Սերժ Սարգսյան. մեծ մանիպուլյատորը|armtimes.com
- Zohrap Amiryan
- 26 окт. 2016 г.
- 3 мин. чтения

armtimes.com-ը գրում է.
Սերժ Սարգսյանը արդեն երկար ժամանակ իրականացնում է բոլորին ամեն ինչ տալու քաղաքականություն: Խոսքը հասարակական, քաղաքական եւ քաղաքացիական տարբեր շերտերի պահանջների կատարման մասին է: Սարգսյանն ակնհայտորեն առաջնորդվում է «Կովկասի գերուհու» հայտնի հերոսի` «Ով որ մեզ խանգարում էր, նա էլ մեզ կօգնի» սկզբունքով:
Սա ենթադրում է հետեւյալը. երկրում կան ընդդիմադիր քաղաքական միավորներ, քաղաքացիական հասարակություն ներկայացնող խմբեր, որոնք դժգոհ են իշխանության կառավարման այս կամ այն ուղղությունից, հրապարակային արտահայտում են այդ դժգոհությունն ու հանրությանն առաջարկում սեփական պատկերացումը, թե ինչ պետք է անել: Սերժ Սարգսյանի իշխանությունն այդ առաջարկությունները ֆիլտրում է, առանձնացնում բոլոր նրանք, որոնց իրականացումը տվյալ պահին ողջամիտ է թվում, դրանցում առկա գաղափարները սեփական մշակման ենթարկելով յուրացնում է եւ սկսում իրականացնել: Եթե նայենք Սարգսյանի կառավարման անցած 8 տարվա, կտեսնենք, որ հենց նման աշխատանքային ոճի հետ գործ ունենք:
Այսօր էլ Սարգսյանը նույնն է անում: Նորանշանակ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը անցյալ շաբաթ Ազգային ժողովում հայտարարեց պաշտպանության համակարգի հիմքում դրվող նոր կոնցեպցիայի մասին. «Բանակաշինությունից անցնում ենք ազգ-բանակի կառուցման»: «Ազգ-բանակը» նոր գաղափար չէ, դրա մասին դեռեւս երկու տարի առաջ խոսել են Հիմնադիր խորհրդարանն ու Ժիրայր Սեֆիլյանը: 2014 թ. Հիմնադիր խորհրդարանը «Ազգ-բանակ հասարակական կոմիտե» ստեղծելու մասին մամուլի հաղորդագրություն տարածեց, որտեղ նաեւ բացատրել էր, թե ինչ է դրված ազգ-բանակ գաղափարի հիմքում: «Ձեւավորել համազգային պաշտպանական ներուժը մոբիլիզացնելու եւ նրա արդյունավետ կիրառումն ապահովելու ունակ պաշտպանական համակարգ, իսկ պետության մյուս հաստատությունների գործունեությունը կառուցել դրա առանցքի շուրջ»:
Արդեն մանրամասն մշակված գաղափարը անցյալ շաբաթ ԱԺ ամբիոնից ներկայացրեց Վիգեն Սարգսյանը: Ճիշտ է, Վարուժան Ավետիսյանը բանտից նոր նախարարին մեղադրեց իրենց գաղափարը խեղաթյուրելու մեջ, սակայն այս պահին դա չէ կարեւորը: Կարեւորն այն է, որ Հիմնադիր խորհրդարանի գաղափարը վերագրվել է Սերժ Սարգսյանին եւ իրագործվում է նրա թիմի կողմից: Սա ընդամենը մեկ օրինակ է:Մենք, իհարկե, չենք տիրապետում բոլոր քաղաքական ուժերի եւ քաղաքացիական խմբերի հրապարակ նետած գաղափարներին եւ առաջարկություններին: Համոզված ենք, սակայն, որ նոր կառավարության (նաեւ՝ նախորդ կառավարությունների) ծրագիրը ուսումնասիրելիս շատ ուժեր իրենց հարազատ կտորներ կգտնեն:
Նույնը վերաբերում է ավելի լայն հասարակական պահանջներին: Օրինակ` հասարակությունը պարբերաբար պահանջո՞ւմ է կառավարության հրաժարականը, նույն պարբերականությամբ էլ այս պահանջը բավարարվում է: Ավելի արդար ընտրությունների պահա՞նջ կար եւ դրա համար պե՞տք էր Ընտրական օրենսգիրքը փոխել, ԸՕ-ն արդեն փոխված է: ՀԱԿ-ն ու մի քանի այլ կուսակցություններ պահանջո՞ւմ էին, որ ընտրողների ստորագրված ցուցակները հրապարակվեն, այսուհետ այս ցուցակները կհրապարակվեն: ՀՅԴ-ն կոալիցիա եւ պաշտոննե՞ր էր ուզում, ստացավ ինչ ուզում էր:
Մարդիկ պահանջում են, որպեսզի չարաշահում կատարած պաշտոնյաներն անպատի՞ժ չմնան, ժամանակ առ ժամանակ որեւէ միջին չինովնիկ է ձերբակալվում: Ժամանակին մարդկանց զզվեցրե՞լ էին թիկնապահներով եւ ավտոշարասյուներով դեմոնստրատիվ շրջող իշխանավորներն ու օլիգարխները, այդ երեւույթը վաղուց արդեն վերացել է: Քաղաքացիական ակտիվիսները պահանջում էին, որպեսզի Մաշտոցի պուրակի մետաղական կոնստրուկցիաները ապամոնտաժվե՞ն, այդ պահանջը բավարարվեց. Մաշտոցի պուրակում նույնիսկ դաշնամուր տեղադրվեց: Պահանջում էին, որ Երեւանում տրանսպորտի գինը չբարձրանա՞, չբարձրացավ:
Սրանք միայն այն օրինակներն են, որ կարողացանք հիշել առանց մեծ ջանք գործադրելու: Համոզված ենք՝ ցանկը կարելի է շատ երկար շարունակել: Նույն տրամաբանության շրջանակներում առաջիկայում մի քանի այլ պահանջների կատարման ականատեսը կլինենք:
Օրինակ` հանրությունը պահանջում է քաղբանտարկյալների ազատ արձակո՞ւմ, առաջիկայում համաներում կլինի, եւ թերեւս քաղբանտարկյալների մեծ մասը բանտերից դուրս կգան: Տնտեսական մոնոպոլիաների վերացման հասարակական պահա՞նջ է ձեւավորվել, մինչեւ հաջորդ խորհրդարանական ընտրություններ մեկ-երկու հնչեղ անուն ունեցող մոնոպոլիստ կկորցնի իր մոնոպոլիայի մի որեւէ հատված: Գազի գնի իջեցման պահա՞նջ կա, նոր Գազի Կարենն առաջիկայում այս հարցին էլ լուծում կտա:Թերեւս կշարունակվի նաեւ կառավարման համակարգից վարկաբեկված պաշտոնյաների հեռացումը: Ասենք, օրինակ, պաշտոնանկ կարվի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, որի տեղը կնշանակվի Սերժ Սարգսյանի օգնականներից մեկը:
Հարց է առաջանում, ի՞նչ իմաստ ունեն այս բոլոր միջոցառումները, մանավանդ, որ դրանք հիմնականում իմիտացիայի դաշտում են մնում՝ այդպես էլ խորքային բնույթ չստանալով եւ երկրի ու քաղաքացու կյանքում որեւէ բան չփոխելով:
Պատասխանը մեկն է. ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը մարտի 1-ի արյան վրա իշխանության գալով, անմիջապես հասկացավ, որ Քոչարյանի բռնակալական կառավարումը շարունակելու դեպքում շատ արագ կկանգնի նոր մարտի 1-երի առաջ` իշխանությունը կորցնելու ռեալ վտանգներով: Ուստի նա որոշեց գնալ նոր` մանիպուլյացիոն կառավարման ուղիով, ինչն էլ հաջողությամբ իրականացնում է մինչ օրս:
Պետք է խոստովանել, որ հանրային խոշոր մանիպուլյացիաներով իշխանություն պահպանելը հեշտ առաջադրանքներից չէ, շատ հաճախ ստիպում է երկսայրի սրի վրայով է քայլել: Սերժ Սարգսյանն էլ վաղուց տապալված կլիներ, եթե պաշտոնի բերումով ԱԱԾ-ում համապատասխան պրակտիկա անցած չլիներ:
Մանրամասները սկզբնաղբյուրում
Commenti