top of page

Աշխարհը չկարողացավ թաղել Քրիստոսին

  • Zohrap Amiryan
  • 4 нояб. 2016 г.
  • 2 мин. чтения

Հիսուսը մահացավ և թաղվեց. մեծ քար գլորեցին Նրա գերեզմանի առջև, և փարիսեցիները եկան Պիղատոսի մոտ՝ թույլտվություն խնդրելու, որպեսզի կնքեն Նրա գերեզմանը և պահապաններ դնեն այնտեղ: Պիղատոսը պատասխանեց. «Ունեք պահապան զինվորներ, գնացեք՝ զգույշ պահեցեք՝ ինչպես գիտեք» (Մատթևոս 27.65): Եվ փարիսեցիները այդպես էլ արեցին:

Նրանք նախաձեռնեցին ամեն հնարավոր միջոցները, բայց՝ ապարդյուն:

Դա անիմաստ էր այն ժամանակ, անիմաստ է այսօր և միշտ անիմաստ կլինի: Որքան էլ մարդիկ ջանք թափեն, չեն կարող պահել Հիսուսին գերեզմանի մեջ: Նրանք չեն կարող թողնել Նրան գերեզմանի մեջ: Նրանք կարող են օգտագործել ֆիզիկական ուժ, ծաղրել գիտական տեսանկյունից, սահմանափակել տեղեկատվությունը ԶԼՄ-ներում, կիրառել քաղաքական սպառնալիքներ կամ կրոնական ծաղրանկարներ: Մի որոշ ժամանակ նրանք կմտածեն, որ գերեզմանը վերջապես կնքված է: Բայց իրականում դա այդպես չի լինի: Նա հարություն է առել մեռելներից ու դուրս եկել գերեզմանից:

Ոչ ոք չի կարող խլել Նրա կյանքը:

Դժվար չէ կռահել. Նա կարող է գերեզմանից բարձրանալ, որովհետև կամավոր կերպով է գնացել այնտեղ: Նա թույլ է տալիս մարդկանց զրպարտել Իրեն, մահվան դատապարտել, ծեծել և սպանել:

«Նրա համար իմ Հայրը սիրում է ինձ, որ իմ անձը դնում եմ, որպեսզի դարձյալ առնեմ նրան։ Ոչ ով նրան վեր չի առնում ինձանից, այլ ես ինքս եմ ինձանից դնում նրան. ես իշխանություն ունեմ նրան դնելու և իշխանություն ունեմ նրան դարձյալ առնելու. այս պատվերն առա իմ Հորիցը» (Հովհաննես 10.17-18):

Ոչ ոք չի կարող պահել նրան գերեզմանում, որովհետև ոչ ոք չի գցել Նրան այնտեղ: Նա Ինքն է մահվան գնացել, երբ պատրաստ էր դրան:

40 տարի շարունակ Չինաստանը «փակ երկիր» էր արևմտյան միսիոներների համար, և պատճառը այն չէ, որ Քրիստոսը սայթաքել էր և գերեզմանում «հայտնվել»: Նա Ինքն է ոտք դրել այնտեղ: Եվ երբ որ այն կնքվեց, Նա փրկեց երկրի ներսում 50 հազար չինացիների՝ առանց արևմտյան միսիոներների մասնակցության: Երբ ժամանակը հասունացավ, Նա «գլորեց քարը», որպեսզի մենք կարող լինենք տեսնելու, թե ինչ է Ինքը կատարել:

Նրա գործերը «խավարի մեջ»

Այն պահին, երբ թվում է, թե Նա հավիտենապես թաղված է, Հիսուսը խավարում անհավատալին է գործում: «Այսպես է Աստծո արքայությունը, որպես թե մի մարդ սերմ գցեր հողի մեջ։ Եվ գիշեր ցերեկ քնի և վեր կենա. և սերմը բուսնի և աճի. այնպես որ նա չգիտի» (Մարկոս 4.26-27):

Աշխարհը մտածում է, թե Քրիստոսի հետ ամեն բան վերջացած է: Այն մտածում է, թե Նրա խոսքը մշտապես թաղված է «անցած հնագույն ժամանակներում»:

Բայց Հիսուսը գործում է «խավարում». «Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ. եթե ցորենի հատը հողի մեջ չընկնի և մեռնի, ինքը մենակ կմնա, բայց եթե մեռնի, շատ պտուղ կբերի» (Հովհաննես 12.24): Նա թույլ տվեց հողին հանձնելու Իրեն՝ «Ոչ ով նրան վեր չի առնում ինձանից» և հարություն առավ զորությամբ, երբ կամեցավ. «իշխանություն ունեմ նրան դարձյալ առնելու»: Եվ Նրա ձեռքերը լցված են «խավարում» արված Իր աշխատանքի պտուղներով:

«Որին Աստված հարություն տվեց մահի ցավերը լուծելով, որովհետև կարելի չէր, որ նա բռնվի նրանից» (Գործք Առաքելոց 2.24): Հիսուսն այսօր Քահանայապետն է «անվախճան կյանքի զորության պես» (Եբրայեցիս 7.16):

20 դար շարունակ աշխարհը չի դադարում ամեն ջանքերը գործադրելուց, բայց ապարդյուն: Այն չի կարող «թաղել» Քրիստոսին: Այն չի կարող պահել Նրան այնտեղ: Այն չի կարող ստիպել Նրան լռել կամ սահմանափակել Նրան:

Հիսուսը կենդանի է և ունի լիակատար ազատություն՝ գնալու և վերադառնալու, երբ Իրեն անհրաժեշտ է: «Ամեն իշխանությունն ինձ տրվեցավ երկնքումն և երկրումս» (Մաթևոս 28.18): «Վասնզի նրանով ամեն բան ստեղծվեց ինչ որ երկնքումն և ինչ որ երկրիս վրա է՝ երևողները և չերևողները, թե աթոռները, թե տերությունները, թե պետությունները, թե իշխանությունները. ամեն բաները նրանով և նրա համար ստեղծվեցան։ Եվ նա ամենից առաջ է, և ամեն բան նրանով է հաստատ» (Կողոսացիս 1.16-17):

Վստահեք Նրան և գնացեք Նրա հետ, ինչ էլ որ կատարվի: Արդյունքում դուք հաղթողներ կլինեք:

Ջոն Փայփեր

Commentaires


bottom of page