top of page

Երևանը հաջողվեց պահել, սակայն Մինսկը անհանգստացնում է|1in.am

  • Zohrap Amiryan
  • 17 окт. 2016 г.
  • 3 мин. чтения

Հայաստանում հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովը, որի ընթացում Հայաստանը նախագահությունը փոխանցեց Բելառուսին, անցավ կարծեք թե ընդհանուր առմամբ զուսպ տոնայնության մեջ և Երևանն ըստ էության չդարձավ հակաարևմտյան գործողությունների կամ քաղաքականության հարթակ, ինչի էական վտանգը կար, հաշվի առնելով Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունների սրացման նոր փուլը: Դատելով ՀԱՊԿ գագաթնաժողովի վերաբերյալ արված ամփոփոիչ հայտարարություններից, պաշտոնական Երևանին հաջողվեց իր նախագահության եզրափակումն էլ պահել էքսցեսներից հեռու:

Ընդհանուր առմամբ, պետք է նկատել, որ Հայաստանի նախագահության անցնող մեկ տարին փաստորեն հաջողվեց անցկացնել այնպես, որ ՀԱՊԿ այդ նախագահության ընթացքում չունենա կտրուկ հակաարևմտյան դրսևորումներ: Սա չարյաց փոքրագույնն է, որ կարող էր լինել այս կառույցի դեպքում, որովհետև բուն ռազմա-քաղաքական դաշինքին բնորոշ հատկանիների դրսևորման առումով իրավիճակը կատարյալ խայտառակություն է և ՀԱՊԿ-ն ոչ միայն որևէ աջակցություն չի ցուցաբերել Հայաստանին ապրիլյան պատերազմի ընթացքում, այլ իրականում ռազմական և քաղաքական աջակցություն ավելի շատ ցուցաբերել է Ադրբեջանին: Հայաստանի նախագահության մեկ տարին այդ իմաստով ըստ էության Հայաստանի անվտանգության համար կորսված մեկ տարի էր և մխիթարվել պետք է այն հանգամանքով, գոնե, որ Հայաստանի նախագահության պատասխանատվության ներքո ՀԱՊԿ-ը չի գնացել հակաարևմտյան սուր քայլերի: Սակայն, նախագահության փոխանցման փուլում Երևանում արվել է հայտարարություն, որը տալիս է մտահոգության առիթ: Բելառուսի նախագահ Լուկաշենկոն, որ ստանձնել է նախագահությունը առաջիկա տարվա համար, հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը պետք է անի այնպիսի քայլեր, որ ՆԱՏՕ-ն հարկադրված լինի ճանաչել ու հարգել այդ կառույցը:

Այսպիսով, Լուկաշենկոն Երևանում նախանշել է առաջիկա տարում Բելառուսի ՀԱՊԿ նախագահության առաջնահերթությունների շրջանակը, ուղղվածությունը: Բատկան չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ քայլեր է պատկերացնում այդ տրամաբանության շրջանակում, ինչ պետք է անի ՀԱՊԿ-ը, որ ՆԱՏՕ-ն ստիպված լինի ճանաչել ու հարգել: Սակայն, սա հուշում է, որ նախագահության մեկ տարվա ընթացքում Մինսկը ՀԱՊԿ-ը փորձելու է վերածել Ռուսաստանի և Արևմուտքի միջև իր առևտրի փորձերի մի դաշտի կամ փորձաքարի, որից կձգտի քաղել առավելագույնը՝ ինչպես միշտ միլիարդների տեսքով: Մինչդեռ սա Հայաստանին պետք չէ բացարձակապես, Հայաստանին պետք չէ, որ ՆԱՏՕ-ն ճանաչի և հարգի ՀԱՊԿ-ը: Հայաստանին այս կառույցում եթե որևէ ճանաչում պետք է, ապա այն համատեքստում, որ ՀԱՊԿ-ը նախ ճանաչի իր իսկ անդամ հանդիսացող պետությանը, դրա շահերը, անվտանգությունը, պաշտպանի, երբ հարևան Ադրբեջանը ամեն տեսակի ոտնձգությամբ փորձում է հարվածել Հայաստանին: Այլապես, Հայաստանը ՀԱՊԿ-ում չունի որևէ հետաքրքրություն, որ դեռ մի բան էլ ներգրավվի այնպիսի գործընթացների մեջ, որ ՆԱՏՕ-ին բերեն ՀԱՊԿ-ի ճանաչման: Ում դա պետք է, թող անի, Հայաստանին դա պետք չէ, քանի որ Հայաստանը ըստ էության որևէ ընդհանուր շահեր չունի ՀԱՊԿ-ի հետ, ինչը ցցուն կերպով ցույց է տրվել ապրիլի պատերազմի ընթացքում:

Հայաստանը կարիք ունի խորացնել իր սուվերեն հարաբերությունը ՆԱՏՕ-ի հետ, որպես ժամանակակից անվտանգության համակարգի առաջատար, որպես անվտանգության արդիական տեխնոլոգիաների կրող ոչ միայն ռազմական, այլ նաև քաղաքական-քաղաքացիական բնագավառում: Հայաստանը ՆԱՏՕ-ին ունի ապացուցելու մեկ բան՝ որ բավականաչափ ինքնիշխան պետություն է, միջազգային անվտանգության հարցերում վստահելի գործընկեր լինելու համար: Այս առումով, Հայյաստանի զինված ոժերը ունեն իսկապես բարձր վարկ եվրաատլանտյան շրջանակներում, սակայն այդ շրջանակներում կա նաև հարցը, թե ինչքանով են այդ զինված ուժերը ունակ ազդել Հայաստանի պետական քաղաքականության վրա, թույլ չտալով, որ այդ քաղաքականությունը դառնա այլ պետությունների շահերի գերի կամ պատանդ և մտնի անիմաստ, միանգամայն ավելորդ մի գործընթացի մեջ: Եվ այդ իմաստով, Բելառուսի նախագահությունը կարող է Հայաստանի համար դառնալ իսկապես խնդրահարույց:

Հատկապես եթե նկատի ունենանք այն ջերմությունը, որով Բելառուսի նախագահը վերաբերում է տեր և տիկին Ալիևների հանդեպ, որոնք իհարկե ուրախ և շնորհակալ կլինեն, եթե պաշտոնական Մինսկին հաջողվի ՀԱՊԿ-ում ստեղծել մի վիճակ, երբ Հայաստանը կհայտնվի ՆԱՏՕ-ի հանդեպ ոչ թե գործընկերային, այլ հակադիր հարթության վրա: Դա իհարկե մեծ նվեր կլինի իր հանդեպ միջազգային հանրության վատ վերաբերմունքի և այդ հանրության հայամետ տրամադրվածությունից դժգոհող Ալիևի համար: Բոլոր դեպքերում, առաջիկա մեկ տարվա համար ՀԱՊԿ-ում ձևակերպված է մի այնպիսի խնդիր կամ առաջնահերթություն, որը բացարձակապես պետք չէ Հայաստանին: Հետևաբար, առաջիկա տարվա ընթացքում Հայաստանի համար կարևոր է գտնել այն մարտավարական բալանսը, որը թույլ կտա խուսափել ՀԱՊԿ-ում առանձնակի ակտիվությունից:

Իհարկե առավել օպտիմալը կլիներ այն, որ Հայաստանն ինքը ՀԱՊԿ-ի առաջ դներ պահանջներ, առավել ևս, որ հենց Հայաստանն է կառույցի թերևս միակ անդամը, որը դե ֆակտո ունի ռազմաքաղաքական դաշինքի աջակցության անհրաժեշտություն առաջացնող թե ռազմական, թե քաղաքական հիմքեր:

Գրեթե իդեալական կլիներ, եթե Հայաստանը կարողանար, կամք դրսևորեր թելադրել այդ ամենից բխող իր պահանջները և դրանց հանդեպ արհամարական վերաբերմունքի կամ անտարբերության պարագայում պարզապես հայտարարեր կամ ՀԱՊԿ-ը լքելու հարցը քննարկելու, կամ ՀԱՊԿ անդամությունը սառեցնելու մասին, ձեռնամուխ լինելով անվտանգության համակարգի համալիր վերանայման գործընթացի:

Սակայն, Հայաստանի իշխանության պարագայում այդօրինակ պահվածք սպասելն իրատեսական չէ և մնում է սպասել, որ կապահովվի գոնե նվազագույնը, և ինչպես հաջողվեց Հայաստանի նախագահության պատասխանատվության շրջանում ՀԱՊԿ-ը չդարձնել Ռուսաստանի ձեռքին Արևմուտքի դեմ գործիք, և ներկայումս էլ վերջին ակորդում Երևանը չվերածել հակաարևմտյան հարթակի, այդպես էլ կհաջողվի առաջիկա տարվա ընթացքում չմտնել ՆԱՏՕ-ի վերաբերմունք ձևավորելու համար «սկզբունքային» շեշտադրումների դաշտ: Հայաստանը ՆԱՏՕ-ի ուղղությամբ աշխատանքի առումով պետք է ձեռնպահ մնա ուղիղ հարաբերությունը բացառող, կամ դրանք զուգահեռ լինելուն հավակնող որևէ ֆորմատից:

http://www.1in.am/2030346.html

Comments


bottom of page