Հասարակությանն այլ ելք չի մնացել|1in.am
- Zohrap Amiryan
- 17 окт. 2016 г.
- 2 мин. чтения

2016-ը աչքի ընկավ ներքին բռնության բարձր դոզայով, որը բաց թողեցին իշխանությունները:
Իշխանության բաց թողած բռնության դոզան հասարակական տեսանկյունից ընկալվում է որպես իշխանության տագնապի դրսևորում: Սակայն սրանք առավելապես էմոցիոնալ բնորոշումներ են: Վերջին հաշվով իշխանությունները բռնություն են կիրառում արդեն երկար տարիներ, և նույնիսկ կանանց նկատմամբ չի կատարվում «խտրականություն»: Հիշարժան է 2004 թվականի ապրիլյան իրադարձությունը, երբ ընդդիմության հանդեպ ուժ կիրառվեց Բաղրամյան փողոցում, իսկ ոստիկանատներում բռնության ենթարկվեցին ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչ աղջիկներն ու կանայք:
Այնպես որ՝ այս երևույթները բոլորովին նոր չեն, և եթե իշխանությունները տագնապում են, ապա այդ տագնապը ըստ էության շարունակվում է արդեն ավելի քան տասը տարի: Եվ ուրեմն՝ հասարակությունը, մեղմ ասած, ինքնախաբեությամբ է զբաղված կամ զբաղված է ընդամենը էմոցիոնալ պոռթկումներով, երբ բռնությունների որևէ հերթական ալիք սկսում է մեկնաբանել լոկ տագնապի կամ, այսպես ասած, անպատժելիության, ամենաթողության մթնոլորտի խորացման և այլնի տեսանկյունից:
Վերջին հաշվով՝ այս իշխանական համակարգը 8 տարի առաջ տասը մարդ է սպանել Երևանի կենտրոնում, էլ ինչի՞ մասին կարող է խոսք լինել:
Ուրեմն հասարակությունը կարիք ունի նախ և առաջ տեղի ունեցող իրադարձությունների ադեկվատ գնահատման և եզրահանգումների: Վերջին հաշվով՝ խնդիրը այլևս վաղուց լոկ իշխանական բռնարարքներին օպերատիվ գնահատական տալը չէ: Խնդիրը հասարակության համար այդ բռնարարքներին հակադարձելու արդյունավետ մեխանիզմների գալն է: Լոկ էմոցիոնալ, լոկ հռետորական անդրադարձերն ու ամենախիստ բնորոշումները անգամ, ինչքան էլ որ լիովին արդարացի և դիպուկ են, այնուհանդերձ՝ ինքնին, որպես բռնություններին հակազդելու, դրանց կրկնությունը կանխարգելելու միջոց, սնանկ են, ըստ որում՝ վաղուց:
Հասարակությունը կարիք ունի կանխարգելիչ միջոցների, որոնք կբերեն իրավիճակի, երբ իշխանությունը կտագնապի և այդ պատճառով զերծ կմնա բռնության կիրառումից կամ որևէ բռնարարի հովանավորելուց, որևէ մեկի արարքը պարտակելուց, «արջի ծառայություն» որակելուց:
Այսինքն՝ հասարակությունը պետք է ոչ թե ինքնախաբեությամբ իշխանությունների տագնապով պայմանավորի բռնարարքները, այլ իրավապահ մեքենայի անգործության պայմաններում ինքը գա այնպիսի մեխանիզմների եզրահանգման, որոնք իշխանական համակարգի համար բռնության կիրառումը և պարտակումը տագնապալի կդարձնեն: Ինչպիսին կլինի այդ մեխանիզմը՝ կպարունակի՞ պատասխան բռնության մեթոդներ, թե՞ կլինի լիովին ասիմետրիկ, սակայն շատ ավելի ազդեցիկ, քան պատասխան բռնությունը, ըստ էության՝ լուրջ քննարկումների և ուսումնասիրությունների նյութ է, այդ թվում և համաշխարհային համանման փորձի կիրառմամբ:
Սակայն այլ տարբերակ չկա՝ հասարակությունը իշխանությանը բռնության դաշտից երկխոսության դաշտ բերելու այլ ելք չունի, ըստ որում՝ արդեն շատ վաղուց:
http://www.1in.am/2030710.html
Comments