Քաղաքացին «Բարի Սամարացի»-ի ղեկավարին կասկածում է իր հորաքրոջ մահվան մեջ. փաստաբանը նշում է, որ դրա
- Zohrap Amiryan
- 23 окт. 2016 г.
- 4 мин. чтения

Գայանե Մաթևոսյանը կասկածում է «Բարի Սամարացի» ընկերության ղեկավար Հովհաննես Հովակիմյանին իր հորաքրոջ՝ Սուսաննա Աբրամովայի տանը խարդախությամբ տիրանալու և մահվան պատճառը դառնալու մեջ․այս մասին նա Tert.am-ին հայտնեց՝ նշելով, որ փորձում է հարցը լրատվամիջոցներով ներկայացնել, քանի որ վստահ է, որ Հովհաննես Հովակիմյանը կարող է լծակներ օգտագործել և իր արած գործողությունների համար պատիժ չկրել: Նա մասնավորապես պատմեց, որ իր հորաքույրը՝ 50-ամյա Սուսաննա Աբրամովան, 2016թ. օգոստոսին է մահացել: Նա Ադրբեջանից էր եկել և հաստատվել էր Հայաստանում․ այստեղ տուն էին գնել, հետագայում ամուսնացել և ամուսնալուծվել էր: Մոր մահից հետո էլ այդ տանը միայնակ էր բնակվում, քույր ու եղբայրներ չուներ: Սուսաննայի մոտ 9 տարի առաջ քաղցկեղ էին հայտնաբերել: «Հորաքույրս հիվանդության հայտնաբերումից հետո սկսել էր բուժումը, մենք էլ մեր հերթին իրեն օգնում էինք: Երբեմն գալիս էր Ուկրաինա, սակայն նշում էր, որ իր տանն է ցանկանում ապրել: 5 տարի առաջ Սուսաննան հանդիպել էր «Բարի Սամարացի» աղանդի (իրենք եկեղեցի են ասում, բայց դա աղանդ է – Գայանե Մաթևոսյան) անդամներին, որից հետո միացել էր նրանց: Բոլոր անդամներին ասում էր, որ իր քույր ու եղբայրներն են, բայց ամենակարևորն այն էր, որ պնդում էր, թե Աստծո շնորհիվ բժշկվել է: Այն «քույրիկ-եղբայրներին», ովքեր տուն չունեին կամ էլ մարզերից էին, բոլորին Սուսաննան իր հարկի տակ էր ընդունում»,- պատմեց Գայանե Մաթևոսյանը: Նա նաև նշեց, որ մահվանից հետո «Բարի Սամարացի» ընկերության ղեկավարը նշել էր, թե մահացածը խնդրել էր իրեն, որ ինքը կազմակերպի իր հուղարկավորությունը: «Ինձնից երիտասարդ տեսք ունեցող կին էր, չէր ցանկանում մահանալ: Չեմ հավատում, որ նա խոսել է մահից, դեռ մի բան էլ ասել է, որ ինձ դու կթաղես,- պատմեց նա՝ ավելացնելով, որ հորաքրոջ մահվանից հետո նա Հովհաննես Հովակիմյանին հայտնել է թաղման ծախսերը հոգալու իր ցանկության մասին,- նա ասաց, որ ինքն է ցանկանում ծախսերը հոգալ, ասացի՝ դու վրան ավելացրու գումար: Պայմանավորվեցինք, բայց մի պայմանով, որ մեկ ժամ գոնե հորաքրոջս տանենք իր տուն: Ասաց՝ խնդիր չկա: Ես հարևաններին զգուշացնում եմ, որ հորաքրոջս կբերենք իր տան մոտ, նրանք հավաքվում են, բայց Հովհաննես Հովակիմյանը, մեզ հաշվի չառնելով, միանգամից տանում է գերեզման»: Հետո, ըստ Գայանե Մաթևոսյանի պատմածի, ինքը փորձում է խոսել Հովհաննես Հովակիմյանի հետ՝ կապ հաստատելով նրա «աջ թևի»՝ Սաքոյի հետ և հայտնում իր ցանկության մասին: Վերջինս նախ ասում է՝ կտեղեկացնի Հովհաննես Հովակիմյանին, հետո զանգում և ասում է․«Հովհաննես Հովակիմյանը քեզ ասելու բան չունի»: «Ասացի՝ դռները փակել, գնացել եք, բայց դեռ հարցեր կան պարզաբանելու: Ասացի՝ այդ մարդը բարեկամներ, հարազատներ ունի դրսում, եկեք՝ տեսնենք, թե ինչ ճակատագիր պետք է ունենա իր գույքը: Ասացի՝ ես իրեն 1 ժամ ժամանակ եմ տալիս, եթե այդ ընթացքում ինքն ինձ հետ չկապվեց, ես արդեն ուրիշ քայլերի եմ դիմելու»,- ասաց նա: Նրա խոսքով՝ Հովհաննես Հովակիմյանը, վախենալով լրագրողներին դիմելու իր քայլերից, զանգում և հանդիպման համար պայմանավորվում է: «Խուճապի մեջ էր: Ասացի՝ ո՞նց խոսալու բան չունենք, տան հարցը ինչպե՞ս է լուծվելու: Ասաց՝ ինչո՞ւ պետք է ուրիշի տան մասին խոսենք: Ասացի՝ դա իմ հորաքրոջ տունն է, ի՞նչ է նշանակում ուրիշի տունն է: Պատասխանեց՝ արդեն մեկ տարի առաջ գնել է: Ես ասացի՝, որ չեմ հավատում, որովհետև այդ մարդը վեց ամիս առաջ խոսում էր տան գազի կետերի մասին, որոնք օրինական չէին և ցանկություն ուներ օրինականացնել: Մենք իրար հետ պայմանավորվում էինք, թե ինչպես պետք է դա անենք: Ես ասացի, որ իր խոսքերին չեմ հավատում, թող փաստաթղթեր ներկայացնի»,- պատմեց Գայանե Մաթևոսյանը՝ ավելացնելով, որ Հովհաննես Հովակիմյանը ասում է, որ տան սեփականաշնորհման իրավունքը իր որդու անունով է, ավելի ուշ՝ իրենց խոսակցությունից հետո Հովհաննես Հովակիմյանը նրան ուղարկում է այդ մասին փաստող վկայականը: Ըստ Գայանե Մաթևոսյանի՝ գործարքը տեղի էր ունեցել հուլիսի 7-ին, ըստ պայմանագրի՝ տունը գնել էր 23 միլիոն դրամով, սակայն Հովհաննես Հովակիմյանը նախապես ասել էր, որ վճարել է 26 միլիոն: «Ինքը գումար չի տվել, որ իմանա՝ 23 է տվել, թե՝ 26: Հարցնում եմ, որ մեկ ամիս առաջ այդ մարդը տունը վաճառել է, որտե՞ղ է գումարը: Հարևաններն էլ ասում են, որ այդ ժամանակ հորաքրոջս մոտ գումար չի եղել»,- պատմեց նա՝ նշելով, որ ամենը հաշվի առնելով՝ որոշում է դիմել լրատվամիջոցներին՝ խնդիրը բարձրաձայնելու համար: Գայանե Մաթևոսյանն իր կասկածները հիմնավորեց նաև նրանով, որ իր հորաքույրը հայերեն կարդալ, գրել չգիտեր, կրթությունը ռուսական էր: «Կադաստրից պայմանագիրը վերցնում եմ՝ մանր տառերով, Ա4 ֆորմատի թղթի վրա: Հնարավոր չէր, որ նման մեծ գործարքն այդպես արվեր․ ո՛չ իրավաբան կար, ո՛չ թարգմանություն կար, ո՛չ նոտար: Ինչ-որ Ջավահիր Ամիրբեկյան, չի էլ ստորագրում իր անվան տակ, ամենաներքևում մի փոքր ստորագրություն կա: Նորմալ չէր, նրան խաբել էր, որովհետև Հովհաննես Հովակիմյանը խոսք էր տվել հորաքրոջս տեղափոխել Գերմանիա բուժման համար: Ես այդպես եմ ենթադրում, որովհետև հորաքույրս արտասահմանյան անձնագիր էր հանել: Հնարավոր է՝ հորաքրոջս ստորագրությունը լինի, բայց նա չի իմացել ինչի տակ է ստորագրում: Հնարավոր է՝ ասել է, որ վիզայի տակ պետք է ստորագրես, իմ տղան քեզ տանելու է, հորաքույրս էլ ստորագրել է»,– ասաց նա: Գայանե Մաթևոսյանը պատմեց, որ լրատվամիջոցներում իր ներկայացրածների հիման վրա, քրեական գործ է հարուցվել 178-րդ հոդվածի 3-րդ կետով՝ որպես խոշոր չափերի խարդախություն, հավաքված փաստաթղթերն ուղարկվել են ձեռագրաբանական ստուգման: Հիմա Գայանե Մաթևոսյանն այլ կասկածներ ունի․ նրան զարմանք է պատճառել այն հանգամանքը, որ հորաքրոջ շիրմի վրա Հովհաննես Հովակիմյանը ցեմենտ է թափել տվել: «Ես նման բան չեմ տեսել: Հիմա հասկանում եմ՝ ինչո՞ւ է նման բան արել: Վերջին քիմիայից հետո Սուսանը վատացավ: Երբ նրան պահում էի, ինքն ասաց՝ Գայանե, էս ի՞նչ էշություն արեցի, գնացի քիմիայի, հիմա էլ ահավոր վատ եմ, մեջս կարծես ամեն ինչ վառվում է»,- ասաց նա՝ ավելացնելով, որ մահվան վկայականում էլ նշված է, որ մահացածի մոտ եղել է լյարդի սուր անբավարարվածություն և չի նշված, որ նա մահացել է քաղցկեղից: «Այստեղ հարց է առաջանում՝ ինչու՞ եք տարել այդ մարդու գերեզմանի վրա ցեմենտ թափել դեռ քառասունքը չեղած: Ես կարծում եմ, որ իրենց գործը անելուց՝ փաստաթղթերը դասավորելուց հետո, վաղաժամ հորաքրոջս էն աշխարհ են ուղարկել»,- ասաց նա՝ նշելով, որ ցեմենտն էլ գերեզմանի վրա են լցրել, որ արտաշիրիմում չլինի: Հիմա, ըստ Գայանե Մաթևոսյանի, Հովհաննես Հովակիմյանը իր հորաքրոջ տունը վարձով է տվել, պատճառաբանելով, թե հորաքույրը ցանկացել է, որ տան վարձը բաժանվի աղքատներին: Այս հարցով ևս Գայանե Մաթևոսյանը դիմել է իրավապահ մարմիններին՝ նշելով, որ նախաքննության փուլում բնակարանը պետք է կողպված մնար․ դեռ պատասխան չի ստացել: Գայանե Մաթևոսյանը լրատվամիջոցների միջոցով նաև ցանկանում է իրավապահ մարմինների ուշադրությունը հրավիրել իր հորաքրոջ մահվան վրա՝ հայտնելով իր կասկածները: Tert.am-ը զրուցեց նաև Հովհաննես Հովակիմյանի շահերը ներկայացնող Վաղինակ Աթոյանի հետ, ով նշեց, որ ինքը գործի հետ կապված ոչինչ չի կարող ասել, քանի որ քննչական մարմինները դրանով զբաղվում են, քննության արդյունքում կպարզաբանվի ամեն ինչ: «Ներկայացվածը կարող է Գայանե Մաթևոսյանի ենթադրությունների արդյունքը լինի: Հիմա քննություն է ընթանում, դրանով իրավապահ մարմինները զբաղվում են․ ոչ ոք չգիտի, թե իրականում ինչ է կատարվել, մինչև քննության արդյունքներ չլինեն, ինչպե՞ս կարելի է հարցին գնահատական տալ»,- ասաց նա: Դիտարկմանը, թե Գայանե Մաթևոսյանը մտավախություն ունի, որ Հովհաննես Հովակիմյանը, ով ունի մեծ կարողություն և լծակներ, կարող է ազդեցություն ունենալ իրավապահ մարմինների վրա, Վաղինակ Աթոյանը պատասխանեց․ «Ի՞նչ է, իրավապահ մարմինների արդարության վրա՞ է կասկածում: Դեռ պետք է կարողանա իր ասածները ապացուցել, միայն ենթադրություններով հարցը չի կարող լուծվել»:
Հռիփսիմե Հովհաննիսյան
http://www.tert.am/am/news/2016/10/23/samaraci/2170927
Commentaires