Ամենայուրահատուկ նվերը հերոս հոր կողմից իր որդուն|Armedia.am
- Zohrap Amiryan
- 4 нояб. 2016 г.
- 2 мин. чтения

Armedia.am-ը գրում է.
25 տարի առաջ էր, երբ փոքրիկ Հարությունը հոկտեմբերի 30-ին իր 5-ամյա հոբելյանի առիթով ստացավ յուրահատուկ նվեր՝ հարազատ Տող գյուղի ազատագրման տեսքով, որն իրեն պարգևեցին հայրը՝ Արմեն Գասպարյանը (Արմենչոն) և հոր զինակից ընկերները: Ցավոք, դա վերջին նվերներից էր, որ Հարությունը ստացավ հորից, քանի որ վերջինս մեկուկես տարի անց՝ 32 տարեկան հասակում, հերոսաբար զոհվեց Հադրութի շրջանի Նորաշենի բարձունքի համար մղվող մարտում: Այսօր Հարությունն է արդեն 30 տարեկան, և շարունակում է հոր գործը՝ ծառայելով ԼՂՀ պաշտպանության բանակի շարքերում: Յուրաքանչյուր տարի հոկտեմբերի 30-ին Արմենչոյի մեծ ընտանիքն անպայման այցելում է հարազատ Տող գյուղ և ծաղիկներ դնում գյուղի կենտրոնում կանգնեցված հուշաքարին:
Արմենչոյի կինը՝ Անժելան, հիշում է, որ 25 տարի առաջ այդ օրերին ինքը երեք զավակների հետ գտնվում էր Ստեփանակերտում: Արդեն մի քանի օր է, ինչ ամուսնուց ոչ մի լուր չկար: Մի օր էլ բարեկամներից մեկը եկավ, թե խոսակցություններ են շրջանառվում Տողի ազատագրման մասին և հորդորեց չանհանգստանալ: «Երեք օր անց միայն Արմենը եկավ ու հաստատեց լուրը՝ ասելով, որ գյուղի ազատագրումն իր նվերն է առաջնեկի ծննդյան կապակցությամբ», - պատմում է Անժելան:
Այդ փայլուն գործողության մասին շատ է գրվել և կարիք չկա խոսել դրա մանրամասների մասին, միայն հարկ է նշել, որ, անշուշտ, Տողի ազատագրումը հանդիսանում է մեր ազգային ազատագրական պայքարի առաջին հաղթանակներից մեկը, և կարևոր էր թե՛ ռազմական, թե՛ պատմական տեսանկյունից: Զինակից ընկերները հաստատում են, որ Արմենչոն վստահ էր, որ գործողությունն առանց զոհի է ավարտվելու ու այդպես էլ եղավ: Նա սխալվեց միայն մի բանում՝ ասելով, որ թուրքի գնդակն իրեն չի կպչի, ինչը եղավ նշված գործողությունից մեկուկես տարի անց: Նա հերոս է իր ազգի, հայրենիքի, չնայած, որ նրան չի շնորհվել Արցախի Հերոսի բարձրագույն կոչումը...
Հերոսներին պետք է ճանաչել դեմքով և թույլ չտալ, որպեսզի աղավաղվի պատմությունը:
Արմենչոյի մեծ համերաշխ ընտանիքի տան դռները միշտ բաց են ընկերների ու բարեկամների համար: Իսկ բոլորովին վերջերս՝ ընդամենը մեկ ամիս առաջ, Արմենչոյի օջախում լույս աշխարհ եկավ շատ սպասված Արմեն Հարությունի Գասպարյանը՝ յուրահատուկ նվեր արդեն Հարությունի կողմից իր Նինա տատիկին ու մայրիկին:
հեղինակ՝ Կարինե Սաֆարյան
Մանրամասները սկզբնաղբյուրում
Comentarios