Դիարբեքիրի 115-ամյա բնակչուհին 1 հայ և 2 քուրդ ամուսիններից 415-ից ավելի թոռ ու ծոռ ունի (լուսանկարն
- Zohrap Amiryan
- 18 окт. 2016 г.
- 2 мин. чтения

Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում բնակվող 115 տարեկան Շահե Թայուրաքն առնվազն 415 թոռ ու ծոռ ունի, թեև նրանց թիվը կարող է հասնել 435-ի: Այս մասին գրում է BBC-ի թուրքական ծառայությունը:
Շահե տատի որդին` Ջեմալ Թայուրաքը պնդում է, որ երեք տարի առաջ իր կատարած հաշվարկի համաձայն իր մոր թոռների ու ծոռների թիվն ամենահամեստ հաշվարկով 415 է, թեև այս տարի նա նախատեսում է նոր հաշվարկ իրականացնել, քանի որ միայն վերջին երկու տարվա ընթացքում նրանց տոհմում առնվազն 15 նոր ծոռ է ծնվել:
Երկարակյաց քուրդ տատի ավագ երեխան 90 տարեկան է, ամենափոքրը` 60: Իսկ ամենամեծ թոռը 70-ն անց է, ամենափոքր ժառանգը ծոռներից մեկի երեխան է, ով 2 տարեկան է:
Շահե տատի անձնագրում նրա ծննդյան տարեթիվը նշված է 1919թ., սակայն երեխաները պնդում են, որ ժամանակին գյուղապետը սխալ տարեթվով է գրանցել կնոջ անձնական տվյալները:

Շահե Թայուրաքն իր կյանքի ընթացքում ունեցել է երեք ամուսին, որոնցից առաջինը, ի դեպ, ցեղասպանությունից փրկված հայ որբերից է եղել:
Ջեմալի պատմածի համաձայն` առաջին ամուսին Իբրահիմից իր մայրն ունեցել է մեկ տղա և մեկ աղջիկ: Հայ Իբրահիմը հիվանդացել և մահացել է, երբ երեխաները շատ փոքր են եղել: Միայնակ մնացած Շահեն որոշել է իր երկու երեխաներին թողնել մոր խնամքին ու հարևան գյուղում ամուսնացել է արդեն Ջեմալի հոր հետ:
Թեև բժիշկները պնդում են, որ 115-ամյա Շահեն հիշողության հետ կապված ոչ մի խնդիր չունի, այնուամենայնիվ, Շահե տատը խուսափողական պատասխաններ է տվել, երբ իրեն հարցրել են «Հայկական դեպքերի» մասին:
«Լավ չեմ հիշում հայերի հետ կապված դեպքերը: Փոքր էի, երբ դուրս եկավ գաղթեցման հրամանը»,-ասում է Շահե տատը:
Ավելին, երբ Շահեին հարցնում են իր առաջին ամուսնու մասին, նա նախընտրում է լռել և, անցնելով տան մյուս անկյունը, հանկարծ որոշում պառկել ու քնել:

Նրա 90-ամյա աղջիկը` Թելին, պատմում է, որ նա շատ բան չգիտի իր հայ հոր մասին, միայն լսել է, որ շատ ուժեղ, հաղթանդամ տղամարդ է եղել:
«Պապս 7 տարի զինվոր է եղել Արաբստանում: Տատս տեսել է, որ իրենց պահող չկա, մայրիկիս ամուսնացրել է կողքի գյուղից մի հայ որբի հետ: Շատ ուժեղ, հզոր մարդ էր: Ասում են` այնքան ուժեղ էր, որ մի կովը կարողանում էր ուսերին շալակած մի գյուղից մյուսը տանել: Երբ տատս ասաց, որ մեր իսկական մայրը նա չէ և որ մեր իսկական մայրը հարևան գյուղերից մեկում ամուսնացած է, շատ արտասվեցինք»,- պատմում է 90-ամյա Թելին:

Թելի Թայուրաքը նաև պատմում է, որ որոշ ժամանակ անց իրենց կարողացել են գտնել հոր հայ ազգականները, որոնք այդ ժամանակ գտնվում էին Սիրիայի Ղամիշլի շրջանում: Տարիներ առաջ Թելին և իր եղբայրը նամակագրական կապ են պահպանել հայ ազգականների հետ:
http://www.tert.am/am/news/2016/10/18/dikranagerd/2166389
Comments