top of page

Ստամոքսի քաղցկեղի վաղ ախտանշաններն ու առաջացման հավանականությունը բարձրացնող գործոնները |Tert.am Med

  • Zohrap Amiryan
  • 22 окт. 2016 г.
  • 1 мин. чтения

Հաճախ մարդիկ ստամոքսի քաղցկեղը հայտնաբերում են չափազանց ուշ, երբ արդեն ոչինչ անել հնարավոր չէ: Այս հիվանդության վաղ ախտանշաններն այնքան անորոշ են, որ դրանք կարելի է շփոթել շատ ուրիշ խնդիրների հետ: Սա է պատճառը, որ սարսափելի ցավերով արդեն բժիշկի դիմելիս՝ մարդիկ կանգնում են լուրջ խնդրի առաջ: Բժիշկ Մեգալ Սինգվին պատմել է ստամոքսի քաղցկեղի վաղ ախտանշանների մասին, որոնք մարդիկ ոչ մի դեպքում չպետք է անտեսեն:

Հիվանդությունը ժամանակին հայտնաբերելու համար առաջին հերթին հարկավոր է իմանալ, թե որոնք են ռիսկի գործոններն ու հիվանդության ախտանշանները: Հարկ է հիշել, որ այս հիվանդության ախտանշաններից շատերը կարելի է շփոթել այլ հիվանդությունների ախտանշանների հետ: Այսպիսով՝ Ամերիկյան օնկոլոգիական միությունն առանձնացրել է ստամոքսի քաղցկեղի հետևյալ ախտանշանները.

· մարսողության խանգարում կամ այրոց,

· որովայնի ցավեր կամ տհաճ զգացողություններ,

· սրտխառնոց ու փսխում,

· փորլուծություն կամ փորկապություն,

· ուտելուց հետո առաջացող փորափքանք,

· ախորժակի կորուստ,

· թուլություն ու հոգնածություն,

· արյունահոսություն (փսխելիս կամ արտաթորանքի մեջ):

Ստամոքսի քաղցկեղի առաջացման հավանականությունը բարձրացնող գործոններն են.

· սեռը (տղամարդիկ 2/3 ամգամ ավելի հաճախ են հիվանդանում, քան կանայք),

· տարիքը (55 տարեկանից բարձր),

· աղի, ապխտած, չորացրած ու մարինացված սննդամթերքի չարաշահումը,

· ծխախոտի ու ալկոհոլի չարաշահումը,

· գենետիկ հակվածությունը,

· ստամոքսի վիրահատությունները,

· ստամոքսում «Helicobacter pylori» բակտերիայի առկայությունը, ինչը կարող է դառնալ ստամոքսի խոցային հիվանդության պատճառ:

Այս ախտանշանները հայտնաբերելու դեպքում հարկավոր է անմիջապես բուժզննում անցնել: Ոչ մի դեպքում չի կարելի հետաձգել այն, քանի որ հակառակ դեպքում կարող է շատ ուշ լինել: Նման ախտանշանների դեպքում հիվանդը, առաջին հերթին, ուղարկվում է գաստրոէնտերոլոգի մոտ, որն էլ անց է կացնում հետագա բուժզննումը:


Comentários


bottom of page