացող ձայնով ասացի ես ու կամաց-կամաց սկսեցի քայլել դեպ խոհանոց: Լեոն մնաց միջանցքում կանգնած: Ծնողներս դուրս եկան ու տեսնելով նրան՝ հայացքները ինձ ուղղեցին։

-Նա Լեոն է, ցանկանում էր խոսել ձեզ հետ, ու ես չկարողացա հակառակում համոզել:

Զգում էի, որ հայրս հազիվ է զսպում իրեն, քաղաքավարությունից դրդված, որ չգոռա կամ գուցե ծեծելով դուրս չհանի նրան տնից, բայց հակառակ դրան՝ նա ասաց.

-Նե՛րս գնանք,-ու ցույց տալով հյուրասենյակի դուռը՝ առաջ անցավ:

Նրանք ներս մտան, իսկ մենք մնացինք միջանցքում կանգնած: Դողում էինք երկուսս էլ՝ չիմանալով ինչ սպասել այդ խոսակցությունից: Չէինք խոսում, նույնիսկ պայուսակս էր ուսիս: Նրանց խոսակցությունը գրեթե չէր լսվում, խոսում էին հանգիստ ու կամաց, որը մի փոքր հանգստացրեց մեզ, ու ես կարողացա հանել վերարկուս, ապա ջուր խմեցի հանգստանալու համար, և էլի լարված սպասում էինք, թե հիմա պայթյուն կլինի, գոռոցներ ու նման բաներ, բայց ինչպիսի զարմանք ապրեցինք, երբ հայրս մեզ հյուրասենյակ կանչեց:

Ներս մտնելուն պես նկատեցի Լեոյի հրճվանքը, որը նա հազիվ էր կարողանում թաքցնել թեթև ժպիտի տակ, ինչպես նաև հայրիկիս մտահոգ, բայց բավականին հանգիստ դեմքի արտահայտությունը: Երբ նստեցինք նրանց դիմաց, նա ասաց.-Ես այլևս չեմ արգելելու ձեզ հանդիպել, Նարե՛, բայց մի պայմանով, որի մասին արդեն խոսել եմ Լեոյի հետ, հիմա էլ քեզ եմ ասում, ամուսնության մասին դեռ ոչ մի խոսք չի կարող լինել: Ես ևս ուզում եմ ճանաչել նրան ու իր ընտանիքին, բացի այդ շտապել պետք չէ, դեռ ջահել եք, դրա ժամանակն էլ կգա,-ապա չսպասելով պատասխանի՝ ավելացրեց,-դե, իսկ հիմա գնանք միասին հաց ուտելու:-Շնորհակալ եմ առաջարկի համար, բայց ես պիտի գնամ, ուշ է արդեն, համ էլ դեղեր պիտի ընդունեմ,-ասաց Լեոն, ապա ավելացրեց,-կրկին շնորհակալ եմ մեզ հասկանալու և հնարավորություն տալու համար, խոստանում եմ՝ չեք փոշմանի դրա համար:-Տեսնե՛նք, տեսնե՛նք,-դեռևս թերահավատորեն ասաց հայրիկս և այլևս չպնդեց, որ նա մնա:Լեոն հրաժեշտ տվեց նրանց ու դուրս եկավ միջանցք, ես հետևեցի նրան, որպեսզի ճանապարհեմ: Մենք դուրս եկանք շքամուտք,ամուր գրկեց ինձ ու այլևս հույզերը չզսպելով՝ լայն ժպտաց.-Տեսա՞ր, որ ամեն ինչ շատ լավ ստացվեց, իսկ դու դողում էիր, վախկոտի՛կ:-Բայց ինչպե՞ս կարողացար համոզել,-դեռևս կատարվածին չհավատալով՝ հարցրեցի ես:-Իսկ դա «պետական գաղտնիք» է, օրիո՛րդ,-կրկին կատակեց նա, ապա նորից փաթաթվեց:Ես չպատասխանեցի նրան և հրաժեշտ տվեցի: Այս ամենի համար միայն մեկ բացատրություն ունեի՝ հայրիկիս վրա իրենց ազդեցությունն էին թողել այստեղ գտնվելու տարիները:***Ամբողջ ձմեռ մենք շարունակում էինք շփվել, հաճախ հանդիպել: Հանդիպում էինք նաև մեր տանը, որ ծնողներս ևս հնարավորություն ունենան շփվելու նրա հետ: Հետո ես գնացի նրանց տուն ու ծանոթացա նրա փոքրիկ քրոջ հետ: Մի խոսքով ՝ամեն բան այնքան հարթ էր ընթանում, որ մենք որոշեցինք ապրիլի 2-ին նշանվել, քանզի այդ օրը լրանում էր Լեոյի 30-ամյակը:Արդեն գարուն էր: Հերթական անգամ հավաքվել էինք մեր տանը, եկել էր նաև Լեոյի հայրը, և միասին նշանադրության հարցերն էինք քննարկում: Բուռն քննարկման ժամանակ հանկարծ զանգ եկավ Լեոյին, նա նայեց հեռախոսին, ասաց՝ եղբայրս է, ու դուս եկավ միջանցք, որ խոսի: Տրամադրությունը շատ բարձր էր, երբ գնաց, բայց երբ վերադարձավ, մռայլ էր ու մտահոգ: Երբ հարցրեցի, թե ինչ է պատահել, նա չպատասխանեց, ավելի շուտ՝ չցանկացավ ասել պատճառը։Այդ օրվանից սկսած նա փոխվեց: Միշտ մտախոհ էր, մտազբաղ ու իմ հարցերին միշտ պատասխանում էր, թե ամեն բան լավ է ,որ ինձ միայն թվում է․․․:Նշանադրության նախօրեին՝ ապրիլի 1-ին, որոշել էինք հանդիպել սրճարանում: Պայմանավորված ժամին ես տեղում էի, բայց նա ուշանում էր: Մինչ այս՝երբեք նման բան չէր եղել: Փորձեցի զանգել, բայց հեռախոսը զբաղված էր: Վերջին օրերի լարվածությունը, նրա տարօրինակ պահվածքը սկսել էին անհանգստացնել ինձ, իսկ այս ուշացումը կրկնապատկեց տագնապներս: Վերջապես պատուհանից տեսա նրան՝ փողոցի մյուս կողմում: Նա անցնում էր փողոցը՝ հեռախոսով ինչ- որ մեկի հետ խոսելով, ավելի ճիշտ կլինի ասել ՝ինչ որ մեկի հետ վիճելով, քանզի ձեռքի շարժումներից ու դիմախաղից պարզ երևում էր նրա զայրույթը: Մտավ սրճարան, փորձելով փոխել տրամադրությունը, բայց չստացվեց, այս անգամ չափից շատ էր վրդովված: Ես չխոսեցի՝ սպասելով, որ նա սկսի: Րոպեներ տևած լռությունից հետո նա սուրճ պատվիրեց, ապա նայելով աչքերիս մեջ ՝հարցրեց.-Ասա՛, որ աշխարհում ոչինչ մեզ չի կարող բաժանել:-Ի՞նչ է պատահել, Լե՛ո,-հարցին հարցով պատասխանեցի ես՝ ահավոր անհանգստացած:-Ոչի՛նչ, ուղղակի ասա, որ ինչ էլ լինի, մեզ վրա չի ազդելու, ու մենք միասին ենք լինելու:-Հանգստացի՛ր, Լե՛ո, դու սկսում ես դողալ, վախեցնում ես արդեն: Ասա ինձ խնդրում եմ, ի՞նչ է կատարվում քեզ հետ, խնդիրների մե՞ջ ես ընկել, վստահի՛ր ինձ, կիսվի՛ր, միասին կլուծենք ամեն ինչ, ախր տեսնում եմ չէ՞, որ ուրիշ ես:-Գրկի՛ր ինձ, խնդրում եմ,-նա մոտեցավ, նստեց կողքիս ու փաթաթվեց՝ գլուխը ուսիս դնելով:-Երանի Բաբելոնում չփորձեին աշտարակ կառուցել,-կամաց ասաց նա, կարծես բարձրաձայն մտածում էր:-Բաբելոնն ինչո՞ւ հիշեցիր,-այդ ժամանակ ոչինչ չկասկածելով ՝հարցրեցի ես:-Ուղղակի այսօր հոդված էի կարդացել, երևի դրա համար,-կրկին ստելով՝ հարթեց իրավիճակը: Մենք զրուցեցինք, նա մի փոքր հանգստացավ, ապա ինձ տուն տարավ, ինքն էլ շտապեց տուն, որ հանգստանա, որովհետև հաջորդ օրը բախտորոշ էր լինելու մեզ համար:

Comentarios


Новости

Дня

© 2016 <<Новости Дня

bottom of page