Կա Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման ռեալ համաձայնություն․ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մամուլի ք
- Zohrap Amiryan
- 12 окт. 2016 г.
- 2 мин. чтения

Արդեն տևական ժամանակ է, որ Հայաստանի կառավարությունն աշխատանքներ է տանում Իրանի հետ երկաթուղային գծեր անցկացնելու ուղղությամբ, Թեհրանում կազմակերպված «Հայաստան էքսպո»-ի շրջանակներում «Հարավկովկասյան երկաթուղի» ՍՊԸ-ի ներկայացվածությունն էլ ավելի առարկայական է դարձրել համագործակցության հնարավորությունը․ Tert.am-ի հետ զրույցում այսպես ասաց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Վարդան Ալոյանը: «Ցուցահանդեսի շրջանակներում Իրանի տրանսպորտի և կապի փոխնախարարի հետ ենք հանդիպել, մոտ երեք ժամանոց խորհրդակցություն է եղել, շուտով նաև Իրանից պատվիրակություն պետք է գա Երևան Հայաստան-Իրան երկաթգծի ծրագրի իրականացման նախագիծը քննարկելու»,- ասաց նա՝ մատնանշելով, որ Հայաստանի պետական շրջանակներն են իրենց ձեռքը վերցրել երկաթգիծ անկացնելու ծրագրի իրականացման նախաձեռնությունը: Վարդան Ալոյանը նշեց, որ հետաքրքրական էր, որ Թեհրանում բոլորն էին հետաքրքրված երկաթգծի կառուցման հեռանկարով: «Բազմաթիվ գործարարներ, տրանսպորտի և կապի ոլորտի ներկայացուցիչները հետաքրքրվում էին, թե երկաթգիծ լինելո՞Ւ է, թե՝ ոչ, ե՞րբ է լինելու: Պարզվում է, որ այդ հարցը ոչ միայն մեզ, այլ նաև իրենց է հետաքրքրում»,- ասաց նա: Ըստ նրա՝ երկաթգիծ անցկացնելու գաղափարն իրանցիներին գրավում է, քանի որ այդ ճանապարհը, որպես այլ շուկաներ դուրս գալու միջոց, ավելի անվտանգ և շահավետ է: «Մեր մոտից ավելի արագ կստացվի բեռնափոխադրումներ տեղափոխելը, քան Եվրոպայից Բանդար Աբաս հասնելը»,- ասաց նա։ Վարդան Ալոյանը նշեց, որ Հայաստանի գլխավոր նպատակն է միանալ Իրանի հյուսիսին, և ամեն ինչ արվում է դա իրականություն դարձնելու համար: «Մենք արդեն վրացիների հետ բանակցել ենք, որ հենց տարանցիկ բեռնափոխադրումների համար գներն իջեցնեն, որ մենք էլ մրցակցային լինենք: Վրացիներին էլ է դա ձեռնտու․բեռնափոխադրումներն իրենց նավահանգիստ են գալու»,- ասաց նա: Ըստ Վարդան Ալոյանի՝ արդեն պետական կառույցները պետք է որոշ տեխնիկական հարցեր լուծեն․«Խոսք է գնում այն արագության մասին, որ եթե պետք է, իրանցի գործարարին, օրինակ՝ մաքսային ծառայությունում արագ սպասարկեն: Հիմա արդեն նախապատրաստական նմանատիպ հարցերով ենք զբաղված»: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ներկայացուցիչը հաստատեց, որ կա երկաթգիծը կառուցելու ռեալ համաձայնություն, հիմա էլ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ: «Դեռ անցած տարի դեսպանը եկավ մեզ մոտ, տեսավ՝ ինչ կա, ինչ չկա»: Չբացելով շատ փակագծեր՝ նա նշեց, որ կարծես նախկինում եղած խնդիրները, որոնք պատճառ էին դառնում, որ ծրագիրը չկայանա, հիմա չկան: «Արդեն մնում է, որ պետությունը զբաղվի երկաթգծի կառուցման աշխատանքներով: Տարիներ կտևեն, բայց այդ ընթացքում մենք կարող ենք նաև հասկանալ իրանցիների ցանկությունները, հետաքրքրությունները,֊ ասաց Վարդան Ալոյանը՝ ավելացնելով, որ այս ծրագրի իրագործման մեջ ամենաշահագրգռվածներից է հենց «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը:
Հռիփսիմե Հովհաննիսյան
http://www.tert.am/am/news/2016/10/12/iran-armenia-railway/2161080
Komentarze