Հայ-ռուսական բախումներ ՀԱՊԿ երեւանյան նիստում. «ՀԺ»
- Zohrap Amiryan
- 16 окт. 2016 г.
- 1 мин. чтения

Երեկ Երեւանում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որին մասնակցում էին կազմակերպության անդամ հինգ երկրների նախագահները եւ Ղազախստանի վարչապետը, բուռն ընթացք ունեցավ: Ինչպես նշել էինք, գագաթնաժողովի օրակարգում մի շարք ինտրիգային հարցեր կային, որոնցից մեկն էլ Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ՀԱՊԿ երկրների նախագահների հայտարարությունն էր: Կանխատեսել էինք, որ ապրիլյան պատերազմից հետո ՀԱՊԿ ՀԱԽ-ն չէր կարող խուսափել այս հարցին անդրադառնալուց: Ընդ որում, սպասվում էր, գնահատականը պետք է Ադրբեջանի համար շահեկան չլիներ, ինչը հուշում էր Ադրբեջանի բարեկամ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի «դիվանագիտական մրսածությունը»:
Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ առանձին հայտարարություն ընդունվեց, սակայն երեկվա դրությամբ հայտնի չէր, թե կոնկրետ ինչ բովանդակությամբ: Ենթադրվում է, որ հայտարարության շուրջ քննարկումները թեժ են եղել, եւ նույնիսկ հավանականություն է եղել, որ նախագահները ի վերջո կոնսենսուսի չեն գա:
Գագաթնաժողովի արդյունքներով լրատվամիջոցների համար հայտարարության ժամանակ արդեն Սերժ Սարգսյանը հաստատեց, որ ԼՂ հարցով հայտարարությունն ընդունվել է եւ որոշակի մանրամասներ ներկայացրեց: Ասաց, որ ՀԱՊԿ ադամ երկրների ղեկավարները աջակցություն են հայտնել հակամարտության կարգավորմանն ուղղված պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում:
«Այդ պայմանավորվածություններն ուղղված են հակամարտության գոտում լարվածություն թույլ չտալուն, իրավիճակի կայունացմանը եւ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շարունակականության համար պայմաններ ստեղծելուն: Նիստի ընթացում հաստատվել է ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները աջակցություն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի համանախագահներին ԼՂ հակամարտության կարգավորման հարցում՝ հիմնված միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա՝ մասնավորապես ուժի սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության, իրավահավասարության եւ ազգերի ինքնորոշման իրավունքի շրջանակներում»: Արդյոք հայտարարությունն ամփոփվա՞ծ է այս մի քանի նախադասության մեջ, թե էլի հատվածներ կան, պարզ կդառնա, երբ ընդունված փաստաթղթերը հասանելի դառնան:
Աննա Հակոբյան Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում
Comentarios