top of page

Թալիշում և Մատաղիսում Բաքվի վայրագությունների մասին զեկույցներն արդեն ուղարկվել են միջազգային կառույ

  • Zohrap Amiryan
  • 16 окт. 2016 г.
  • 2 мин. чтения

Tert.am-ը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանից հետաքրքրվեց, թե ինչ արդյունքներ են արձանագրվել ապրիլյան պատերազմից հետո միջազգային կազմակերպություններում խնդրի բարձրաձայնման հարցում՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ վերջերս նա՝ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ Արցախում նորից ուսումնասիրում էին ապրիլյան իրադարձություններում ադրբեջանական զինուժի կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումները: «Ես ապրիլյան պատերազմի օրերին Արցախի Մարդու իրավունքների առաջին պաշտպանի հրավերով անմիջապես մեկնեցի Արցախ։ Նպատակը մեկն էր՝ փաստահավաքում իրականացնել քաղաքացիական հասարակության ոտնձգությունների հետ կապված և արեցինք,- ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ հավելելով, որ դրանից հետո համատեղ աշխատանքների արդյունքները օգտագործելով՝ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանն իր վերլուծությունով միջանկյալ զեկույց հրապարակեց, որը «մինչ այս օրը համարվում է մինչ այս պահը եղած բոլոր փաստաթղթերից լավագույնը»: «Ապրիլյան պատերազմի հետ կապված մեզ համար մեծագույն խնդիրներն ու մարտահրավերները Ադրբեջանի կողից թույլ տրված դաժանությունները արձանագրելն էր. խոշտանգման դեպքեր, մարդկանց վայրագությունները արձանագրվեցին»,- ընդգծեց նա: Պաշտպանը նաև հիշեցրեց, որ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը մայիսին ևս մեկ զեկույց էր հրապարակել, որը վերաբերում էր «Սմերչ» զինատեսակի օգտագործմանը և նաև քաղաքացիական բնակավայրերի մոտ ադրբեջանական զինված ուժերի կողմից ռազմական օբյեկտների տեղակայմանը: «Այնտեղ նաև ներկայացվում էր ադրբեջանցիների ատելության տարածումը երկրի ներսում, ցույց էր տված, որ հենց այդ ատելությունն է, որ հանգեցնում է խոշտանգումների. պետական մակարդակով խրախուսվում է դաժանությունը: Սա որևէ միջազգային չափանիշի մեջ չի տեղավորվում և խիստ անթույլատրելի է»,- ասաց Արման Թաթոյանը: Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրեց, որ ապրիլյան դեպքերի հետ կապված զեկույցներն օգտագործվել են միջազգային կառույցներում աշխատանքային բոլոր հանդիպումներում: «Օրինակ` ինքս հանդիպել եմ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հանձնակատարին, աշխատակազմին։ Բոլորին զեկույցը՝ նկարներով, ներկայացրել եմ, և միասին քննարկել ենք հարցը: Բոլորն էլ իրենց մտահոգությունն ունեն, պարզապես սա նուրբ բնույթ ունի,- ասաց նա՝ հավելելով, որ օրինակ՝ Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտը քննադատության ենթարկեց ապրիլյան պատերազմում Ադրբեջանի գործողությունները,- կարևոր էր, քանի որ Ադրբեջանը բարձրացրեց հիստերիկ ռեակցիա և բողոքով դիմեցին այդ կազմակերպության գլխավոր քարտուղարին, որ հանեին հայտարարությունը, բայց ո՛չ հայտարարությունը, ո՛չ էլ զեկույցը չհանեցին»: Արման Թաթոյանը ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի գործողությունները ներկայացնելու գործում շատ կարևորեց Արցախի մարդու իրավունքների պաշտպանի դերը, ով շատ կապեր ունի: Սեպտեմբերին երկու հայկական պետությունների Մարդու իրավունքների պաշտպանները կրկին Արցախում ուսումնասիրել են ապրիլյան պատերազմում ադրբեջանական զինուժի կողմից մարդու իրավունքների խախտումները: «Ապրիլի վերջին շատ ուժեղ հարձակումներ, ռմբակոծություններ էին եղել Թալիշի, Մատաղիսի, հատկապես վերջինի ջրամբարի ուղղությամբ: Դրանք շատ լուրջ հետևանքներ կարող էին բերել: Այսինքն՝ հարձակում էին գործել, որպեսզի բնակիչներին զրկեին կենսական կարիքները բավարարելու հնարավորությունից: Մենք արդեն այդ մասին մեր զեկույցները ուղարկել ենք միջազգային կառույցներին»,- ասաց նա: Դիտարկմանը, թե շատերը թերահավատորեն են վերաբերում հայտարարություններին և զեկույցներին՝ կարծելով, որ դրանք զսպաշապիկ չեն դառնում Ադրբեջանի համար, Արման Թաթոյանը պատասխանեց. «Մարդու իրավունքների պաշտպանի դերն է իրավունքների խախտումը արձանագրելը, որ դրանց հիման վրա զեկույց պատրաստի, փաստերով ամրապնդի բոլոր դեպքերը, որոնք տեղի են ունեցել. դա արդեն իշխանություններին հնարավորություն է տալիս օգտագործել իրենց աղբյուրներում: Ես հրապարակային աղբյուրներից տեղյակ եմ, որ Եվրոպական դատարան ներկայացված բոլոր գանգատներում Արցախի մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը դրվել է որպես աղբյուր»:

http://www.tert.am/am/news/2016/10/16/armantatoyan/2164478

Comments


bottom of page