Ինչ հետևանքներ կարող են առաջանալ ենթաստամոքսային գեղձի բորբոքումը` պանկրեատիտը անտեսելու դեպքում
- Zohrap Amiryan
- 3 нояб. 2016 г.
- 2 мин. чтения

Ենթաստամոքսային գեղձը մարսողական համակարգի օրգաններից է, որը գտնվում է որովայնի խոռոչում՝ ստամոքսի ետևում:
Ենթաստամոքսային գեղձի հիմնական գործառույթներն են.
· Ինսուլին հորմոնի արտադրությունը, որը կարգավորում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը:
· Սննդի մարսման համար անհրաժեշտ ֆերմենտների արտադրությունը:
Գեղձն աշխատում է անխափան, եթե մարդը.
1. Ճիշտ է սնվում, չի չարաշահում ալկոհոլը, ճարպոտ ու քաղցր սնունդը:
2. Չի վնասում որովայնի խոռոչը:
Այս պայմանների խախտման դեպքում առաջանում է պանկրեատիտ՝ ենթաստամոքսային գեղձի բորբոքում:
Սուր պանկրեատիտի ախտանշաններն են անտանելի ցավը, որն առաջանում է որովայնի վերին հատվածում (աջ կամ ձախ կողմում) և հետզհետե տարածվում է ամբողջ որովայնի ու մեջքի հատվածում, օրգանիզմի թունավորումը և մարսողության խանգարումը: Պանկրեատիտը հաճախ անվանում են «տոնական» հիվանդություն, քանի որ այն առաջանում է շատ ուտելու հետևանքով, ինչն էլ սովորաբար տեղի է ունենում տոնական օրերին:
Այս հիվանդությունը կարող է լինել ոչ միայն սուր, այլև քրոնիկ: Քրոնիկ պանկրեատիտի առաջացման պատճառները երկուսն են: Տղամարդկանց դեպքում այն առաջանում է ալկոհոլի չարաշահման դեպքում, իսկ կանանց՝ լեղապարկի քարերի: Հիվանդների մի մասը սովորաբար ֆինանսապես կայուն մարդիկ են, որոնք հաճախ են օգտագործում բարձրորակ ալկոհոլային ըմպելիքներ և ճարպոտ սնունդ: Ամեն անգամ սնվելուց հետո առաջանում են բորբոքային գործընթացներ, ենթաստամոքսային գեղձը մեծանում է և սկսում է սեղմել ծորանները: Այս դեպքում խանգարվում է պանկրեատիկ հյութի անցանելիությունը և առաջանում է քրոնիկ կալցիֆիկացնող պանկրեատիտ:
Քրոնիկ պանկրեատիտի դեպքում հիվանդությունը, բութ ցավերից բացի, ուղեկցվում է նաև գխտոցով, սրտխառնոցով, փորափքանքով, իսկ հիվանդության ուշ փուլերում, երբ այն ախտահարում է նաև նյարդային մանրաթելերը, ցավոտ զգացողությունները նույնպես դառնում են քրոնիկ:
Եթե հիվանդը հիվանդանոց է տեղափոխվել սուր պանկրեատտիտով, ապա քրոնիկ պանկրեատիտով հիվանդի բուժումը հետաձգվում է՝ սուրը բուժելու համար: Սա, սակայն, կարող է հանգեցնել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի առաջացման, որը քաղցկեղի ամենավտանգավոր տեսակներից է, քանի որ նույնիսկ վաղ փուլերում արդեն իր մետաստազներն է տարածում ամբողջ օրգանիզմում:
Սա է պատճառը, որ քրոնիկ պանկրեատիտը հարկավոր է անմիջապես բուժել: Սովորաբար նման դեպքերում բժիշկը նշանակում է ցավազրկող դեղամիջոցներ և ֆերմենտներ՝ դրանց պակասը լրացնելու համար: Երբեմն լինում է նաև ինսուլինի անհրաժեշտություն՝ արյան մեջ շաքարի մակարդակը կարգավորելու համար: Սակայն ամենից կարևորն այս հարցում հատուկ դիետան է: Քրոնիկ պանկերատիտի դեպքում սննդի սահմանափակումներն ամբողջ կյանքի համար են:
Դիետա ենթաստամոքսային գեղձի համար
Կարելի է.
· ջեռոցում եփված կամ խաշած բանջարեղեն,
· տրորած (խյուս) կամ ջեռոցում եփված միրգ ու բանջարեղեն,
· թռչնամիս,
· ձուկ,
· հացահատիկներ,
· կաթնամթերք,
· սպիտակուցային օմլետներ
· անյուղ միս:
Չի կարելի.
· ընկուզեղեն,
· սնկեր,
· բակլազգիներ,
· թանձր արգանակներ,
· ճարպոտ, կծու, թթու ուտեստներ,
· երշիկեղեն,
· նրբերշիկ,
· կենդանիների ներքին օրգաններ,
· ապխտած ու թթու դրած մթերք,
· ձկնկիթ,
· ցիտրուսային մրգեր,
· թթու հատապտուղներ,
· մրգեր,
· սև հաց,
· կորեկ
· թարմ թխվածք,
· տորթեր,
· շոկոլադ,
· պաղպաղակ,
· ալկոհոլ,
· կվաս,
· սուրճ,
· գազավորված ըմպելիքներ:
Նյութը ' med.tert.am-ի
Comentarios