top of page

Ինչու՞ հայ Գրինչը երևանցիներից խլեց ստորգետնյա քաղաքը/armeniasputnik.am

  • Zohrap Amiryan
  • 11 окт. 2016 г.
  • 2 мин. чтения

Հայաստանի գլխավոր հրապարակը հայտնի է վարդագույն տուֆից կառուցված շենքերով, սակայն քչերը գիտեն, որ հրապարակի տակ XVII դարի մի մեծ քաղաք է թաքնված: Sputnik Արմենիան կպատմի այն մասին, թե ինչու է քաղաքն այսօր ասֆալտապատված և ինչ շինություններ են այնտեղ հայտնաբերվել: Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա. 2003 թվականին Հանրապետության հրապարակի վերանորոգման ժամանակ ստորգետնյա քաղաք հայտնաբերվեց, որն անցնում էր Աբովյան, Ամիրյան փողոցների, հրապարակի տակով և հասնում հին Կոնդի տարածք: Սակայն հենց նույն տարում էլ ստորգետնյա քաղաքի վրա ցեմենտ լցվեց ու ասֆալտապատվեց: «Հրապարակի տակ մենք շինություններ հայտնաբերեցինք, որոնք կրկնում էին հին հայկական Ուրարտու պետության ճարտարապետությունը: Ուսումնասիրությունների արդյունքում պարզ դարձավ, որ շինությունների վերնահարկերը փլվել էին XVII դարի երկրաշարժի պատճառով», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց հնագետ, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի պատմական գիտությունների թեկնածու Ֆրինա Բաբայանը:Նրա խոսքով` հայտնաբերվել էին 4.5 մետր բարձրություն ունեցող սենյակներ, որոնք միմյանց էին միանում ներքին կամարներով կամ դռներով: Շենքի հիմքն այնքան ամուր էր, որ երկրաշարժից հետո տանտերերը շարունակել են ապրել չքանդված հարկերում: «Ես երեք սենյակ հայտնաբերեցի, որոնք միմյանց էին կապվում կամարներով, սենյակներն անչափ ամուր հատակ ունեին: Սակայն մեզ ընդամնեը 12 օր հատկացրին պեղումների համար», — պատմեց Բաբայանը: Նա նշեց, որ այդքան կարճ ժամանակում հնարավոր չէր ամբողջությամբ ուսումնասիրել տեղանքը: Սակայն իշխանություններն ուզում էին արագ ավարտին հասցնել մայրաքաղաքի գլխավոր հրապարակի վերանորոգման աշխատանքները: «Այն ժամանակ որևէ մեկին դուր չէր գա, որ այնտեղ հնագիտական օբյեկտ բացվեր, բոլորի համար դա բեռ էր, և մենք գործի ընթացքում արհեստական դժվարությունների էինք բախվում», — ասաց Բաբայանը: Ու այդպես էլ մոռացվեցին սև և կարմիր տուֆի համադրությամբ ստեղծված նկուղային շինության կամարաձև առաստաղների մնացորդները:

«Մեզնից կախված ամեն ինչ արեցինք: Սակայն արժեքավոր հին հուշարձանները ասֆալտեցին, որպեսզի դրանք մի օր գտնեն հաջորդ սերնդի ներկայացուցիչները», — ասաց հնագետը՝ նշելով, որ իրենց հայտարարվեց, որ պեղումները կարող են շարունակվել միայն այն ժամանակ, երբ նրանք հովանավոր գտնեն: Մերժեցին նաև հնագետների առաջարկը` մուտք բացել դեպի ստորգետնյա թաքնված քաղաք: Բողոքի նոր ալիք բարձրացավ այն ժամանակ, երբ վաճառվեց հրապարակում գտնվող ԱԳՆ-ի շենքը: Նոր սեփականատերը որոշել էր քանդել ստորգետնյա շինությունները, որպեսզի ավտոկայանատեղի կառուցի: Պատմական հուշարձանների փլուզումը հաջողվեց կասեցնել միայն տեղի բնակչության բողոքների շնորհիվ: «Երբ մենք ասացինք, որ այդտեղ չի կարելի ավտոկայանատեղի կառուցել, սկսեցին վիրավորել մեզ: Ի դեպ, Հյուսիսային պողոտայում էլ չէր կարելի իրար այդքան մոտ շենքեր կառուցել, որովհետև այդտեղ սեյսմիկ ակտիվ գոտի է», — ասաց նա: Բաբայանն ընդգծեց, որ արդեն հոգնել է նույնը կրկնելուց և չհասկացված լինելուց: Անշունչ շինություններից հոգնել են նաև տեղի բնակիչները, որոնք Երևանի 2798-ամյակը տոնելու են առանց հին քաղաքի սալարկված փողոցների, տրամվայի գծերի, շքեղ այգիների, ճարտարապետական արժեք ներկայացնող հին տների: Read more: http://armeniasputnik.am/armenia/20161008/5108290/hraparak-qaxaq.html

Comments


bottom of page