top of page

Հայաստանի պատասխանն ադրբեջանական դիվերսիային|lragir.am

  • ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
  • 23 окт. 2016 г.
  • 2 мин. чтения

lragir.am-ը գրում է.

Պաշտպանության նոր նախարար Վիգեն Սարգսյանն, անդրադառնալով նախօրեին ադրբեջանական դիվերսիոն փորձերին, որ կասեցրել է հայկական զինուժը, հիշեցրել է Իսրայելի նախկին վարչապետերից մեկի խոսքը` այդ ամենը կշարունակվի այնքան, քանի դեռ հակառակորդը մեր զավակներին ավելի է ատում, քանի սիրում է իր զավակներին:

Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը պետք է այդ ամենին դիմագրավելու համար պատրաստվի ոչ թե երեկվա, այլ վաղվա պատերազմին, տուրք չտալով սպառազինությունների մրցավազքում հակառակորդի ձեք բերածին նույնով հակադրելու գայթակղությանը, այլ գնալով «խելացի սպառազինության» ճանապարհով:

Հայաստանը դրան չունի այլընտրանք, քանի որ ռեսուրսային առումով օբյեկտիվորեն անհամադրելի է Ադրբեջանի հետ: Հայաստանն Ադրբեջանի հետ կարող է մրցել ոչ թե ռեսուրսային ծավալով, այլ կառավարման արդյունավետությամբ, որակով, ՕԳԳ-ով:

Ռեսուրսի առումով տարբերությունը չափազանց մեծ է: Ընդ որում, այստեղ այն դիտարկումները, թե նույնն էր նաեւ Արցախի առաջին պատերազմում, բայց հայկական կողմը հաղթեց թե թվով, թե սպառազինությամբ գերակշռող հակառակորդին, այդքան էլ համարժեք եւ տեղին չեն: Առաջին պատերազմի ընթացքում կիրառվող սպառազինությունը բոլորովին այլ էր, ներկայում կիրառվող սպառազինությունը եւ այլ տեխնիկական միջոցները որակապես այլ են, արդիական: Հետեւաբար, առաջին պատերազմի ռեսուրսային տարբերությունը շատ ավելի հեշտ չեզոքացնելի էր, քան այն, որ կա այժմ:

Բայց, քանի որ Հայաստանը չունի ներկայում այդ տարբերությունը ծավալային առումով վերացնելու հնարավորություն, առաջանում է որակական հնարավորությունները բազմապատկելու անհրաժեշտություն, այլապես տարբերությունը կարող է բերել աղետի:

Իսկանդերն ու Սմերչը ամենեւին որակ չեն: Դրանք պարզապես որակական մրցակցություն իրականացնելու հնարավորություն ապահովող, կամ ինչպես ասում են` զսպող միջոց են:

Այդ իմաստով, Վիգեն Սարգսյանն իրավացի է` Հայաստանը պետք է գնա «խելացի սպառազինության» ճանապարհով, առավել եւս, որ Հայաստանն ունի դրա համար անհրաժեշտ բավական կարողունակ գիտատեխնիկական ներուժ: Հայաստանը չունի այդ ամենն առավելագույն արդյունավետությամբ համադրելու եւ գեներացնելու մեխանիզմներ:

Այդ համատեքստում, Վիգեն Սարգսյանը նախարարության առաջին իսկ օրերից առաջ քաշեց ազգ-բանակ գաղափարը, որը ոչ միայն աշխարհում նոր հայեցակարգ չէ, այլ նաեւ Հայաստանում շոշափվել է տարբեր հարթակներում, թե մեդիա, թե հասարակական-քաղաքական: Բանակը տնտեսության համար բեռից պետք է վերածվի տնտեսության լոկոմոտիվի, ընդ որում ինովացիոն տնտեսության լոկոմոտիվի: Այդ մասին գրել ենք բազմիցս:

Այդ միտքը նշանակումից անմիջապես հետո արտահայտել է նաեւ Վիգեն Սարգսյանը: Նույն միտքը, արդեն ոչ թե տեսական ձեւակերպման, այլ պրակտիկորեն իրականացված ծրագրի մասին պատմության տեսքով արտահայտել էր Իսրայելի նախկին վարչապետ, մի քանի շաբաթ առաջ կյանքից հեռացած Շիմոն Պերեսը` մոտ մեկ տարի առաջ Ուկրաինայում հնչեցրած իր հայտնի ելույթում, որ վերաբերում էր Իսրայել պետության կայացմանը:

Այստեղ շփոթություն չառաջացնելու համար հարկ է արձանագրել, որ ազգ-բանակ հայեցակարգը, որն իհարկե կարող է ենթադրել բազմաթիվ մոդելներ, թերեւս չի նշանակում «ամեն ինչ բանակի համար» սկզբունք, «մենք բոլորս զինվոր ենք» պաթետիկ կարգախոս, ավտոմեքենաների հետեւի ապակիներին փակցված «մեր զինվորի ցավը տանեմ» կամ այդօրինակ արտահայտություններ:

Պաշտպանության նոր նախարարը կարծես թե սկսել է հաճախ խոսել այդ մասին, ինչը ողջունելի է: Բայց պետք է նաեւ արագ ու դինամիկ գործել: Այլապես ազգ-բանակ հայեցակարգը առավելագույնը կարող է դառնալ իշխող համակարգի ձեռքին մանիպուլյատիվ հերթական միտքը կամ գաղափարը, որով ընդամենը մշակվում են ազգի վրա իշխելու հարատեւության տարբերակներ:

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում

Comments


bottom of page