top of page

«Արա՛, զենքը տուր, մեր Էդգարիկին խփեցիր». Սպանության փորձ՝ Երևանի «Պենտհաուս» գիշերային ակումբի մոտ|

  • Zohrap Amiryan
  • 29 окт. 2016 г.
  • 3 мин. чтения

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Խաչատրյանի նախագահությամբ ավարտվել է Տիգրան Թամրազյանի գործի դատական քննությունը:

27-ամյա Տիգրան Թամրազյանին մեղադրանք էր առաջադրված սպանության փորձի ու ապօրինի հրազեն կրելու, գործադրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 1-ին մասերով:

Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի մարտի 31-ին, գիշերվա ժամը 3-ն անց 30-ի սահմաններում Տիգրան Թամրազյանը Երևանի Մարգարյան 8/1 հասցեում գործող «Պենտհաուս» գիշերային ակումբի մուտքի մոտ կյանքից զրկելու նպատակով իր մոտ ապօրինի պահվող ատրճանակից կրակել է Էդգար Ջաբուրյանի որովայնին՝ պատճառելով ծանր վնաս՝ որովայնի ձախ կեսի հրազենային, գնդակային, թափանցող, բարակ աղիների վնասմամբ, կույր վիրավորման ձևով:

Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Տիգրան Թամրազյանը տուժողին սպանելու դիտավորությունը ավարտին չի հասցրել՝ իր կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված՝ միջամտել ու նրա գործողություններին խոչընդոտել են հավաքվածները: Դեպքի վայրից Թամրազյանը դիմել է փախուստի:

2015 թվականի ապրիլի 7-ին Տիգրան Թամրազյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նույն թվականի սեպտեմբերի 19-ին Տիգրան Թամրազյանը ներգրավվել է որպես մեղադրյալ: Ամբաստանյալ Տիգրան Թամրազյանը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել ու հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Նախաքննության ժամանակ ևս նա չի ընդունել առաջադրված մեղադրանքը, պնդել է, թե ինքը ոչ ոքի դիտավորյալ վնասվածքներ չի պատճառել:

Տուժող Էդգարը հայտնել է, որ ամբաստանյալին ճանաչում է որպես իրենց թաղամասի տղայի: Նրա և իր հարաբերությունները նորմալ են:

Դեպքի օրը՝ 2015 թվականի մարտի 31-ի գիշերը, գնացել է «Պենտհաուս» գիշերային ակումբ: Նստել է բարի մոտ, խմել է… 15-20 բաժակ վիսկի: Ակումբում տեսել է իր ծանոթներից երկուսին՝ Կարպիսին ու Մինասին: Միացել է նրանց և շարունակել է խմել: Որոշ ժամանակ հետո ընկերուհու հետ խոսել է հեռախոսով, ապա դուրս է եկել ակումբից, կանգնել է մուտքի դիմաց՝ «փոքր-ինչ մաքուր օդ շնչելու»: Հանկարծ որովայնի շրջանում սուր ցավ է զգացել, ուշագնաց է եղել, հետո արթնացել է հիվանդանոցում: Բժիշկներից է իմացել, որ հրազենային վնասվածք է ստացել, բայց այնքան հարբած է եղել, որ անգամ կրակոցի ձայնը չի լսել: Հիշում է՝ ծանոթ տղաներից մեկը մեքենայով իրեն հասցրել է հիվանդանոց:

Տուժողը պնդել է, թե չգիտի՝ ով է իր վրա կրակել, բայց վստահ է, որ Տիգրանը իր վրա չէր կրակի: Ինքը թշնամիներ չունի: Դեպքի օրը ավելի վաղ Տիգրանին տեսել է ակումբում, իրար բարևել են, բայց ոչինչ չեն խոսել, ինքը նրա հետ չի խմել:

Գիշերային ակումբում ծառայություն իրականացրած ոստիկան Վ. Սիմոնյանը հայտնել է, որ դեպքի պահին ակումբում եղել են մոտ տասը-տասնմեկ հաճախորդ, զբաղեցրել են երկու սեղան:

Реклама 15

Ոստիկանը չի նկատել, թե ինչ է կատարվել ակումբի հաճախորդների միջև, միայն տեսել է, որ երեք հոգի դուրս են եկել ակումբից, հետո դուրս են եկել մյուսները: Ոստիկանն էլ գնացել է նրանց հետևից ու մուտքին չհասած՝ կրակոց է լսել:

Նա դուրս է եկել ու տեսել, որ աստիճանահարթակից մի քանի աստիճան ներքև տղաներ են հավաքված, մեկը կիսակռացած է՝ ձեռքով որովայնը բռնած, իսկ մյուս տղան՝ Տիգրան Թամրազյանը, կանգնած է կռացած տղայից մի քանի աստիճան վերև՝ ձեռքի ատրճանակը դեպի վեր պահած:

Հավաքվածներից մեկն ասել է. «Արա՛, զենքը տուր, մեր Էդգարիկին խփեցիր»:

Մյուսները փորձել են Թամրազյանի ձեռքից վերցնել ատրճանակը, բայց չեն կարողացել: Ոստիկանն էլ չի կարողացել զենքը վերցնել, «քանի որ Թամրազյանը հրաժարվում էր զենքը տալ»:

Միմյանց հրմշտելով՝ հասել են Ֆուչիկի փողոց: Ատրճանակն ինքն իրեն վայր է ընկել, ներկաներից մեկը՝ ո՛չ ոստիկանը, վերցրել է այն՝ ասելով, թե… կվերադարձնի…

Ոստիկանը հայտնել է, թե փոքր ատրճանակը, որը չի հայտնաբերվել, «Բերետա» մոդելն էր հիշեցնում…

Ըստ ոստիկանի՝ կրակոցի պահին ինքը դրսում չի եղել, չի տեսել՝ ով է կրակոց արձակել, միայն տեսել է կռացած տուժողին ու Թամրազյանին՝ ատրճանակը վեր պահած:

Սպանության փորձի հանգեցրած վեճի կամ այլ միջադեպի մասին ոչ ոք ոչինչ չի հայտնել, դատական ակտում սպանություն կատարելու դրդապատճառի կամ դրան նախորդած որևէ միջադեպի մասին խոսք չկա: Միայն նշված է. «Դատարանը գործի փաստական հանգամանքներով հաստատված է համարում, որ ամբաստանյալ Տիգրան Թամրազյանը կատարել է հանցավոր արարքներ, որոնք համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 1-ին մասերով»:

Տիգրան Թամրազյանի խնամքին մեկ մանկահասակ երեխա կա, դեպքի պահին Տիգրանի երեխան եղել է 9 ամսական:

Տիգրան Թամրազյանը մեղավոր է ճանաչվել վերոհիշյալ հոդվածներով ու վերջին հաշվով դատապարտվել է 8 տարի 6 ամիս ազատազրկման:

Նյութը 1in.am

Comments


bottom of page