Որոնք են արգանդի վզիկի քաղցկեղի 7 ամենահաճախ հանդիպող ախտանշանները |Tert.am Medicine
- Zohrap Amiryan
- 9 нояб. 2016 г.
- 2 мин. чтения

Արգանդի վզիկի քաղցկեղը գինեկոլոգիական քաղցկեղի ամենավտանգավոր տեսակներից մեկն է, որն ամեն տարի հազարավոր կյանքեր է խլում:
Ցավալին այն է, որ նախնական փուլում հիվանդությունը կարող է ընթանալ առանց ախտանշանների և առանց որևէ տհաճ զգացողություններ առաջացնելու: Ընդ որում, այս կերպ հիվանդությունը կարող է ընթանալ բավական երկար ժամանակ և ի հայտ գալ, երբ արդեն հիվանդի վիճակը կլինի շատ ծանր, քանի որ ախտանշաններն ի հայտ են գալիս, երբ հիվանդությունը սկսում է ինտենսիվորեն զարգանալ:
Արգանդի վզիկի քաղցկեղը որպես կանոն պայմանավորված է լինում մարդու պապիլոմա վիրուսով, որը շատ վարակիչ է: Վիրուսի այս տեսակը փոխանցվում է սեռական ճանապարհով: Բժիշկներն առանձնացնում են այս վիրուսի մոտ 100 տեսակ, որոնցից որոշները կարող են հանգեցնել արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման: Ուժեղ իմունային համակարգի դեպքում վիրուսը կարող է ինքն իրեն անհետանալ, սակայն հակառակ դեպքում կարող է նպաստել բջիջների անոմալ աճին:
Արգանդի վզիկի քաղցկեղի 7 ախտանշան
Չնայած, որ այս հիվանդությունը չի ունենում վառ արտահայտված ախտանշաններ՝ այն կարելի է հայտնաբերել վաղ փուլերում ճիշտ նշաններն իմանալու դեպքում: Ուստի հետևյալ ախտանշանների դեպքում հարկավոր է անմիջապես այցելել գինեկոլոգի:
1. Տարօրինակ արտադրություն
Ատասովոր արտադրությունը քաղցկեղի բավական տարածված ախտանշաններից է, քանի որ երբ հիվանդությունը սկսում է զարգանալ, բջիջները սկսում են արտադրել արտազատուկ, իսկ արգանդը՝ հեղուկ արտադրություն:
2. Գորտնուկներ
Գինեկոլոգ Ռոզա Մարիա Լեմիի խոսքով՝ փոքրիկ գորտնուկները քաղցկեղի հանգեցնող հիվանդության ամենաակնհայտ ախտանշաններից են:
3. Ցավ կամ արյունահոսություն
Կոնքի հատվածում ցավն ու տհաճ զգացողությունները նույնպես կարող են լինել արգանդի վզիկի քաղցկեղի ախտանշան: Դաշտանային ցիկլի հետ կապ չունեցող ցանկացած արյունահոսության դեպքում հարկավոր է անմիջապես բուժզննում անցնել:
4. Տհաճ զգացողություններ
Կանանց սեռական օրգանների քաղցկեղի ամենատարածված ախտանշաններից մեկը քորն ու տհաճ զգացողություններն են սեռական շուրթերի հատվածում, ինչպես նաև մաշկի փոփոխություններն ու գրգռվածությունը, որը կապված չէ ալերգիաների ու վարակների հետ: Այս փոփոխությունները սովորաբար լինում են երկարատև ու զարգացող, ուստի ցանկացած տհաճ զգացողության դեպքում հարկավոր է բուժզննում անցնել:
5. Միզարձակության խնդիրներ
Դժվարությամբ միզելը նույնպես համարվում է գինեկոլոգիական քաղցկեղի ախտանշաններից մեկը, որն առաջանում է արգանդի վզիկի այտուցվածության պատճառով, ինչի հետևանքով այն ճնշում է գործադրում միզապարկի և երիկամների վրա՝ խանգարելով միզարձակությանը: Այս ամենի հետևանքով կինը չի կարողանում ամբողջությամբ դատարկել միզապարկը, առաջանում են ցավեր միզելու ընթացքում կամ միզուղիների վարակներ:
6. Ոտքերի, ազդրերի կամ մեջքի մշտական ցավերը
Արգանդի ուռուցքը կարող է ճնշում գործադրել արյունատար անոթների վրա և խանգարել արյան շրջանառությանը, ինչի հետևանքով առաջանում են ոտքերի ցավեր:
7. Քաշի կորուստ
Ախորժակի ու քաշի կորուստը կարող է լինել քաղցկեղի տարբեր տեսակների վառ ախտանշաններից մեկը:
Հարկ է նաև նշել, որ այս ախտանշանները կարող են լինել ոչ միայն օնկոլոգիական հիվանդության նշան, սակյան բուժզննումն, այնուամենայնիվ, պարտադիր է: Բացի այդ, յուրաքանչյուր կին պետք է տարվա մեջ երկու անգամ այցելի գինեկոլոգի՝ հետագայում նման ծանր հիվանդություններից խուսափելու կամ դրանք վաղ փուլերում հայտնաբերելու և բուժելու համար:
Նյութը ' Tert.am Medicine-ի
留言