top of page

Մխիթար Սպարապետի գերեզմանը մամռակալած է եւ անգամ ցանկապատ չունի |aravot.am

  • Zohrap Amiryan
  • 25 окт. 2016 г.
  • 2 мин. чтения

Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանի Ճոճվող կամուրջը, քարանձավային բնակավայրերը անկրկնելի ու նմանը չունեցող զբոսաշրջային ուղղություններ են, որը ե՛ւ տեղացիներն են վայելում, ե՛ւ օտարերկրյա հյուրերին ենք զարմացնում: Զբոսաշրջային այդ ուղղության վրա է գտնվում մոռացված ու ավերված մի գերեզմանատուն, որտեղ թաղված է Մխիթար Սպարապետը: Այո, խոսքը մեծ Սպարապետի՝ Մխիթարի տարիներ ի վեր անմխիթար գերեզմանի մասին է, անկասկած բոլորն էլ լսել են՝ գիտեն նրա մասին, գիրքն են կարդացել կամ ֆիլմը դիտել: Քչերին է հայտնի, որ սպարապետի գերեզմանը գտնվում է Հին Խնձորեսկ գյուղի Անապատի եկեղեցու բակում: Այս պանթեոնում են թաղված նաեւ սպարապետի զինակից ընկեր Մելիք Բարխուդարը, նրա դուստր Գոհարը: Շատ հայտնի հերոսների անուններ էլ կթվարկեի, բայց պատճառը «հայտնի» գերեզմանատան անտեր վիճակի պատճառով վնասված ու մաշված, մամռակալած գերեզմանաքարերի վրայի գրությունների անընթեռնելիությունն է: Այս սրբատեղին հիմա հարակից գյուղերի անասունների արոտավայրն է: Ժամանակի հոյակերտ Մեծ Անապատի եկեղեցական համալիրից եկեղեցու ավերակներն են միայն, հետեւում՝ դպրոցինը, եկեղեցին էլ է մոռացված, 120-ից ավելի հայտնի հերոսների գերեզմաններն էլ: Այս կարեւոր հուշարձանի մասին նույնիսկ չէինք էլ իմանա, եթե 4 տարի առաջ Հին Խնձորեսկի մի քանի բնակիչներ՝ Ժորա Ալեքսանյանը, Սեւադա Շահնազարյանը եւ այլք իրենց նախնիների բնակավայրը շենացնելու գաղափարի շուրջ չհամախմբվեին: Պարոն Ալեքսանյանն իր միջոցներով՝ առանց բիզնես նպատակ հետապնդելու, կառուցել է տուրիստական այդ ուղղությունը, որպեսզի գյուղն ու հերոսները անհայտության մեջ չկորչեն: Քչից շատից վերականգնել են Հին եկեղեցին, Սպարապետի գերեզման ուղեկցող ճանապարհն էլ ձեռքով են փորել, մաքրվել ու վերականգնվել են մի քանի ժայռափոր տներ: Սեւադա Շահնազարյանն էլ հսկում էր Ճոճվող կամրջի անվտանգությունը, պատմում նորաբաց թանգարան ժայռափոր բնակատեղիների առանձնահատկությունների մասին, ասում, որ «հարձակման ենթարկվելու վտանգը խնձորեսկցիներին ստիպել է որպես կացարան հարմարեցնել քարանձավները, որոնք փորված էին ժայռի մեջ, գետնից 20-30 մ բարձրության վրա»: Նա է հետաքրքրվածներին ուղղորդում դեպի Սպարապետի գերեզման: Բայց այս մարդկանց ուժերն ու ներդրումը քիչ են՝ առանց պետական հոգածության պահպանելու այս տարածքի պատմական ու մշակութային արժեքները: Եվ ամենաուշագրավն այն է, որ ամեն առիթով կառավարության պատասխանատուները նշում են, որ զբոսաշրջության զարգացումը մեր երկրի համար ռազմավարական ծրագիր է: Տեղացիները համոզված են, որ մշակութային այդ արժեքները պահելով՝ ե՛ւ պատմությունը կպահպանեն, ե՛ւ շրջակա գյուղերը աշխատանքով կապահովեն: Պատմական գերեզմաններն անգամ ցանկապատ չունեն:

ԱՆՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/10/24/621800/?utm_source=dlvr.it&utm_medium=facebook © 1998 - 2016 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Comments


bottom of page