Ինչ է քութեշը և որոնք են դրա ախտանշաններն ու կանխարգելման միջոցները/med.tert.am
- Zohrap Amiryan
- 10 окт. 2016 г.
- 2 мин. чтения

Քութեշը սուր վարակիչ հիվանդություն է, որը բնորոշվում է տենդով, ընդհանուր ինտոքսիկացիայով, անգիանյով և առատ մանր կետավոր ցանով, որը աստիճանաբար տարածվում է ամբողջ մարմնով: Ավելի հաճախ հիվանդանում են 2-10 տարեկան երեխաները: Քութեշի ժամանակ վարակի աղբյուր է հանդիսանում հիվանդը կամ վարակակիրը: Վարակի փոխանցման հիմանական ճանապարհը օդակաթիլայինն է: Հիվանդը վարակիչ է համարվում սկսած հիվանդության առաջին ժամերից: Հարուցիչները արտաքին միջավայր են արտազատվում բկանցքի, քիթըմպանի լորձաթաղանթի արտազատուկներով: Հարուցիչները կարող են գտնվել նաև տարբեր բաց թարախային օջախների (օտիտ, սինուսիտ, թարախային լիմֆադենիտներ և այլն) արտազատուկներում: Հիվանդը վարակիչ է հիվանդության ողջ ընթացքում: Հիվանդի վարակելիությունը կախաված չէ հիվանդության ընթացքի ծանրության աստիճանից:
Թեթև ձևերը նույնքան վարակիչ են, որքան ծանրերը: Քութեշի համաճարակաբանության մեջ կարևոր գործոն է հանդիսանում հիվանդության ջնջված ձևերը, որոնք ընթանում են ոչ լրիվ կամ թույլ արտահայտված կլինիկական արտահայտումներով: Հատուկ նշանակություն ունեն քութեշի այն ձևերը, որոնք ընթանում են կատարալ կամ լակունար անգինայի տեսքով: Անգինաները հաճախ հանդիսանում են քութեշի ուղեկիցներ: Քութեշով հնարավոր վարակումը օդի միջոցով տեղի է ունենում հիվանդի հետ սերտ շփման պայմաններում: Քութեշի ժամանակ վարակի մուտքի դուռ է հանդիսանում բկանցքի և ըմպանի լորձաթաղանթը, որտեղ առաջանում է վարակի առաջնային օջախ: Անձինք որոնք հիվանդացել են քութեշով, նույնիսկ թեթև կամ ատիպիկ ձևով ձեռք են բերում հետվարակային կայուն անընկալություն:
Ընկալունակությունը քութեշի նկատմամբ զգալիորեն տատանվում է տարբեր տարիքային խմբերում, ավելի հաճախ հիվանդանում են 2-7 տարեկան երեխաները, 15 տարեկանից բարձր և մեծերի շրջանում քութեշը հազվադեպ է հանդիպում: Քութեշով հիվանդացության բարձրացման մեջ առավել մեծ դեր են խաղում սոցալ-կենցաղային գործոնները՝ բնակարանային պայմանները, միգրացիան, կենցաղի պայմանները, բնակչության ընդհանուր և սանիտարական մակարդակը, մարդկանց միջև շփման ձևերը և այլն:
Քութեշի ժամանակ գաղտնի շրջանը տևում է միջինը 2-7 օր, այն կարող է կրճատվել մինչև 1 օր և նույնիսկ մի քանի ժամ և երկարաձգվել մինչև 12 օր:
Հիվանդության սկիզբը սուր է, անսպասելի: Այն արտահայտվում է ջերմության արագ բարձրացումով: Միաժամանակ ի հայտ են գալիս տկարությունը, թուլությունը, տախիկարդիան: Երեխան թնգթնգում է, ուզում է պառկել, բողոքում է գլխացավից: Ջերմության բարձրացման հետ միասին կամ մի քանի ժամից ի հայտ է գալիս ցավ կլման ժամանակ: Բկանցքի դիտարկման ժամանակ հայտնաբերվում է անգինա՝ փափուկ քիմքի և նշիկների լորձաթաղանթի վառ հիպերեմիա, երբեմն փառ նշիկների վրա: Հաճախ սկզբնական ախտանշան է հանդիսանում փսխումը՝ ինտոքսիկացիայի ախտանշաններից մեկը: Ծանր տոքսիկոզի ժամանակ փսխումը հաճախակի է, երբեմն նկատվում է փորլուծություն: Հիվանդության առաջին օրվանից, ավելի հազվադեպ 2 օրվանից կամ ավելի ուշ ի հայտ է գալիս վառ-վարդագույն կամ կարմիր մանր ցան: Առաջին օրվա վերջում կամ երկրորդ օրը հիվանդության ախտանշանները արտահայտված են ամբողջովին: Տենդային ռեակցիայի արտահայտվածությունը իրենից ներկայացնում է ինտոքսիկացիայի աստիճանի ցուցանիշ: Ջերմության բարձրացումը սովորաբար տեղի է ունենում արագ՝ արդեն իսկ հիվանդության առաջին ժամերին կարող է հասնել բաձր ցուցանիշների (39-40°C):
Կանխարգելիչ միջոցառումները՝ քութեշի ժամանակ հիվանդին անհրաժեշտ է մեկուսացնել, սահմանափակել շփումը հիվանդի հետ, անհրաժեշտ է առանձնացնել հիվանդի սպասքեղենը ընդհանուրից և օգտագործումից հետո պարտադիր ենթարկել ախտահանման:
Քութեշի դեմ կանխարգելիչ պատվաստանյութ դեռ չկա:
Նյութի աղբյուրը՝ NCDC, Armenia / Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոն
http://med.tert.am/am/news/2016/10/10/qutesh/24434
Kommentare