top of page

5 վայելք, որոնք երկարացնում են մարդու կյանքը|Tert.am Medicine

  • Zohrap Amiryan
  • 1 нояб. 2016 г.
  • 2 мин. чтения

Գիտնականները հերքել են այն պնդումը, որ բոլոր հաճելի բաները կամ վնասակար են, կամ ոչ բարոյական: Նրանց խոսքով՝ ամենահասարակ վայելքները կարող են շատ օգտակար լինել առողջության համար:

Թարմ մրգերը բարելավում են հիշողությունը

Գիտնականները պարզել են, որ ամենատարածված ու համեղ դիետաներից մեկը՝ միջերկրածովյան դիետան բարելավում է հիշողությունը և կանխում դեմենցիայի (ծերունական թուլամտություն) առաջացումը: Սակայն լավ արդյունքի հասնելու համար պարտադիր չէ ապրել Միջերկրական ծովի ափին: Պարզապես հարկավոր է պարբերաբար ուտել թարմ մրգեր ու բանջարեղեն, բուսայուղով աղցաններ և ձուկ:

Կարմիր գինին ու շոկոլադը կանխում են Ալցհեյմերի հիվանդությունը

Կարմիր գինու, մուգ շոկոլադի, մորու և կարմիր խաղողի մեջ պարունակվում է ռեսվերատրոլ, որը, ինչպես ցույց են տվել հետազոտությունները, բարելավում է կոգնիտիվ գործառույթները և պաշտպանում է գլխուղեղը բորբոքային գործընթացներից: Այն թույլ չի տալիս, որպեսզի բետա-ամիլոիդային սպիտակուցները ներթափանցեն գլխուղեղ և ոչնչացնեն նեյրոնները, ինչն էլ սովորաբար տեղի է ունենում Ալցհեյմերի հիվանդության դեպքում: Սակայն հարկ է հիշել, որ ամեն ինչ օգտակար է միայն չափավոր օգտագործելու դեպքում:

Սուրճը կանխում է քաղցկեղը

Յորքի համալսարանի գիտնականները պարզել են, որ սուրճը յուրահատուկ մարզանք է սրտի համար: Ընդ որում՝ նույնիսկ սրտի կաթվածի դեպքում այն կարելի է շարունակել խմել: Սակայն այլ ըմպելիքը նույնպես պետք է օգտագործել չափավոր՝ օրական ընդամենը 2 բաժակ: Բացի այդ, գիտնականները նաև պարզել են, որ սուրճի սիրահարների մոտ ¼-ով նվազում է հաստ աղիքի և ուղիղ աղիքի քաղցկեղի առաջացման հավանականությունը:

Համատեղ քունն օգնում է հաղթահարել անքնությունը

Գիտնականները պարզել են, որ համատեղ քունը ոչ միայն հաճելի է, այլև լավագույն միջոցն է անքնության դեմ: Նրանց խոսքով՝ սիրելի մարդու ներկայությունը պաշտպանվածության ու հանգստության զգացում է պարգևում, ինչն օգնում է արագ ու հեշտ քնել:

Բացի այդ, առողջ քունը նաև երջանիկ ամուսնական կյանքի գրավականն է, քանի որ այն բարձրացնում է մարդու տրամադրությունը: Անքնությամբ տառապողների օրգանիզմում կտրուկ իջնում է գլյուկոզայի մակարդակը, ինչի հետևանքով նրանք զայրացած ու դյուրագրգիռ են լինում:

Սերն ավելի խելացի է դարձնում

Ի հակառակ տարածված կարծրատիպի՝ սերը մարդկանց ավելի խելացի է դարձնում: Չինացի գիտնականները մի շարք գիտափորձերի արդյունքում պարզել են, որ սիրող ու սիրված մարդկանց գլխուղեղն ավելի լավ է աշխատում: Ընդ որում՝ ակտիվանում են ուսուցման ու մոտիվացման համար պատասխանատու հատվածները:Մի փոքր ավելի քիչ ակտիվություն է նկատվել նաև դժբախտ սիրուց տառապողների գլխուղեղում: Իսկ այն մարդկանց մոտ, որոնք սիրահարված չեն, գլխուղեղի բոլոր հատվածները հավասարաչափ չափավոր ակտիվությամբ էին աշխատում, ինչը նշանակում է, որ ուսման ու կարիերայի մեջ հաջողությունների հասնելու համար կարևոր գործոն է նաև սիրահարվածությունը:

նյութը' Tert.am Medicine

Comments


bottom of page