top of page

Ավազակային հարձակում «Արաքս» բենզալցակայանի վրա. Ավագ լեյտենանտն ու նրա ընկերը սպանել են դիմադրող աշ

  • Zohrap Amiryan
  • 10 нояб. 2016 г.
  • 2 мин. чтения

1in.am-ը գրում է.

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Վարդապետյանի նախագահությամբ սկսվեց Լևոն Մելքոնյանի և Մկրտիչ Բաբայանի գործով դատավարությունը:

Երկու երիտասարդները մեղադրվում են ծանր հանցագործությունների՝ ծանրացուցիչ հանգամանքներում, նախնական համաձայնությամբ կատարված սպանության և ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7,8 և 175 հոդվածի 2-րդ մասի 1,4 կետերով:

Դեպքը տեղի է ունեցել 2015 թվականի դեկտեմբերի 21-ին, գիշերվա ժամը 4-ն անց 50-ի սահմաններում:

Ըստ մեղադրանքի՝ Լևոն Մելքոնյանը ուրիշի գույքը ավազակային հարձակմամբ հափշտակելու վերաբերյալ նախնական համաձայնության է եկել ընկերոջ՝ զինծառայող, սպա, կոչումով՝ ավագ լեյտենանտ Մկրտիչ Բաբայանի հետ:

Հանցագործությունը կատարելու նպատակով նրանք նախապես ձեռք են բերել դիմակ, հակագազ, ծալովի դանակ, երկու զույգ բժշկական ձեռնոցներ ու ատրճանակի տեսքով կրակայրիչ:

Որոշված օրը՝ դեկտեմբերի 21-ին, գիշերվա ժամը 4-ի սահմաններում նրանք գնացել են Երևան քաղաքի Մյասնիկյան 20/1 հասցեում գործող «Արաքս» բենզալցակայանի մոտ, ապա հարձակվել են բենզալցակայանի աշխատող Ավետիք Մարտիրոսյանի վրա:

Գումար են պահանջել, սակայն հանդիպել են Մարտիրոսյանի ակտիվ դիմադրությանը:

Իրենց հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով, ըստ առաջադրված մեղադրանքի, Մելքոնյանն ու Բաբայանը կատարել են շահադիտական դրդումներով ու ավազակությամբ զուգորդված սպանություն:

Համաձայն առաջադրված մեղադրանքին՝ ամբաստանյալները ատրճանակ-կրակայրիչի կոթով բազմաթիվ հարվածներ են հասցրել տուժողին: Իսկ Լևոն Մելքոնյանը, դրան զուգահեռ, նաև դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել՝ տուժողին պատճառելով կյանքին վտանգ սպառնացող բազմաթիվ ծանր վնասվածքներ:

Այնուհետև Մելքոնյանն ու Բաբայանը, նկատելով, որ մոտենում են հարևան «Իբիցա» հյուրանոցի աշխատողները, դիմել են փախուստի:

Տուժող Ավետիք Մարտիրոսյանը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է ստացած վնասվածքներից:

Ըստ մեղադրանքի՝ Մկրտիչ Բաբայանը գործով չպարզված աղբյուրից ապօրինի ձեռք է բերել ու պահել ռազմամթերք՝ փամփուշտներ, որոնք խուզարկությամբ հայտնաբերվել ու առգրավվել են:

Կատարված հանցագործությունը ֆիքսվել է տեսանկարահանող սարքերով, այնպես որ՝ ամբաստանյալները չեն ժխտում իրենց կողմից արարքի կատարումը:

Բայց, ըստ ամբաստանյալների շահերի պաշտպանների, Լևոն Մելքոնյանը նախաքննության ավարտին հայտնել է, թե ինքը տուժողին սպանելու դիտավորություն չի ունեցել, այդ դիտավորությամբ չէ, որ հարվածներ է հասցրել դանակով:

Իսկ Մկրտիչ Բաբայանը սպանության մեղադրանքը չի ընդունել՝ պնդելով, որ տուժողի մահը իր գործողությունների արդյունքում չէ, որ վրա է հասել, ինքը դանակով տուժողին ընդհանրապես հարվածներ չի հասցրել…

Երկու ամբաստանյալն էլ նախկինում երկու անգամ դատվել են, նրանց դատվածությունը մարված է:

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում

Comments


bottom of page