400 հազար դոլարանոց մեքենայից իջնում են ու լրագրողներին ասում՝ մեր պետության միջոցները սուղ են. Նիկո
- Zohrap Amiryan
- 15 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կողմ է քվեարկելու բանակում հաշմանդամություն ձեռք բերած և զոհված զինծառայողների ընտանիքներին հատուցում տալու վերաբերյալ նախագծին: Այդ մասին պատգամավորը հայտարարեց ԱԺ ամբիոնից: Պատգամավորը նաև նկատեց, որ քաղաքացիների մեծ մասն արդարացիորեն ըմբոստանում է այս նախագծի դեմ՝ պահանջելով նախևառաջ պատժել պետությունը թալանողներին: «Այս 1000 դրամները յուրօրինակ տուգանք են ՀՀ քաղաքացիների համար՝ այն բանի համար, որ 25 տարիների ընթացքում չկարողացան ստեղծել էֆեկտիվ պետություն և իշխանություններ, որ չեն կարողացել ձևավորել այնպիսի բյուջե, որը հնարավորություն կտար լուծել կարևոր խնդիրները։ Բանակի ու զինվորների համար են կարվում այնպիսի անորակ սապոգներ, որ հագնելուց քսան րոպե անց դրանք քրքրվում են: Եվ ով չգիտի, որ ծնողներն են հոգում իրենց ծառայող երեխայի սապոգների, ներքնաշորերի, գուլպաների հարցը: Եվ այսօր զինվոր պահելը ծնողի համար դարձել է ուսանող պահելուց ավելի ծանր խնդիր»,- մանրամասնեց պատգամավորը: Պատգամավորն ընդգծեց, որ ժամանակն է ասել, թե ապրիլին ինչ եղավ, ոնց եղավ: «Կառավարությունը ԶՈՒ ռազմավարական զարգացման պլանը թերակատարել է մի քանի տասնյակ միլիարդ դրամով: Ասում եք՝ թուրքը կտեսնի կուրախանա, բայց մեր խնդիրների մասին պետք է բաց խոսենք: Ապրիլյան պատերազմը անորակ սապոգ ու զենք էր, բայց 400 հազար դոլարանոց մեքենայից իջնում են ու լրագրողներին ասում՝ մեր պետության միջոցները սուղ են: Հիմա պատերազմ է, վաղը կլինի ուժեղ պատերազմ, ամեն ինչ պետք է արվի ճակատի համար: Բայց 1000 դրամով հարց չենք լուծում, այլ ժամանակ ենք ձգում»,- ասաց Փաշինյանը:
Մանրամասները այստեղ
Σχόλια