Սկսեք ժամադրվել ձեր կողակցի հետ
- Zohrap Amiryan
- 6 нояб. 2016 г.
- 2 мин. чтения

Ինձ մեծ հիասթափություն է պատճառում ամուսնացած զույգերի միմյանց հանդեպ անտարբերությունը և այն, որ նրանք չեն ներդնում ոչ ջանք, ոչ ժամանակ իրենց հարաբերությունների մեջ:
Եթե դու ամուսնացած ես, ապա դա է քո կյանքի կենտրոնն ու հիմքը, և այն ոչ թե նույնքան ուշադրություն պետք է ստանա, որքան քո աշխատանքը, երեխաները և քո սիրած զբաղմունքը, այլ ավելի շատ:
Կարծում եմ, որ շատ անգամ ամուսնական հարաբերությունների սառելու պատճառը այն սխալ մտածելակերպն է, թե ամուսնական ուխտը կնքելուց հետո այլևս «ժամադրվելն» անիմաստ է. այն կորցնում է իր կարևորությունն ու նշանակությունը: Մինչդեռ, մենք պետք է մեր կնոջը ժամադրենք ամուսնությունից հետո ավելի շատ, քան ամուսնությունից առաջ:
Ամուսնության մեջ ամուսինները կա՛մ մտերմանում են, կա՛մ հեռանում, չկա միջինը: Երբ ես զգում եմ, որ ես ու կինս չեզոք դիրքում ենք, հասկանում եմ, որ ուրեմն մենք այնքան մտերիմ չենք, որքան կարող ենք լինել: Այնպես որ, խորհուրդ կտամ, սկսեք ժամադրվել ձեր կողակցի հետ: Ինչո՞ւ:
Դա կմտերմացնի ձեզ:
Իմ ու կնոջս ամուսնական պատմության մեջ, երբ մտածում եմ մեր լավագույն խոսակցությունների մասին (կամ ինչպես կինս է դրանք անվանում՝ «սրտից սիրտ»), դրանք մեր ժամադրության ընթացքում ունեցած զրույցներն են եղել: Երբ ձեր ժամանակը տրամադրում եք հանդիպումներին՝ որպես ամուսնացած ու սիրահարված զույգ, դա տանում է ձեր երազանքների, հույսերի և ներքին վիճակի մասին անկեղծ զրույցների: Կնոջս՝ Ալիսայի, և ինձ համար դա այն վայրն է, որ կյանքի եռուզեռի մասին խոսակցությունները դանդաղում են, և մենք կարողանում ենք նայել իրար աչքերի մեջ և աճել՝ որպես զույգ:
Այն ուրախություն է բերում:
Շատ ամուսնացած զույգեր, որ ես ճանաչում եմ, հետ են նայում ժամանակին, երբ իրենք նոր էին սկսում իրար ճանաչել ու հանդիպում էին, և վերաբերվում դրանց՝ որպես «հին ու լավ օրերի»: Ժամադրվելը իրապես մեծ ուրախություն է բերում: Ուրեմն էլ ինչո՞ւ ենք վերջ դնում սիրային հանդիպումներին ամուսնությունից հետո: Իհարկե, դա ժամանակ ու ծրագրված քայլեր է պահանջում, բայց փոխարենը դուք ստանում եք նոր հիշողություններ և, վստահեցնում եմ, երբեք չեք զղջա դրա համար:
Այն պատմում է երբևէ պատմված պատմություններից մեծագույնը:
Իրականում ամուսնությունը ռիթմ է ու պար, որ ի սկզբանե սահմանվում է Աստծո կողմից ոչ թե նախ մեր մասին պատմելու, այլ պատմելու մեզ մի ավելի մեծ բանի մասին:
Դա պար է, որի մեջ մենք մտնում ենք միանալու պատմությանը՝ տիեզերքի, երկնքի ու երկրի մասին և, վերջապես, արարվածի հետ Արարչի միության մասին: Երբ մենք պահում ենք մեր ամուսնությունը՝ դառնում ենք այդ հրաշալի պատմության մի մասը:
Ուխտ կնքելը վերջը չէ, այլ սկիզբը: Ահա թե ինչու ամուսնությունը ձանձրալի չէ, այլ հավիտենական արկած է: Այդ մտերմությունը աշխատանք է պահանջում, բայց այն արժե այդ գինը: Այնպես որ, երբ ժամադրվում ենք ու անում ենք դա պարբերաբար, մենք ավելի լավ ենք արտացոլում մեր Արարչին և այն պատմությունը, որ Նա փորձում է պատմել մեր միջոցով:
Այնպես որ, ժամադրվեք ձեր կողակցի հետ և ջանք ու ժամանակ մի՛ խնայեք դրա համար, ինչ գին էլ այն արժենա:
Ջեֆերսոն Բեթք
Comments