top of page

«Ծնողներին հակառակ՝ աղջիկներն ընդունվում են ռազմաուսումնական հաստատություններ» . գնդապետ

  • Zohrap Amiryan
  • 16 нояб. 2016 г.
  • 2 мин. чтения

Հայաստանի ռազմաուսումնական հաստատություններում ներկայումս սովորում է իգական սեռի 30 քաղաքացի: Տարեցտարի թիվն ավելանում է, Հայաստանում «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումների շրջանակում կայացած «Կանայք զինված ուժերում» աշխատաժողովի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության ռազմական կրթության բաժնի պետ գնդապետ Սուրեն Դավթյանը: Թեմային է անդրադառնում Panorama.am -ը:

Գնդապետը նշեց, որ իգական սեռի քաղաքացիներին բարձրագույն ռազմական հաստատություններում սովորելու հնարավորություն է ընձեռվել 2013 թվականից: Առաջին տարին ընդունվել են միայն մեկամյա սպայական դասընթացներում, 2014-2015 թթ. ուսումնական տարում կատարվել է բակալավրի ընդունելություն: Ս.Դավթյանի խոսքով՝ բոլոր մասնագիտությունների գծով իգական սեռի քաղաքացիները կարող են սովորել, որևէ խտրականություն չեն դնում:

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, նրա տեղեկացմամբ, սովորում են բոլոր 5 մասնագիտություններով, ռազմական ավիացիայի համալսարանում 12 մասնագիտություններից 7-ի գծով են սովորում իգական սեռի քաղաքացիները:

«Կան որոշակի մասնագիտություններ, որտեղ չեն դիմում, քանի որ առողջական շատ բարձր պահանջներ են ներկայացված»,- ասաց գնդապետ Դավթյանը:

Նա նշեց, որ չնայած ծնողները դեմ են լինում, որ աղջիկները ռազմական ոլորտում մասնագիտություն ձեռք բերեն , բայց աղջիկները պնդում են և սովորում: «Արդեն երեք տարի ընդունելություն ենք ունեցել, որևէ դեպք չի եղել, որ հրաժարվեն ուսումնառությունից»,- ընդգծեց Սուրեն Դավթյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ աղջիկների և տղաների համար ընդունելության չափորոշիչներն ընդհանուր են, միայն ֆիզիկական պատրաստվածության ոլորտում կան որոշակի տարբեր չափանիշներ. «Ֆիզիկական առումով ունենք այլ վարժություններ իգական սեռի քաղաքացիների համար, բայց չեն ազատվել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից»: Աշխատաժողովին ներկա քաղաքական գիտությունների թեկնածու, ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ փոխգնդապետ Ալիկ Ավետիսյանն ասաց, որ չափորոշիչների սահմանման շուրջ լուրջ քննարկումներ են ունեցել՝ արդյոք պետք է սահմանել հատուկ պայմաններ իգական սեռի կուրսանտների ընդունելության համար: «Ի վերջո եկանք եզրակացության, որ ցանկալի տարբերակն է՝ չափորոշիչները լինեն ընդհանուր»,- նշեց նա:

ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության ավագ սպա, փոխգնդապետ Նարինե Կարապետյանն ասաց, որ կանանց ծառայության իրավական կարգավորումները կարևոր էլեմենտ են կանանց իրավահավասարության, հավասար հնարավորությունների հաստատման հարցում:

«Հիմնական խնդիրը, ըստ իս, մեր հասարակության մտածողությունն է. կան կարծրատիպային մոտեցումներ կանանց դերի, նշանակության վերաբերյալ: Սա է հիմնականում խանգարում զինված ուժերում կանանց իրավասավարության հաստատման գործընթացին»,- նշեց նա:

Լրագրողների հետ զրույցում փոխգնդապետ Կարապետյանն ասաց, որ հայ կինը հայկական բանակում՝ շատ ընդունելի և ցանկալի տարբերակ է հատկապես այսօրվա պայմաններում՝ ելնելով աշխարհաքաղաքական տարաբնույթ խմորումներից, Հայաստանի իրավիճակից:

Աղբյուրը` Panorama.am

Comentarios


bottom of page