Բաքուն թող անի զորավարժություններ, ինչ անում են, իրենց են անում. Դավիթ Բաբայան
- Zohrap Amiryan
- 10 нояб. 2016 г.
- 2 мин. чтения

Tert.am-ը գրում է.
Ադրբեջանը զորավարժություններ է անում, թող անի, «ինչ անում են, իրենց են անում»: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը` անդրադառնալով նոյեմբերի 12- 18-ը Ադրբեջանում 60 հազարանոց զորակազմի մասնակցությամբ զորավարժություններին ու հարցին, թե Ստեփանակերտը սա դիտո՞ւմ է, ռազմական տերմինաբանությամբ՝ բարձր մարտական պատրաստվածություն նախատեսող լարված իրավիճակ: «Հատուկ արտակարգ վիճակ չկա, բայց, իհարկե, զգոնությունը պահպանվում է բարձր մակարդակի վրա: Ցանկացած զորավարժություն, նույնիսկ եթե տեղի է ունենում բարեկամական երկրներում, խոսքը լայնամասշտաբ զորավարժությունների մասին է, նրանց հարևանների Զինված ուժերը էսպես… լրացուցիչ զգոնություն են դրսևորում։ Առավել ևս, եթե քո հարևանը բարիդրացիական հարաբերություններ չունի քեզ հետ: Հետևաբար, լրացուցիչ հետևություններ և աշխատանք պետք է տարվի, ինչը և արվում է նաև Արցախում: Եվ ինչը լրիվ բնական է և կանխատեսելի»,-ասաց Դավիթ Բաբայանը: Ինչ վերաբերում է այդ «զորավարժությունների ներքո պատերազմի վերսկսման հնարավորությանը», ապա Դավիթ Բաբայանը նշեց, որ թեև Ստեփանակերտում, Արցախում ու Հայաստանում ցանկացած պահի սպասում են ցանկացած վատ զարգացման ու պատերազմի, բայց դա դեռ չի նշանակում, որ դրա հնարավորությունը մեծ է: «Նաև հաշվի առնելով ապրիլյան պատերազմին նրանց բլից-կրիգի տապալումը, մեծ մարդկային ու նյութական կորուստները, ինչպես նաև միջազգային հանրության բավականին հստակ դիրքորոշումը, որ պատերազմական գործողությունները չեն կարող լինել հակամարտության կարգավորման սցենար, երեկ դրա մասին հայտարարել է նաև Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը»,- հավելեց Դավիթ Բաբայանը: Նա նկատեց, որ իհարկե դա չի նշանակում, որ Արցախում պետք է հանգիստ նստեն: Դավիթ Բաբայանն ի լրումն կարծում է, որ նման զորավարժությունները հոգեբանական ու ներքին սպառման խնդիրներ են լուծում: Հիշեցնենք, որ «Պահեստազորի սպաների համահայկական միության» նախագահ, Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, պահեստազորի գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանն օրերս հանդես էր եկել հայտարարությամբ՝ աշխարհազորային ջոկատների հրամանատարներին խնդրելով մոբիլիզացնել կամավորական բոլոր ուժերը և տեղեկացրել, որ սրանք լինելու են ադրբեջանական բանակի պատմության մեջ թերևս ամենախոշոր զորավարժությունները, որոնցում կներգրավվեն ավելի քան 60.000 զինծառայող, 700 հրթիռահրետանային կայանք, 150 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, ինչպես նաև շուրջ 5 տասնյակ մարտական ինքնաթիռ և ուղղաթիռ:
Commentaires