Հայտնի են դարձել Քըրք Քրքորյանի կտակի նոր մանրամասներ|armedia.am
- Zohrap Amiryan
- 21 окт. 2016 г.
- 1 мин. чтения

Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը ծանոթացել է Քըրք Քրքորյանի կտակին։ Այս մասին Օսկանյանը գրել է Facebook-ի իր էջում, փոխանցում է «Новости Армения»-ն: «Ժառանգություն է թողնվել 2 միլիարդ դոլարի կարգի գումար, որը բացառապես պետք է տրամադրվի մեկ կամ ավելի բարեգործական կազմակերպությունների, որոնք ունեն ԱՄՆ-ի հարկային ծառայության այսպես կոչված 501(C)3 արտոնությունը։ Կտակը պետք է տնօրինվի անվանական նշված երեք անհատների կողմից, որոնցից հայազգի է միայն մեկը։ Նրանք Քրքորյանի մահվանից հետո երեք տարվա ընթացքում (որի մեկ տարին անցել է) պետք է արդեն այդ գումարի բաժանումը կատարած լինեն»,– նշվում է Օսկանյանի գրառման մեջ։ Օսկանյանի հաղորդմամբ, այս եռյակի որոշումները պետք է լինեն մեծամասնության սկզբունքով ու Քրքորյանի՝ հատկապես վերջին քսան տարիներին կատարած բարեգործական նվիրաբերումների առաջնայնություններից ելնելով։ Օսկանյանը, հաշվի առնելով, որ Քրքորյանի նվիրատվությունների հիմնական մասը ուղղված է եղել Հայաստանին, առաջարկում է հնարավորինս ձևավորել հանձնաժողով, որը, խորհրդակցություններ անցկացնելով այդ թվում՝ Հայաստանի կառավարության հետ, առաջարկների փաթեթ կներկայացնի կտակը տնօրինող եռյակին։
Comments