«Ինքն ինձ ծեծի, պաշտոնը բարձրանա, ես իրան ծեծեմ, գնամ դատվե՞մ». սարիթաղցիների բողոքը նախագահականի մո

Երեկ նախագահի նստավայրի դիմաց հավաքվել էին Սարի թաղի բնակիչները, ովքեր բողոքի ցույց էին անում՝ պահանջելով ազատ արձակել Սարի թաղի դեպքերի ժամանակ ձերբակալված իրենց հարազատներին:
Հիշեցնենք, նախորդ հինգշաբթի՝ հոկտեմբերի 13-ին, հարազատները դարձյալ նույն խնդրով եղել են նախագահականում, նամակ էին հանձնել նախագահական և այսօր եկել էին իրենց նամակի պատասխանը ստանալու։ Բաղրամյան 26-ի վերահսկողության ծառայության ղեկավարի հանձնարարությամբ բողոքի ակցիայի մասնակիցներին մոտեցավ նախագահի վերահսկողության ծառայության աշխատակից Ներսես Մինասյանը՝ բողոքի ակցիայի մասնակիցներին տեղեկացնելով.
«Վերահսկողության ծառայության ղեկավարն իր անձնական ստորագրությամբ նամակ է ուղարկել գլխավոր դատախազություն և հետաքրքրվել, թե ինչի համար են ձերբակալվել էդ մարդիկ, և հսկողություն է սահմանել, այդպիսի հանձնարարություն է գնացել գլխավոր դատախազություն, պետք է համբերեք, որ էնտեղից մեզ պատասխանեն»։
Հարազատներից մեկն արձագանքեց, որ իրենք ոչ մի տեղ չեն գնա, քանի դեռ որևէ առարկայական պատասխան չեն ստացել.
«Էստեղից ոչ մի տեղ չենք գնա, շատ քիչ ժամանակ է մնացել դատին, մեր նամակներն ամեն տեղ կա, բայց ոչ մի լավ պատասխան չկա։ Թող նախագահը տեղեկանա խնդրից և մեզ պատասխան տա։ Մենք ո՞նց կարող ենք հանգիստ լինել, մեր տղերքն են բերդերում, ամեն մեկը մի ընտանիք է թողել, անիմաստ փակված է»։
Բողոքի ակցիայի մեկ այլ մասնակից, մատնանշելով Բաղրամյան 26-ի դիմաց կանգնած ոստիկանին, ասաց.
«Ինչո՞վ է էս տղեն ինձանից լավ, որ ինքը կարող է ինձ ծեծի, ու դրա համար պաշտոնը բարձրանա, իսկ ես իրան ծեծեմ ու դրա համար գնամ դատվեմ»։
Հիշեցնենք, որ կալանավորված սարիթաղցիները հիմնականում մեղադրվում են Քրեական օրենսգրքի 315 հոդվածի 2-րդ մասով՝ իշխանության ներկայացուցչին օրենքով նրա վրա դրված պարտականությունները կատարելու ժամանակ դիմադրելը կամ նրան ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելուն հարկադրելը, որը կատարվել է բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով:
Նշենք՝ 9 սարիթաղցիները ձերբակալվել են հուլիսին՝ պարեկապահակային գնդի տարածքի գրավման օրերին, ոստիկանների ու սարիթաղցիների միջև տեղի ունեցած բախումներից հետո: Նրանց հարազատները, սակայն, պնդում են, այստեղ քաղաքական խնդիր չի եղել, և սարիթաղցիները բողոքի են դուրս եկել կենցաղային խնդիրների պատճառով։
Նաիրա Նալբանդյան
http://galatv.am/hy/news/167023/



















Комментарии