top of page

Չիչխանի յուղի օգտակար հատկությունները/tert.am

  • Zohrap Amiryan
  • 15 окт. 2016 г.
  • 3 мин. чтения

Չիչխանն (облепиха) օժտված է մի շարք բուժիչ հատկություններով, ինչի շնորհիվ կիրառվում է ինչպես ավանդական, այնպես էլ ժողովրդական բժշկության մեջ: Այն համարվում է օրգանիզմի համար անչափ օգտակար հատապտուղ: Չիչխանի բաղադրության մեջ կան օրգանիզմի համար շատ կարևոր մի շարք վիտամիններ, հանքանյութեր ու օգտակար նյութեր:

Դեռ վերջերս չիչխանն այդքան էլ հայտնի չէր, սակայն ներկայումս համարվում է լավագույն պոլիվիտամինային բույսերից մեկը: Սակայն այս հրաշալի հատապտուղներից կարելի է նաև պատրաստել ոչ պակաս օգտակար չիչխանի յուղ:

Չիչխանի յուղի օգտակար հատկությունները

Չիչխանի յուղը պարունակում է հատապտղի մեջ պարունակվող բոլոր վիտամիններն ու հանքանյութերը, ընդ որում՝ հսկայական քանակությամբ, քանի որ վերամշակման շնորհիվ հատապտուղները «տալիս» են իրենց մեջ եղած բոլոր օգտակար նյութերը:

Չիչխանի յուղն օժտված է մեծ քանակությամբ օգտակար հատկություններով: Այն վարակազերծում է, նպաստում է ապաքինմանը, հանգստացնում է և ունենում է հակաբակտերիալ ազդեցություն: Այս յուղն օգտագործվում է նույնիսկ քաղցկեղի բուժման և մաշկի ճառագայթային ախտահարման դեպքում:

Մրսածության, նշիկաբորբի (անգինա) կամ գրիպի ժամանակ չիչխանի յուղը խորհուրդ է տրվում կաթեցնել քթին և քսել կոկորդին: Բացի այդ, այն նաև օգտագործվում է տեսողական խանգարումների բուժման համար: Չիչխանն օգնում է վերականգնել աչքի եղջերաթաղանթի ախտահարված բջիջները և օգտագործվում է շաղկապենաբորբի (կոնյունկտիվիտ) և եղջերաթաղանթի հիվանդությունների բուժման համար:

Չիչխանի յուղը համարվում է յուրահատուկ պոլիվիտամինային դեղամիջոց: Այն շատ արդյունավետ հակաբորբոքային ու ցավազրկող միջոց է, որը նպաստում է վերքերի արագ ապաքինմանը և օգտագործվում է այրվածքների, ցրտահարման և մի շարք այլ մաշկային խնդիրների ու հիվանդությունների դեպքում:

Բացի այդ, այն օգտագործ է նաև ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդությունների և գաստրիտի, ինչպես նաև զարկերակային ճնշման տատանումների, կորոնար անբավարարության և ստենոկարդիայի ժամանակ: Չիչխանի յուղն օժտված է ուժեղ հակասկլերոտիկ հատկություններով, ուստի օգտագործվում է տարեցների մոտ աթերոսկլերոզի կանխարգելման համար:

Գինեկոլոգիայում այս յուղը նույնպես լայն կիրառություն ունի և օգնում է տարատեսակ բորբոքումների ՝ հատկապես արգանդի վզիկի էրոզիայի ժամանակ: Այս դեպքում հարկավոր է պատրաստել չիչխանի յողով թրջված տանպոններ հեշտոցի համար:

Չիչխանի յուղի պատրաստման եղանակները

Չիչխանի յուղը վաճառվում է դեղատներում, սակայն այն կարելի է նաև պատրաստել ինքնուրույն: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տնային պայմաններում չիչխանի յուղի պատրաստման եղանակներ:

Առաջին տարբերակ

Հատապտուղները մաքրել, հեռացնել տերևներն ու ճյուղերը, այնուհետև երկու անգամ լվանալ եռացրած, բայց գոլ ջրով: Երբ ջուրն ամբողջությամբ հոսի՝ փռել այն բարակ շերտով կտորի կամ ֆիլտրող թղթի վրա, այնուհետև հյութաքամիչի օգնությամբ քամել դրանց հյութը: Ստացված հյութը լցնել ապակյա մաքուր տարրայի մեջ և մոտ մեկ օր դնել մութ տեղ: Հյութի մակերեսին կսկսի առաջանալ յուղի բարակ շերտ, որն անհրաժեշտ է զգուշորեն հավաքել մաքուր գդալով և լցնել նախապես պատրաստված շշի մեջ: Շիշը հարկավոր է ամուր փակել և պահել սառնարանում:

Երկրորդ տարբերակ

Նախորդ տարբերակի նման պատրաստել հատապտուղները և կրկին քամել հյութը, սակայն այս դեպքում յուղ ստանալու համար անհրաժեշտ է ոչ թե հյութը, այլ հնարավորինս չոր քուսպը, որն էլ կդառնա հումք՝ չիչխանի յուղ ստանալու համար:

Ստացված քուսպը հարկավոր է բարակ շերտով փռել ջեռոցի թավայի մեջ և չորացնել ջեռոցում (շատ թույլ ջերմությամբ և ջեռոցի դուռը բացած): Ստացված հումքը մանրացնել սրճաղացով, ընդ որում՝ որքան մանր, այնքան լավ:

Քուսպը լցնել կաթսայի մեջ, ավելացնել 50° ջերմության բուսայուղ (ցանկալի է զտված), կափարիչը փակել և դնել կաթսան տաք գոլորշու վրա: Ստացված զանգվածը հարկավոր է ժամանակ առ ժամանակ խառնել: Անհրաժեշտ է հետևել, որպեսզի հումքի ջերմաստիճանը չգերազանցի 50°-ը, այլապես կենսաբանորեն ակտիվ նյութերը կսկսեն քայքայվել: Խառնելուց հետո կափարիչը հարկավեր է փակել:

Ստացված զանգվածը 12-16 ժամ դնել տաք գոլորշու վրա, այնուհետև փաթաթել կաթսան որևէ տաք կտորով և թողնել ամբողջ գիշեր: Առավոտյան զանգվածը կրկին մի փոքր տաքացնել գոլորշու միջոցով, այնուհետև քամել նեյլոնե պարկի օգնությամբ:

Քամված յուղը հարկավոր է լցնել ապակյա տարրայի կամ շշի մեջ և մեկ շաբաթ թրմել մութ ու սառը վայրում: Թրմելուց հետո յուղը լցնել մեկ այլ տարրայի մեջ, իսկ նստվածքը դեն նետել և կրկին թրմել յուղը: Մեկ շաբաթ անց այս պրոցեդուրան հարկավոր է կրկել և շարունակել նույն կերպ մինչև յուղի գույնն ամբողջությամբ չպարզվի:

Այս կերպ պատրաստված չիչխանի յուղը շատ օգտակար է ու հարմար ինչպես արտաքին, այնպես էլ ներքին օգտագործման համար:

Նյութի աղբյուրը՝ sila-priroda.ru

http://med.tert.am/am/news/2016/10/15/chichxani-yux/24785

Comentários


bottom of page