top of page

Ով բիզնես չունի` հայվան է». Վարդան Այվազյանն այս աշուն կրկին ակտուալ է

  • Zohrap Amiryan
  • 31 окт. 2016 г.
  • 2 мин. чтения

chi.am կայքը գրում է..

Վերջին օրերին ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը, որին հանգիստ կարելի է օլիգարխ որակավորումը տալ, չի իջնում մամուլի էջերից։ Մասնավորապես ինֆորմացիոն արտահոսք եղավ այն մասին, որ ՀՀԿ Գերագույն մարմնի նիստի ժամանակ, երբ նորանշանակ վարչապետն ասել է, թե իրենք նախատեսում են գազի սակագինը նվազեցնել, Վարդան Այվազյանը նրան հակադարձել է` սակագին իջեցնել կամ բարձրացնելը կառավարության գործառույթների մեջ չի մտնում։ Դրան հետեւել է Կարեն Կարապետյանի կտրուկ պատասխանը, որ ինքը շատ լավ գիտի, թե կառավարության լիազորությունները որոնք են։

Եղան լրատվամիջոցներ, որոնք անգամ գրեցին, թե Կարապետյանը նրան սաստել է ոչ կոռեկտ տոնայնությամբ ասելով` տեղդ նստիր ու ձայնդ կտրիր։ Դրան հետեւեցին «հերքման» հարցազրույցներ հենց Վարդան Այվազյանի կողմից։ «Ոչ մի հակամարտություն չկա՞ Ձեր ու Կարապետյանի միջեւ», ի պատասխան այս հարցի` Այվազյանն օրերս ասել էր. «Իմ ու պարոն Կարապետյանի միջեւ՞։ Բայց ինչի՞ պետք է լինի, ի՞նչ է` ինքն իմ բիզնեսի ոլորտի վրա՞ է նստած, ես` ի՞ր բիզնեսի։ Բացարձակ։ Ես ասում եմ` ինչ-որ մեկը հարցը մի քիչ սխալ է հասկացել, կիսատ-պռատ ասել է, մյուսն էլ կիսատ-պռատ ըմբռնել ու գրել է։ Սենսացիա են ման գալիս։ Եթե մեր մեջ հակամարտության խնդիր լիներ, ո՞նց կարող է պատահի` նորից իրար հետ մի ժամ քննարկենք» (մեջբերումը` «168.am»-ից)։

Մեզ այս պատմության մեջ վերստին գրավեց Վարդան Այվազյանի լեզվամտածողությունը։ Ինչ խոսեն, այս մարդու մտքին միայն մի բան է գալիս` բիզնես։ Հակամարտության մասին հարցադրումից վերջինս զարմանում է` շտապելով ասել, որ կողմերը նույն բիզնեսի մասով հետաքրքրություն չունեն, այ եթե այդպիսի բան լիներ, ապա կոնֆլիկտն անխուսափելի կլիներ։ Բիզնեսն ու բիզնես մտածողությունը վատ երեւույթներ չեն, պարզապես դրանք կատաստրոֆիկ դեֆորմացիաների են ենթարկվում, երբ դրանց փորձում են մոտենալ անգրագետները, անդաստիարակներն ու գողանալ-քցելը բիզնեսի հետ շփոթողները։ Թե այս կատեգորիաներից որին է պատկանում Վարդան Այվազյանը` թող որոշի ընթերցողը, մենք պարզապես կշարադրենք փաստերը։

Վարդան Այվազյանի ԱԺ-ում հնչեցրած հայտնի մտքերից են` «Ով բիզնես չունի` հայվան է»։ Այս հայտարարությունից բացի շատերն են հիշում «Կարմիր դիպլոմավոր գռուզչիկի» պատմությունը։ Այվազյանն ինքն իրեն հենց այսպես է բնութագրել տարիներ առաջ։ «Կարմիր դիպլոմով գռուզչիկ եմ աշխատել, միանգամից չեմ եկել մինիստր աշխատել, քեզ պես միանգամից չեմ ստացել». հակադարձելով ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին` ասել էր ՀՀԿ-ականը։ Ի պատասխան Արամ Մանուկյանը նշել էր, թե նրանից պահանջում են ընդամենը պահել օրենքները եւ չգողանալ։ «Մի տեղ ցույց տուր գողացածս», վրդովվել էր Վարդան Այվազյանը։ Միջանցքում տեղի ունեցած վեճին միջամտել էր լրագրողը` ասելով, որ «Հետքն» իր գողությունների մասին գրել է։ «Տո «Հետքը» ինչը գրեց, փողը վեկալեց, գրեց ... Ի՞նչը գրեց «Հետքը», ի՞նչ ա գրե։ Էդ ինչը, որ գրել ա, տալիս եմ քեզի»,- շարունակել էր ՀՀԿ-ական պատգամավորը ու լրագրողին հորդորել «չվնգստալ»։ Լրագրողը հակադարձել էր. «Վնգստացողն էլ Դուք եք։ Վնգստում ես դու գերդաստանիդ հետ միասին, բո՛մժ», հակադարձել էր Գոհար Վեզիրյանը։ Այս միջադեպն հատկապես սոցցանցերում ու լրատվական դաշտում մեծ հնչեղություն ստացավ, անգամ ֆեյսբուքյան էջ ստեղծվեց՝ «Վարդան Այվազյանը պետք է պատասխան տա» անվանումով։ Զուգահեռ ներկայացնելով Վ.Այվազյանի դեռեւս բնապահպանության նախարարությունում աշխատած տարիներին իրականացրած չարաշահումները` պահանջում էին նրան զրկել պատգամավորական մանդատից։ Ինչեւէ, պատգամավորը հետո խոստովանել էր, որ չի փոշմանել իր ասածների համար, սակայն լրագրողը հրապարակային հայտարարել էր, թե փոշմանել է, որ սխալ բառ է օգտագործել. «համբալ» բառի կիրառումն, ըստ նրա, այս դեպքում առավել տեղին կլիներ։ Համապատասխան տեսանյութի դիտարկումները Յութուբում բավականին պատկառելի թիվ էին կազմել։

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում

Комментарии


bottom of page