top of page

Հայաստանի ժողովրդավարության գնդակահարումը. հարցեր, որոնց պատասխանը չկա (տեսանյութ)

  • Zohrap Amiryan
  • 27 окт. 2016 г.
  • 2 мин. чтения

17 տարի առաջ այս օրը Ազգային ժողով- Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ահաբեկչական հարձակման զոհ դարձան ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը եւ չորս այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ:

Պետության համար ճակատագրական այս գործը դատարանը քննեց երեք տարի: Դատավճիռը հրապարակվեց 2003 թ. դեկտեմբերի 3-ին: Ըստ պաշտոնական գնահատականի՝ կատարվել էին հնարավոր բոլոր անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունները՝ 172 հարցաքննություն, բազմաթիվ առերեսումներ, զննություններ, առգրավումներ, նշանակվել փորձաքննություններ։ Պահանջվել և ուսումնասիրվել էին բազմաքանակ փաստաթղթեր։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ ՀՀ ոստիկանությանը, ազգային անվտանգության ծառայությանը, ռազմական ոստիկանությանը, ինչպես նաև հետաքննության այլ մարմիններին տրվել է 46 հանձնարարություն։ Այս ամենը, սակայն, բավարար չէր, որպեսզի իրական կազմակերպիչները հայտնվեին ճաղերի ետեւում. համոզված է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ նշում է, թե ահաբեկչությունը հարված էր պետությանը: Փորձ արվեց գլխատել Հայաստան պետությունը: Հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ձեռնարկված քայլերը նա արդյունավետ չի համարում, ասելով, թե ժամանակավոր հանձնաժողովներ ստեղծվեցին, բայց հասարակությանը հուզող բազմաթիվ հարցեր շարունակում են մնալ չբացահայտված:

Իշխանության ներկայացուցիչները, սակայն, հակադարձում են. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը իրավական տեսանկյունից բացահայտված է: Պատմությունը ժամանակի ընթացքում կանդրադառնա տեղի ունեցածին՝ նշում է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: 1999 թվականի հոկտեմբերի 27-ի գործով դատավարությունը չտվեց հիմնական հարցի պատասխանը՝ ինչու եւ ինչպես եղավ:

Պետական բարձրաստիճան պաշտոնյաներին դաժանաբար գնդակահարած ահաբեկիչները 2003 թվականի դեկտեմբերի 2-ի դատավճռով դատապարտվեցին ցմահ ազատազրկման, հանցախմբի եւս մեկ անդամ դատապարտվեց 14 տարվա ազատազրկման: Նրանցից երեքը հետագայում տարբեր հանգամանքներում մահացան. Նորայր Եղիազարյանը էլեկտրահարվեց, ոճրագործ եղբայրների քեռին՝ Վռամ Գալստյանը, ինքնասպանություն գործեց, իսկ Համլետ Ստեփանյանը հանկարծամահ եղավ: Դեպքերի ականատեսներից մի քանիսը, որոնք արագ հայտնվեցին Հայաստանի սահմաններից դուրս, կասկածելի հանգամանքներում մահացան: Արդյունքում՝ հասարակությունը չի հավատում, որ ոճրագործները գործել են միայնակ: 27-ի հանցագործությունը լիարժեք բացահայտված չէ: Տասնյոթ տարի անց հասարակությանը հայտնի է այն, ինչ հայտնի էր 1999 թվականի հոկտեմբերի 27-ին:

Փայլակ Ֆահրադյան

Comments


bottom of page