top of page

ՀՀ-ն և Հնդկաստանը քննարկում են Երևան - Նյու Դելի չվերթների վերսկսման հնարավորությունը

  • Zohrap Amiryan
  • 12 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

Armedia.am-ը գրում է.

Նոյեմբերի 12-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի քաղաքացիական ավիացիայի նախարար, կառավարության հատուկ բանագնաց Շրի Աշոկ Գաջապաթի Ռաջուի հետ:

Ողջունելով հյուրին` Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Հնդկաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացմանը, որոնք հիմնված են երկու ժողովրդների միջև հազարամյակների պատմություն ունեցող բարեկամության, պետությունների միջև փոխըմբռնման վրա:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Հնդկաստանի կառավարության հատուկ բանագնացն ընդգծել է, որ իր երկիրը կարևորում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների հետագա սերտացումը։

Հանդիպմանը քննարկում է ծավալվել հայ-հնդկական երկկողմ փոխգործակցության օրակարգի, միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ: Անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական, գիտակրթական, առողջապահության, տուրիզմի և մշակույթի, գյուղատնտեսության ոլորտներում երկկողմ համագործակցության ակտիվացման անհրաժեշտությանը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության կապակցությամբ: Ընդգծվել է միջխորհրդարանական շփումների ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման կարևորությունը:

Նախարարները քննարկել են քաղաքացիական ավիացիայի ոլորտում համագործակցության հարցերը, Երևան - Նյու Դելի չվերթների վերագործարկման հնարավորությունը:

Comentarios


bottom of page