top of page

Գիտնականները պարզել են, թե ինչ է հարկավոր անել կաթվածից չմահանալու համար |Tert.am Medicine

  • Zohrap Amiryan
  • 28 окт. 2016 г.
  • 2 мин. чтения

Բոլորն էլ գիտեն, որ ֆիզիկական ակտիվությունն ամրապնդում է օրգանիզմը և իջեցնում է վաղաժամ մահվան հավանականությունը, սակայն ոչ բոլոր են հետևում այդ խորհրդին, քանի որ ունեն բազմաթիվ հոգսեր՝ աշխատանքը, երեխաները, տարիքը և այլն:

Անդրադառնալով տարիքին՝ հարկ է նշել, որ բնականաբար տարեց մարդկանց դեպքում գլխուղեղի կամ սրտամկանի կաթվածից մահանալու հավանականությունը զգալորեն բարձր է: Բացի այդ, տարեց մարդիկ ուշադրություն չեն դարձնում նույնիսկ տարրական մարզանքին, քանի որ նրանց մոտ չկա նման սովորություն, նրանք վախենում են օրգանզիմն ավելորդ ծանրաբեռնելուց և այլն:

Սակայն գիտնականները պարզել են, որ նույնիսկ ամենապարզ ֆիզիկական վարժությունները բավական կլինեն սրտամկանի կաթվածի և գլխուղեղի կաթվածի առաջացման հավանականությունը մի քանի անգամ նվազեցնելու համար: Կանադացի սրտաբանների այս հայտարարությունը տպագրվել է Journal of Cardiopulmonary Rehabilitation and Prevention ամսագրում:

Գիտնականներն անց են կացրել մի գիտափորձ, որի ընթացքում վերլուծել են 200 տարեց տղամարդու և 40 կնոջ առողջական վիճակը: Նրանց բոլորի մոտ էլ վերջերս գլխուղեղի կաթված, սրտի իշեմիկ հիվանդություն, կորոնար անբավարարություն կամ մի շարք այլ սրտանոթային հիվանդություններ են նկատվել:

Գիտափորձի ընթացքում կամավորները որոշ ժամանակ պտտել են հեծանիվ-մարզասարքի ոտնակները, մինչդեռ գիտնականները հետևում էին նրանց սրտի, անոթների և մարմնի այլ մասերի վիճակին:

Արդյունքում գիտափորձը ցույց է տվել, որ բոլոր կամավորները, որոնց ֆիզիկական պատրաստվածությունը համեմատաբար լավ վիճակում էր (նույնիսկ եթե նորմայից 20%-ով ցածր էր), բավական լավ էին հաղթահարում ծանրաբեռնվածությունը, ինչը մի քանի անգամ նվազեցնում էր երկրորդ անգամ կաթվածի առաջացման հավանականությունը:

Մոնրեալի համալսարանի գիտնական Դենիել Կուրնյեի խոսքով սա շատ լավ լուր է այն մարդկանց համար, որոնք արդեն ունեն սրտանոթային համակարգի խնդիրներ. «Նրանց ֆիզիկական պատրաստվածության նույնիսկ մի փոքր բարելավումն արդեն բավարար կլինի՝ գլխուղեղի կաթվածի և սրտամկանի կաթվածի առաջացման հավանականությունը կտրուկ նվազեցնելու համար: Վերջիվերջո պարտադիր չէ սուպերմարզիկ լինել՝ մարզանքից առավելություններ ստանալու համար»:

Գիտնականը նաև հիշեցրել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ սրտանոթային համակարգի խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է շաբաթական առնվազն 150 րոպե վատնել թեթև վարժությունների վրա: Այս խորհրդին հետևելու դեպքում նման խնդիրներից մահանալու հավանականությունը շատ ցածր կլինի:

Comentários


bottom of page