«Խոհանոցային պատերազմ» Հայաստանի և Թուրքիայի միջև. The Independent
- Zohrap Amiryan
- 30 окт. 2016 г.
- 1 мин. чтения

Ռուսաստանում հայկական երկու ռեստորանների բացումն իսկական իրարանցում է առաջացրել Թուրքիայում լահմաջոյի պատճառով, որը արտասահմանցիները շատ հաճախ կոչում են «հայկական պիցցա»։ Ուտեստն իրենից ներկայացնում է բարակ խմոր, որի վրա լցնում են համեմված միս։ Ե՛վ Հայաստանը, և՛ Թուրքիան լահմաջոն ներկայացնում են որպես ազգային ուտեստ՝ գրում է բրիտանական The Independent-ը։
Թերթը, վկայակոչելով al-Monitor մերձավորարևելյան պարբերականին, գրում է՝ Թուրքիայում նույնիսկ հեռուստատեսությամբ հաղորդումներ են հեռարձակվել՝ բացատրելու համար, թե ինչու լահմաջոն պետք է համարել թուրքական, ոչ թե հայկական կերակրատեսակ։
Ինչպես հայտնի է, հարևան երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, քանի որ Թուրքիան հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Առաջին անգամը չէ, որ ճաշատեսակը դիվանագիտական լարվածություն է առաջացնում Անկարայի և Երևանի միջև. Թուրքիայում հիստերիա էր առաջացել նաև այն բանից հետո, երբ Հայաստանի հայցի հիման վրա լավաշն ընդգրկվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում: Այս որոշման դեմ իրենց բողոքն են արտահայտել նաև Ադրբեջանը, Իրանը, Ղրղըզստանը, Ղազախստանը, որոնք պնդում են, որ լավաշը տարածաշրջանային ուտեստ է, ոչ թե հայկական։
Նշվում է նաև, որ Հայաստանը միակ երկիրը չի, որի հետ Թուրքիան «խոհանոցային» տարաձայնություններ ունի. այդ երկիրն «ապրանքանիշային պատերազմ» է վարում նաև Կիպրոսի, Հունաստանի դեմ՝ ձիթապտղի, փախլավայի, հալվայի հարցով։
http://www.1in.am/2038753.html
Comments