top of page

Ինչո՞ւ է ԱՄՆ-ի հայ համայնքը ազդեցիկ իսկ Ռուսաստանինը՝ ոչ|Ամերիկայի ձայն

  • Zohrap Amiryan
  • 22 окт. 2016 г.
  • 2 мин. чтения

Չնայած, որ հայերը Միացյալ Նահանգների բնակչության բավականին փոքր տոկոսն են կազմում, ԱՄՆ-ի հայ համայնքը երկրի ամենաազդեցիկ համայնքներից մեկն է: Միեւնույն ժամանակ, Ռուսաստանում, որտեղ ռուսական իշխանությունների իսկ պնդմամբ երկու միլիոնից ավելի հայ է բնակվում, տեղի հայ համայնքն անկազմակերպ է եւ թույլ: Ո՞րն է պատճառը, որ Միացյալ Նահանգների հայերին հաջողվում է ազդել իրենց ղեկավարների վրա, իսկ Ռուսաստանի հայերին՝ ոչ եւ արդյոք կապ ունի՞ այս հարցում երկրում ժողովրդավարության զարգացման աստիճանը:

Ինչպե՞ս է Միացյալ Նահանգներում բնակվող հայերին հաջողվում իրենց ձայնը լսելի դարձնել եւ նկատելի դեր խաղալ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական օրակարգում, մինչդեռ Ռուսաստանի Դաշնության հայ համայնքն իր իսկ ներկայացուցիչների խոսքով անարդարացի չնչին դեր է խաղում Ռուսաստանի իշխանությունների որոշումների վրա ազդեցության տեսակետից: Հիմնական պատճառներից մեկը երկրում ժողովրդավարության զարգացման մակարդակն է, ասում է վերլուծաբան Արմեն Խարազյանը.

«Եթե պետության մեջ հարգվում են մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, եթե կա դրանց գործադրման եւ դրանց պաշտպանության ստեղծված եւ կանոնակարգված մեխանիզմներ, ապա համայնքն ունի ինքնաարտահայտվելու բավականաչափ ազատություն»:

«Միացյալ Նահանգներում ցանկացած հասարակական ակտիվություն ներդաշնակ է ամերիկյան ժողովրդավարական համակարգի գործունեությանը, հենց այդպես է կազմակերպված ամերիկյան հասարակությունը: Ամերիկահայությունն էլ, լինելով այդ հասարակության մաս, օգտվում է այդ հնարավորություններից՝ հնարավորություն ունենալով ազդելու ամերիկյան քաղաքականության վրա», - նշում է Խարազյանը:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի հայ համայնքին, ապա այն զրկված է իր պահանջները բարձրաձայնելու հնարավորությունից նույնքան, որքան Ռուսաստանի Դաշնության մյուս քաղաքացիները, նշում է վերլուծաբանը:

«Ազգային փոքրամասնությունները, ինչպես տվյալ երկրի հասարակություն մնացած բոլոր խավերը, զրկված են ինքնուրույն քաղաքական ակտիվիզմ դրսեւորելու հնարավորությունից, չեն կարողանում ինքնակազմակերպվել եւ լսելի դարձնել իրենց ձայնը», - նշում է Արմեն Խարազյանը:

Համայնքների ազդեցության տարբեր չափի մասին խոսելիս, անհրաժեշտ է հաշվի առնել նաեւ դրանց ստեղծման պատմությունը, նշում է Արմեն Խարազյանը.

«Ռուսաստանի հայկական ինքնակազմակերպման հիմնական շարժիչ ուժը Ռուսաստանում գործարար գործունեություն ծավալած նորահարուստ հայերն են: Միացյալ Նահանգներում դա շատ ավելի հորիզոնական բնույթ է կրում»:

«Ռուսաստանի համար դա քաղաքական լծակ է՝ որոշ զարգացուցմների վրա ներազդելու նպատակով: Այդպես էր Մոլդովայում, որի արտաքին քաղաքականության վրա Ռուսաստանը զգալի ճնշում է կատարում օգտագործելով ազգային համայնքը նման իրավիճակ էր նաեւ Վրաստանի դեպքում: Թե՛ 2008-ին եւ թե՛ այսօր Ռուսաստանը շատ մեծ ազդեցություն ունի Վրաստանի ներքաղաքական զարգացումների վրա՝ օգտագործելով իր տարածքում գտնվող վրացիներին որպես լծակ»:

Հատկանշական է նաեւ, որ թույլ չտալով իր տարածքում բնակվող ազգային համայնքներին գլուխ բարձրացնել, Ռուսաստանի Դաշնությունը, ինչպես օրինակ Ուկրաինայի դեպքում, առանց վարանելու պատրաստ է ներքաշվել այլ երկրների ներքին հարցերի մեջ՝ որպես լծակ օգտագործելով այդ երկրներում բնակվող ռուս համայնքները, ընդգծում են փորձագետները:

Մանրամասները ''ամերիկյի ձայն'' կայքում

Комментарии


bottom of page