Եթե դա դառնա օրենք, կլինի բեռ. Վարդան Այվազյանը՝ աշխատողներից 1000-ական դրամ հավաքելու մասին
- Zohrap Amiryan
- 10 нояб. 2016 г.
- 2 мин. чтения

Tert.am-ը գրում է.
ՀՀ Պաշտպանության նախարարի ներկայացրած օրենսդրական փաթեթը, համաձայն որի՝ յուրաքանչյուրի աշխատավարձերից գոյացած 1000-ական դրամների հաշվին կհիմնվի մահացած ու վիրավոր զինծառայողների ընտանիքի անդամներին օգնող հիմնադրամ, բեռ է դառնալու։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: «Եթե դա դառնա օրենք, դա կլինի բեռ: Անունն ինչ ուզում ես դիր, դա կլինի բեռ: Ի վերջո, դա պարտադիր վճար է: Եթե օրենսդրական նման փաթեթ լինի, դա նշանակում է, այդ գումարը պետք է գնա պետական բյուջե, հետո նոր էնտեղից գնա հիմնադրամ»,-ասաց Այվազյանը: Նշենք, որ խոսքը զինծառայության ընթացքում մահացած զինծառայողների ընտանիքի անդամներին և հաշմանդամություն ձեռք բերած զինվորներին ապահովագրական գումարներ վճարելու համար հիմնադրամ ստեղծելու մասին է: Կառավարության այսօրվա նիստում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց օրենքի նախագծի փաթեթ, որով պետք է զոհված զինծառայողների ընտանիքներն ու վիրավորված զինծառայողները ստանան ապահովագրավճարներ: Քաղաքացիական հասարակությունն ու արհմիություններն արդեն իսկ բողոք են հայտնել այն առթիվ, որ քաղաքացիների կարծիքը ոչ ոք չի հարցրել, իսկ սա դառնում է նոր հարկատեսակ, այն դեպքում, որ աշխատող քաղաքացին արդեն իսկ 31 տոկոս հարկ է վճարում: Տեսակետ կա նաև, որ դա պետք է արվի բյուջեի միջոցներով: «Պարտադիր սկզբունքով չի կարող լինել: Նմանատիպ նորմ, որ դու պարտադիր պետք է դա պահես, չկա: Կարող է մարդիկ իրենց ցանկությամբ անեն: Ցանկացած քաղաքացու, որն ազատ տնտեսվարման շրջանակում է, հարցեք, միթե կարող է իրենց մոտ նման բան լինել: Բացառված է»,- ասաց Այվազյանը: Հարցին՝ թե ինչպես է գնահատում նախաձեռնությունը, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահը պատասխանեց. «Գիտեք ինչ կա, մենք ունենք պարտավորություն բանակի հանդեպ՝ խնդիրները լուծելու, բայց դա չի կարող լինել օրենք, որովհետև ես չեմ պատկերացնում: Օրենքի հետ կապված կարաս ավելացված արժեքի մի մասը ամբողջապես տաս էնտեղ: Խոսքն ինքնակամի մասին կարող է լինել: Կուզեք կտաք, ով որ չի ուզում, կարա չտա, չկա պարտադիր նորմ: Ով որ չի ուզում՝ նա կարող է չտալ: Օրինակ՝ ձեր աշխատավարձից ո՞նց են պահելու»: Մյուս կողմից՝ հասարակության շրջանում այսօր հարց է հնչում, որ չնայած հիմնադրամի գաղափարին, բանակի հաշվին հարստացողները չեն պակասում: Սրան առնչվող մեր հարցին Վարդան Այվազյանը չպատասխանեց:
Opmerkingen