Ծառուկյանը գա, ՀՀԿ-ականները նորից նրան Դոդ կանվանեն, բայց նա կմաքրի երեսին թքած թուքը և հետո կժպտա|1
- Zohrap Amiryan
- 16 окт. 2016 г.
- 4 мин. чтения

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Եվրոպայի հայկականմիությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանը։
-Պարոն Գրիգորյան, Նաիրիտի վերագործարկման վերաբերող հարցերի շուրջ Ձեր 11 հոգանոց պատվիրակությունը հանդիպեց Կարեն Կարապետյանին: Դուք միշտ քննադատության եք ենթարկել իշխանությանը: Ի՞նչ եք կարծում, արդյոք իշխանությունը կգնա՞ համագործակցելու ճանապարհով:
-Այս հարցի պատասխանը հավանաբար կստանանք ժամանակի ընթացքում: Առաջին հանդիպումը չեմ կարող ասել, թե այդ բոլոր հարցերի պատասխանը տվեց: Չնայած նրան, որ Կարեն Կարապետյանի հետ գրեթե բարեկամներ ենք, նրան իր ընտանիքով հիանալի ճանաչում եմ, բայց չեմ կարող 100 տոկոսով ասել՝ Կարենն ամբողջովին ազատ ձեռքերով է աշխատում, ոչ մի հարց նրան չի կապում մեր ռեժիմի հետ և հատկապես ռեժիմի անցյալի հետ, դրա համար դժվարանում եմ ասել: Եթե կարողացավ թոթափել անցյալում կատարված արհավիրքները և նոր խոսք ասել, բնական է, մենք տրամադրված ենք աշխատելու: Մեր հսկայական ունակություններով կարող ենք սատարել Հայաստանի տնտեսության զարգացմանը: Վարչապետի հանդիպման առաջին րոպեին հայտարարեցինք, որ ներկայացնում ենք Եվրոպան: Սլովակիան այսօր ԵՄ-ի նախագահող երկիրն է, և մենք կարող ենք Հայաստանին վերադարձնել միջազգային բոլոր տնտեսական հարաբերությունների ոլորտը և ասացինք, որ ուզում ենք սկսել Մետաքսի նոր ուղու՝ խոշորագույն ծրագրերի իրականացմամբ: Մենք ունենք հստակ համաձայնություններ նրանց երկրների կառավարությունների հետ: Շատ դրական արձագանքեց վարչապետը, կառավարության անդամների հետ էլ հանդիպեցինք, և մենք այս պահին ունենք մեծ հնարավորություններ: Սա մի կողմից: Մյուս կողմից Նաիրիտի հետ կապված անհասկանալի վերաբերմունքը, ինչը նշանակում է, որ Կարենի ձեռքերը դեռևս կապված են: Նա լավ մենեջեր է և տիրապետում է տնտեսության ելևէջներին և չեմ էլ կասկածում, որ Կարենը գիտի՝ Նաիրիտը մեր արդյունաբերության քարշիչն է: Հստակ մենք նկատեցինք հետք, որ այնուամենայնիվ, նա կատարում է ռեժիմի հրամանը՝ Նաիրիտը չվերականգնել: Պարզ է չէ ինչու, ոչ թե որովհետև Նաիրիտը վատն է, այլ նրա համար, որ Նաիրիտի հետ կապված նորությունները եթե բացվեցին, տանելու են մինչև վերջ: Գագիկ Բեգլարյանին, Գագիկ Խաչատրյանին դուրս շպրտեցին, Թոխմախի Մհեր կոչված հիմարին, կարծես թե վերցրել են փակի տակ: Սակայն անարդարացի կլինի, որ եթե ոմանց գործից ազատում և հետո էլ ազատազրկման հարց դնում, բայց խոշորագույն գողը՝ Տիգրան Սարգսյանը դեռևս բարձր պաշտոնի է և չի բացառվում Հայաստան վերադառնա: Այս իրավիճակում մենք սկսում ենք աշխատել նոր կառավարության հետ և առաջարկել ենք սարսափելի մեծ ծրագրեր, այդ թվում՝ Նաիրիտի վերակենդանացումը: Սկզբում մեր հույսերն ավելի վառ են, քան այս պահին, բայց տա Աստված, որ հետագա համագործակցությունը այնպիսի արդյունք տա, որ վերադառնանք մեր սկզբնական սպասելիքների կատարմանը, և ոչ թե Աստված մի արասցե պարզվի, որ այս ամենը խաղ էր և ազնիվ նպատակ չէր հետապնդում, այլ ընտրություններից առաջ պատրանք ստեղծելու նպատակ ուներ: Այնուամենայնիվ, մենք ռեժիմի հետ ձեռք ձեռքի տված աշխատելու ենք, թեև ունենալու ենք հակառակորդներ:
-Կառավարությունը առաջիկա շաբաթվա ընթացքում կներկայացնի ծրագիր: Ի՞նչ եք կարծում, կարող է այնպիսի ծրագիր առաջարկել, որը իսկապես իրատեսական կլինի:
-Այս հարցին լիարժեքորեն դժվար է պատասխանել: Կարենը իր բոլոր ընկերներին և բարեկամներին պաշտոնի նշանակեց: Եվ կարող ենք ասել, որ փորձառու և Հայաստանի տնտեսությանը գիտակ մարդկանց նրանց կազմում չեմ տեսնում: Սա առերևույթ բացասական է և կասկածելի: Իսկ դրականն այն է, որ թեև իր ընկերներից և շրջապատից ընտրեց նախարարներից, բայց մյուս կողմից ազնիվ են: Եվ ահա այսպիսի իրարամերժ իրավիճակ է առաջացել, այսինքն՝ եթե տղաները կարճ ժամանակահատվածում դարձան արհեստավարժ նախարարներ, շատ մեծ բան կլինի երկրի համար, իսկ եթե թերացան, կունենանք անվերագնելի կորուստ այս իրավիճակում: Մենք ամեն ինչ կանենք, որ նրանց օգնենք, մեջքներին կանգնենք: Իհարկե մեծ վախ կա, որ շատ անփորձ են, ապաքաղաքականացված են: Դա հիանալի է, սակայն քաղաքական ինտրիգները վխտում են թե՛ ՀՀԿ-ում, թե՛ ընդդիմության մեջ: «Հայկական Վերածնունդ»… ի՞նչ է նշանակում Արթուր Բաղդասարյան՝ այդ ապականված անձը՝ իր շրջապատով, ինչ է նշանակում Նիկոլ Փաշինյան… նույնպես՝ բնության համար անհասկանալի մի թռչուն: Այս իրավիճակում, երբ որ ՀՀԿ-ի դեմքը լրիվ պարզված է, դաշնակների մասին ընդհանրապես խոսելն ավելորդ է, թե ինչ ծախու ժողովուրդ դարձան՝ իրենց ղեկավարությամբ, և ընդդիմության այդ աղտոտված մասը, դրանք այնպիսի ինտրիգներ կհրահրեն կառավարության շուրջ, որ չգիտեմ՝ ինչպես են կարողանալու վարչապետը և նախարարներն այդ ինտրիգների տակից դուրս գալ:
Այնպես որ շատ ծանր իրավիճակում է հայտնվել երկիրը, բայց մյուս կողմից էլ, փառք Աստծո, որ այդպիսի իրավիճակում է հայտնվել, որ գոնե հիմա հույսեր կան, և կարող ենք ձեռք մեկնել, դրսից օգնեն, և շատ մեծ ասելիք ունի արտերկրի հայությունը: Եթե արտերկրի հայությունը մեզ նման մեջքներին կանգնեց, չի բացառվում, որ լավ ուղղությամբ ամեն ինչ գնա: Բայց պետք է անկեղծորեն ամեն ինչը կողքի դնել, կանգնել և ստիպել, որ ճիշտ ուղղությամբ գնան, կոռուպցիայի դեմ պայքարել, գիտելիք ունեցողների, մտավորականների շուրջ համախմբվել: Իմ խորին համոզմամբ՝ դա կփրկի երկիրը: Մտավորականները պետք է համախմբվեն, ձեռք մեկնեն նորելուկ նախարարին, և դրսից օգնություն պետք է լինի ամենամեծ ծավալների՝ բոլոր ոլորտներում, այդ դեպքում հնարավոր է տակից դուրս գալ կամ փոխել:
-Պարոն Գրիգորյան, Դուք խոսեցիք ընդդիմադիրների մասին: Հիմա խոսում են «Բարգավաճ Հայաստան»-ի երբեմնի առաջնորդի՝ քաղաքականություն վերադառնալու մասին: ԲՀԿ-ականները արդեն չեն էլ հերքում դա, Դուք ինչպե՞ս եք գնահատում այս քայլը, երբ փաստորեն մենք տեսանք, թե ՀՀԿ-ն և նրա առաջնորդը մեկ տարի առաջ ինչպես վարվեցին նրա հետ:
-Գիտեք՝ իսկապես մեր ներքին քաղաքական դաշտը այնպես է ապականված, որ նույնիսկ խոսքերն ավելորդ են. Արթուր Բաղդասարյանը քամելեոնից ավելի արագ կարողանում է գունափոխվել, Գագիկ Ծառուկյանը արդեն սկսեց մրցել Արթուրի հետ, Արտաշես Գեղամյանը դե հիանալի մականուն ունի՝ դհոլ, որը ցանկացած կառավարություն, որն իրեն ոսկորի նման փող կշպրտի, նա իր դհոլը զլում է: Այսինքն՝ այնքան է ապականված մեր ներքին քաղաքական դաշտը, որ երևի հիմա սրբություն էլ չի մնացել: Հիմա Գագիկ Ծառուկյանը նորից գա, ՀՀԿ-ականները կարող են նրան նորից դոդ անվանել, Գագիկը կարող է իր երեսին թքած թուքը մաքրել և հետո շարունակի ժպտալ, ես չեմ հասկանում, այսպես կոչված, քաղաքական գործիչներին: Ազգը պիտի ունենա գաղափարախոսություն, և ազգը պիտի ունենա իսկապես վեհ նպատակներ: Սրանք նպատակներ չեն, որ այս մարդիկ դրել են իրենց առաջ և կատարում են, այլ զուտ աթոռի պայքար է: Քանի գնալու է պայքար աթոռի համար, մենք չենք կարող որևէ լավ բան խոսել կամ ակնկալել: Այն ժամանակ, երբ ինքնազոհներ կլինեն, որ իրենց միլիոնները և միլիարդը կներդնեն երկրի տնտեսությունը վերականգնելու, զարգացնելու համար, կգնան ինքնազոհության, այդ ժամանակ մեր ազգը մոտավորապես կդառնա Իսրայելի մակարդակի: Հրեաները կարողացան վերականգնվել և փայլուն հաջողություններ ունեն: Հայերը հրեաների հետ միշտ մրցում են և ասում են, որ նրանցից պակաս չեն, դե եկեք անենք նույնը, եկեք բոլորով ամեն ինչը զոհենք երկրի բարօրությանը և այնպիսի մի գաղափարախոսություն դնենք, ինչպիսին, ասենք, Նժդեհն է դրել: Մենք չե՞նք կարող դնել, կարող ենք, եթե կրկնենք լավը: Ես այդ կոչն եմ անում աշխարհի բոլոր այն հայերին, որոնց համար Հայաստանը սրբություն է, մեր ազգի նվաճումները, արժեքները բարձրագույն են: Եկեք ձեռք ձեռքի տված թեկուզ հենց այսօրվա կառավարությանը փորձենք, լավը չի լինի, հարյուր օր հետո կասենք, խիստ բացասական կարծիք կհայտնենք, լավը կլինի, եկեք բոլորով միավորվենք և փրկենք հայրենիքը՝ թքած քաղաքական ներքին խաղերի և խժդժությունների վրա, անձնական շահ հետապնդող ընդդիմության և կոալիցիայի վրա: Պետք է դրա վրայով քայլեն և անեն այն, ինչ-որ 10 միլիոն համաշխարհային մեծ արժեք ունեցող հայ ազգը կարող է անել. սա իմ կոչն է:
http://www.1in.am/2030956.html
Comments