Մա՛մ, 15 րոպեից կգամ. մանրամասներ Չարբախում տեղի ունեցած աղմկոտ սպանության դեպքից|Armtimes.com
- Zohrap Amiryan
- 14 нояб. 2016 г.
- 2 мин. чтения

Armtimes.com-ը գրում է.
Նոյեմբերի 13-ի երեկոյան ժամը 17:00-ի սահմաններում երկակի սպանություն է տեղի ունեցել Երեւանում:
Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կրակոցներ են հնչել, որի հետեւանքով 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը տեղում մահացել է, իսկ հրազենային վիրավորում ստացած 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը եւ 35-ամյա Արամ Պետրոսյանը տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Ավելի ուշ, ստացած վնասվածքներից մահացել է նաեւ Մուշեղ Մուշեղյանը:
Դեպքի վայր հանդիսացող գեղեցկության սրահը գտնվում է Շիրակի 13 (Չարբախ) փողոցի ճամփեզրին, որի անմիջապես կողքը բնակելի շենք է. հենց այդ շենքի նկուղային հատվածում դեպքի գեղեցկության սրահ տանող դուռ կա, որը մեր այցելության պահին կնքված էր: Նկատեցինք, որ «Լիա» գեղեցկության սրահը փողոցի կողմից տեսանկարահանվում էր, սակայն մեր տեղեկություններով, հանցագործություն կատարած անձինք տեսախցիկների հիշողության կրիչները իրենց հետ տարել են: Հենց այս կրիչները կօգնեին իրավապահներին գտնել հանցագործներին, քանի որ այն տեսանկարահանում էր թե’ գեղեկեցկության եւ թե’ շենքի մուտքը:
Armtimes.com-ի հետ զրույցում շենքի բնակիչներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ ասաց, որ դեպքից հետո տեսել է վիրավոր տղաներից երկուսին, որոնք դուրս են եկել հենց շենքի նկուղային հատվածից: Բնակչի պատմելով՝ վիրավորները մեքենա են կանգնեցրել եւ գնացել: «Նրանք այլայլված էին, բայց չտեսա հրազենային վիրավորում ունիեն, թե չէ, քանի որ մութ էր, իրենք ինձ գրեթե մեջքով էին»,- պատմեց նա: Դեպքի այլ հանգամանքներից նա տեղյակ չէր, կրակոցների ձայներ չի լսել, այդ օրերին ոչ մի տարօրինակ բան չի նկատել: Շենքի մյուս բնակիչները խուսափում էին պատասխանել հարցերին, նրանց մի մասն ասում էր, թե նոր են տեղափոխվել, ոչնչից տեղյակ չեն, մյուսներն էլ ասում էին, թե եվրոպատուհաններ են, հետեւաբար կրակոցներ չեն լսել:
Մեզ հաջողվեց պարզել, որ «Լիա» գեղեցկության սրահը պատկանում է Չարբախցի քրեական հեղինակություն ոմն Գեղամին (Թոփալ Գեղամ մականվամբ): Նա բնակվում է նշված շենքի երկրորդ մուտքում: Մեր այցելության պահին, սակայն, վերջինս տանը չէր, ավելին մեր տեղեկություններով, իրավապահները նրան փնտրում են: Նույն այդ տեղեկություններով երեք տուժածներն էլ մտերիմ հարաբերությունների մեջ են եղել Գեղամի հետ: «Գեղամը ստեղ չի, մենք հրաժարվում ենք խոսել, իր հետ ընդհանրապես չեք կարող խոսել»,- ագրեսիվ կերպով պատասխանեցին նրա հարազատները եւ փակեցին բնակարանի դուռը:
25-ամյա Գեւորգ Ավետիսյանը, որը գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից տեղում մահացել էր, բնակվում է դեպքի վայրից քիչ հեռու՝ Շիրակի փողոց 15 հասցեում: Ընտանիքն ապրում է ծանր սոցիալական պայմաններում, ընտանիքի երրորդ զավակն էր. նա երկու օր առաջ էր նշել ծննդյան տարեդարձը: Սպանված Գեւորգի մայրը՝ տիկին Նելլին, մեր զրույցում պատմեց, որ դեպքի օրը տանն էր. «Դուրս եկավ ասեց՝ մամ 15 րոպեից կգամ: Մյուս տուժողներին չեմ ճանաչում: Իսկ Գեղամին էլ որպես հարեւան եմ ճանաչում, չգիտեմ որդիս ինչ հարաբերությունների մեջ է եղել նրանց հետ»,- պատմեց երիտասարդի մայրը: Նա ասաց, որ չգիտի, թե ինչը կարող էր նման սպանության պատճառ լինել, նրա խոսքով՝ որդին երբեք որեւէ վիճաբանությունների մեջ չի եղել, տանից էլ շատ քիչ է բացակայել: Գեւորգ Ավետիսյանը տարբեր աշխատանքներ է արել՝ այդ կերպ հոգալով ընտանիքի հոգսերը: «Չեմ հավատում, որ էս դեպքը տղայիս հետ է եղել, ինքը շատ խելոք, համեստ, ընկերասեր տղա էր: Ինքը մեր տան ճրագն էր, որը մարեցին, իմ հույսն ու հավատն էր: Սպասում ենք տեսնենք, ինչ կպարզեն»,-հուզված նշեց Գեւորգ Ավետիսյանի մայրը՝ տիկին Նելլին: Նա պատմեց, որ որդին պատրաստվում էր փետրվարին գնալ ընկերների մոտ՝ ՌԴ աշխատելու, բայց չհասցրեց:
Մանրամասները սկզբնաղբյուրում
Comments