top of page

Պե՞տք է արդյոք Հայաստանում սպասել ուժեղ երկրաշարժի|araratnews.am

  • Zohrap Amiryan
  • 4 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

arartatnews.am-ը գրում է.

Երկրաշարժերի կանխատեսման խնդիրը համաշխարհային մասշտաբով դեռ ընդհանուր լուծում չունի: Այս մասին arartatnews.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության ղեկավար Հրաչյա Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր տարածաշրջանում տեղի ծառայությունները երկրաշարժերի ճշգրիտ կանխատեսման որոշակի հաջողություններ ունենում են ընթացքում. «Այն մենք անվանում ենք ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատում, որը դեռ ուժեղ երկրաշարժի կանխատեսում չէ: Ինչ վերաբերում է վերջերս տեղի ունեցած թույլ ցնցումներին, դրանք իսկապես թույլ ցնցումներ են՝ 3-4 բալ ուժգնությամբ, որոնք սեյսմոլոգիայում սովորական երևույթ են: Դրանց մենք կոչում ենք սեյսմիկ ֆոն, և չի լինում շատ թե քիչ սեյսմիկ ժամանակահատված, երբ երկրաշարժեր, նույնիսկ թույլ, ընդհանրապես չեն լինում, դա հազվադեպ բան է»:

Սեյսմոլոգի կարծիքով՝ այն երկրներում, որոնց տարածքը մեծ է, ավելի հաճախ են երկրաշարժեր լինում. «Օրինակ՝ Թուրքիայի տարածքում ավելի հաճախ են սեյսմիկ ցնցումներ լինում, քան Հայաստանում: Իսկ վերջին ցնցումները, որոնք եղան Հայաստանում, Թուրքիայում, չենք կարող ասել, որ շատ են լինում նման ցնցումները, ֆոնի սահմաններում են»:

Ինչ վերաբերում է կարծիքներին, թե փոքր ցնցումները նվազեցնում են մեծ երկրաշարժերի հավանականությունը, մեր զրուցակիցն ընդգծեց. «Նման վիճակագրություն չկա, բայց դրա մեջ ճշմարտության հատիկ կա: Դասական տարբերակով՝ երկրաշարժին նախորդում են նախացնցումները, հետո լինում է գլխավոր կամ մայր ցնցումը, որից հետո՝ հետցնցումներ: Իհարկե, եղել են երկրաշարժեր, երբ նախացնցում չի եղել կամ եղել է աննշան՝ մեկ-երկու ցնցում, բայց ուժեղ երկրաշարժերից հետո տարիներ շարունակ լինում են հետցնցումներ: Այդպես եղավ նաև Սպիտակի երկրաշարժից հետո»:

Comments


bottom of page