Գիտնականները պարզել են, թե որն է սառնարանի ամենավտանգավոր հատվածը |Tert.am Medicine
- Zohrap Amiryan
- 10 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Բրիտանացի գիտնականները հայտնաբերել են, որ խոհանոցի ամենաաղտոտ հատվածներից մեկը սառնարանն է, քանի որ այնտեղ կարող են լինել բազմաթիվ բակտերիաներ, այդ թվում նաև խիստ վտանգավոր: Ընդ որում՝ ամենից շատ բակտերիաներ (8000 բակտերիա 1սմ2-ի վրա) պարունակվում են բանջարեղենի և աղցանների համար նախատեսված հատվածներում, գրում է «Ռոսիյսկայա Գազետան» («Российская газета»)՝ հղում անելով «The Daily Mail»-ին:
Այս ցուցանիշը 750 անգամ գերազանցում է մարդու համար անվնաս աղտոտվածության մակարդակը: Եվրոպական նորմատիվների համաձայն՝ 1սմ2 տարածքի վրա, որտեղ սնունդ է դրված, պետք է 10-ից ավել բակտերիա չլինի:
Մինչդեռ, ինչպես ցույց են տվել ուսումնասիրությունները, թարմ բանջարեղենի և մրգերի համար նախատեսված արկղերում կարելի է հայտնաբերել աղիքային ցուպիկ, սալմոնելլաներ և այլ վտանգավոր բակտերիաներ:
Բացի այդ, մասնագետների հավաստմամբ՝ պետք չէ սառնարանում մեծ քանակությամբ սննդամթերք պահել, այլապես այնտեղ կարող են «բնակություն հաստատել» նաև սննդային թունավորումներ առաջացնող միկրոօրգանիզմներ (օր.՝ լիստերիա, որը «բնակվում» է հին աղցանների, հալված պաղպաղակի, փչացած փափուկ պանիրների և հում կաթի մեջ):
Բակտերիաներից չտուժելու համար մասնագետները խորհուրդ են տալիս անպայման լվանալ միրգն ու բանջարեղենը մինչ սառնարան դնելը: Բացի այդ, ամսվա մեջ գոնե մեկ անգամ անհրաժեշտ է լվանալ սառնարանը տաք օճառաջրով:
Նյութը ' Tert.am Medicine-ի
Kommentare