10 ամիս, 3 օր. Նորից կունենանք հավաքականի նոր գլխավոր մարզիչ.football365.am
- Zohrap Amiryan
- 14 окт. 2016 г.
- 2 мин. чтения

Վարուժան Սուքիասյանը պաշտոնապես հեռացավ Հայաստանի հավաքականից: Անշուշտ սա սպասելի լուր էր դեռ Ռումինիայից կրած խայտառակ պարտությունից հետո: Լեհաստանի հետ որոշակի հուսադրող խաղն էլ չփրկեց նրան: Դեռ նշանակման ժամանակ նշել էինք, որ Վարուժան Սուքիասյանը շատ ռիսկային քայլի է գնացել և որ “խորտակողվող նավին” այլ ռեսուրսներ են պետք: Նա աշխատեց հավաքականում ընդամենը 10 ամիս 3 օր:
Սուքիասյանի հեռացումը մեսիջ է նաև հին սերնդի մարզիչներին: Ոչ մի կերպ չնսեմացնելով նրանց արածը՝ 90-ականների, 2000-ակաների մեթոդներն վաղուց արդեն չեն գործում: Աշխարհն առաջ է գնում: Հիմա կասեք Ռանյերի, Տրապատոնի, Կապելո… նրանք երբեք չեն կտրվել արդի ֆուտբոլից և շարունակում են սովորել:
Դիտարկենք առաջիկա զարգացումները: Դեռ ընտրական փուլից առաջ էլ պարզ էր, որ հավաքականից որևէ լուրջ ակնկալիքներ լինել չեն կարող: 3 պարտություններն էլ գրեթե 100 տոկոսով հաստատեցին, որ չկան արդեն նույնիսկ տեսական շանսեր: Այսպիսի զարգացումների պարագայում արտասահմանցի մարզիչ դիտարկելը անիմաստ է: Դժվար է գտնել մասնագետ, ով կհամաձայնվի մեկ տարով գլխավորել այն: Նրանք կպահանջեն առնվազն 3 տարվա պայմանագիր (միգուցե 1+2 սխեմայով) և խոսք կգնա առնվազն մի քանի հարյուր հազարների մասին: Այսպիսի կազմի, մթնոլորտի, հնարավորությունների պարագայում այն շատ ռիսկային է:
Հիմա դիտարկենք տեղական ռեսուրսները:
ՎԱՐԴԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
հավաքականը գլխավորելու հավանականությունը՝ 60 տոկոս
Մի քանի օր առաջ լուր տարածվեց, թե ազգային հավաքականը կգլխավորի Վարդան Մինասյանը: Դա ավելի շուտ հիշեցնում էր ցանկություն, քան ուներ որևէ իրական հիմք: Մեր հավաքականի վերջին տարիների բոլոր հաջողությունները կապված են հենց Մինասյանի հետ: Նրա նշանակումը ՀՖՖ-ի համար առաջին հերթին կնշանակի այս լարված մթնոլորտի լիցքաթափում: Դժվար է գտնել երկրպագու, ով առնվազն չի ասի՝ եկեք սպասենք:
Այլ հարց է Մինասյանի ցանկությունները: Նա հիմա գործնականում ՓՅՈՒՆԻԿԻ գլխավոր մարզիչն է: Ղազախստանյան փուլը ձախողվեց, իսկ այլ տարբերակներ գոնե ասեկոսեների մակարդակով չկան: Հավաքականը կարող է իսկական աստիճան դառնալ Մինասյանի համար նորից վերադառնալ մարզչական հաղթական ուղի: Բայց արդյոք նա այս կազմում տեսնում է այն ներուժը, ով կլինի առնվազն այնպիսին, ինչպիսին 4-5 տարի առաջ էր:
Ցանկանում ես հավատալ, բայց մեծ դժվարությամբ…
ԱԲՐԱՀԱՄ ԽԱՇՄԱՆՅԱՆ
հավաքականը գլխավորելու հավանականությունը՝ 30 տոկոս
Դեռ Սարգիս Հովսեփյանի նշանակվելու ժամանակ Խաշմանյանը պետք է դիտարկվեր ռեալ թեկնածու: Կար անցումային փուլ, նա կարող էր ծանոթանալ թիմին, հետո պատրաստել արդեն այս ընտրականին: Խաշմանյանը ՀՖՖ-ի համար կարող է դիտարկվել նույնպես լարվածությունը լիցքաթափող մարզիչ: Նա ունի իր ընդգծված մեթոդները, միգուցե որոշների համար անընդունելի: Կլուծվեն նաև Սուքիասյանի օրոք մամուլի հետ առաջացած խնդիրները: Շատ լրագրողներ, հատկապես երիտասարդ սերնդի՝ միշտ հիացած են նրանով:
Այլ հարց է, թե արդյոք ՀՖՖ նախագահը կվստահի նրան թե ոչ…
ՎԱՐԴԱՆ ԲԻՉԱԽՉՅԱՆ
հավաքականը գլխավորելու հավանականությունը՝ 10 տոկոս
Սա զուտ ավելի տեսական տարբերակ: Բիչախչյանը ներքին արենայում հասել է բոլոր հաջողություններին, բայց դեռ որևէ հավաքական նրան չի վստահվել: Միգուցե վաղ է խոսել ազգայինի մասին, բայց երիտասարդականը նրա պես մարզչի կարիք հաստատ ունի:
P.S Վերջին օրերին շատ է քննարկվում նաև ՀՖՖ-ի նախագահի հնարավոր հրաժարականի սցենարը: Սուքիասյանի հեռանալը առնվազն նշանակում է, որ ՀՖՖ-ն նոր քայլեր է մշակում:
http://www.football365.am/wp/?p=198553
Comments