top of page

Դու իմ մակարդակին չես, տեղդ իմացիր. Էրդողանը՝ Իրաքի վարչապետին/tert.am

  • Zohrap Amiryan
  • 11 окт. 2016 г.
  • 1 мин. чтения

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է Իրաքի խորհրդարանում իր հասցեին հնչած քննադատություններին և հայտարարել, որ Իրաքի վարչապետն իր մակարդակը չունի: Այս մասին գրում է թուրքական «Միլլիյեթ» թերթը:

«Հիմա ինձ է անպատվում... Դու իմ զրուցակիցը չես, դու իմ մակարդակին չես, իմ որակին չես: Մենք անելու ենք մեր իմացածը: Ո՞վ է այդ Իրաքի վարչապետը... Տեղդ իմացիր: Թուրքական բանակը քեզանից թույլտվություն չի հարցնելու»,- հայտարարել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ Իրաքի խորհրդարանը հոկտեմբերի 4-ին որոշում է ընդունել, որով երկրի Մոսուլ նահանգում թուրքական ԶՈՒ-ի իրականացնելիք ռազմական գործողություններն «անօրինական» են համարվում:

Հոկտեմբերի 5-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ անկախ Իրաքի խորհրդարանի որոշումից` թուրքական ԶՈՒ-ն կմասնակցի Մոսուլի գործողությանը:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ իրենք պատրաստ են ԱՄՆ-ի հետ համատեղ գործողություններ իրականացնել «Իսլամական պետություն» խմբավորման կենտրոն համարվող սիրիական Ռաքքա քաղաքում, ինչից հետո, ամենայն հավանականությամբ, թուրքական ԶՈՒ-ի թիրախում կհայտնվի իրաքյան Մոսուլ քաղաքը, որն Իրաքում ամենամեծ նավթային պաշարներն ունեցող կենտրոններից մեկն է և 2014թ.-ի հունիսի 10-ից գտնվում է ԻՊ-ի հսկողության տակ:

Թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք, իրենց իսկ խոսքով, «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակում:

http://www.tert.am/am/news/2016/10/11/erdoghan/2159845

Comentarios


bottom of page