top of page

Վահանաձև գեղձի հիմնական հիվանդությունները, ախտանշանները և 6 սովորություն, որոնք հանգեցնում են այս օր

  • Zohrap Amiryan
  • 18 нояб. 2016 г.
  • 3 мин. чтения

Ծխելը, բացի այն, որ վնասում է թոքերը և առհասարակ վտանգավոր է առողջության համար, կարող է նաև հանգեցնել լուրջ խնդիրների՝ կապված վահանաձև գեղձի հետ, որոնցից ազատվելը շատ ավելի դժվար կլինի հենց այդ սովորության պատճառով:

Վահանաձև գեղձը լինում է ոչ այնքան մեծ չափերի և ունենում է թիթեռի ձև: Շատերն անտեսում են այս օրգանի առողջությունը, սակայն այն իրականացնում է շատ կարևոր գործառույթ օրգանիզմի բոլոր համակարգերի աշխատանքի համար:

Վահանաձև գեղձը պատասխանատու է հորմոնների արտադրման համար և կարգավորում է նյութափոխանակության բոլոր գործընթացները:

Բացի այդ, վահանաձև գեղձը նաև կարգավորում է մարմնի ջերմաստիճանը, սրտամկանի կծկումների հաճախականությունը և նյութափոխանակությունը, ինչը որոշում է կալորիաների այրման արագությունը:

Այսպիսով՝ վահանաձև գեղձի ճիշտ աշխատանքը անմիջականորեն կապված է մարդու ինքնազգացողության հետ: Սա է պատճառը, որ դրա աշխատանքի ցանկացած խանգարումը կարող է հանգեցնել հորմոնալ դիսբալանսի ու տարբեր հիվանդությունների առաջացման:

Որո՞նք են վահանաձև գեղձի ամենատարածված խնդիրները

Հարկ է նշել, որ վահանաձև գեղձի խնդիրներն 8 անգամ ավելի շատ հանդիպում են կանանց մոտ: Ընդ որում՝ այդ գեղձի աշխատանքի խանգարման վտանգը զգալիորեն բարձրանում է դաշտանադադարի ժամանակ:

Վահանաձև գեղձի հիմնական հիվանդություններն են.

Հիպոթիրիոզը. սա մի հիվանդություն է, որի դեպքում վահանաձև գեղձը չի արտադրում բավարար քանակությամբ հորմոններ: Արդյունքում՝ օրգանիզմում առաջանում է հորմոնալ դիսբալանս և ի հայտ են գալիս հետևյալ ախտանշանները.

o հոգնածության զգացում և դեպրեսիա,

o դող,

o մկանային ցավեր,

o մտավոր կարողությունների դանդաղեցում և խնդիրներ ուշադրության կենտրոնացման հետ,

o խնդիրներ մարսողության հետ և փորկապություն,

o Աավելի առատ արտադրություն դաշտանի ժամանակ և դրա տևողության երկարացում,

o քաշի կտրուկ ավելացում,

o չոր մաշկ ու մազեր, փխրուն եղունգներ

Հիպերթիրիոզը. սա հակառակ վիճակն է, որի դեպքում տեղի է ունենում հորմոնների չափազանց շատ արտադրություն: Հիպերթիրիոզի ախտանշաններն են.

o դողը, նյարդայնությունն ու դյուրագրգիռությունը,

o շոգի զգացողությունը,

o արագ ու անկանոն սրտի զարկերը,

o մկանային թուլությունն ու հոգնածությունը,

o հաճախակի պետքարան գնալու ցանկությունը,

o դաշտանի ժամանակ ավելի քիչ արտադրությունը,

o քաշի կտրուկ կորուստը,

o մազաթափությունը,

o դուրս ցցված աչքերը

Ո՞ր սովորությունները կարող են հանգեցնել վահանաձև գեղձի աշխատանքի խանգարումների

Վահանաձև գեղձի խնդիրներ առաջանում են, որպես կանոն, աուտոիմունային խանգարումների, գենետիկ հակվածության կամ որոշ դեղորայքի ընդունման դեպքում:

Հետազոտությունները ցույց են տվել, որ մարդկանց սովորությունների ու վահանաձև գեղձի հիվանդությունների միջև կա անմիջական կապ:

Նստակյաց կյանքը

Ժամանակակից աշխարհում, ցավոք, շատերն են վարում նստակյաց կյանք, ինչով վնասում են առողջությանը:

Պարբերաբար ֆիզիկական ծանրաբեռնվածության և առհասարակ ցանկացած ակտիվության բացակայությունը կարող է բացասաբար անդրադառնալ վահանաձև գեղձի աշխատանքի վրա և հանգեցնել հիպոթիրիոզի առաջացման:

Խնդրի լուծումը

Անհրաժեշտ է օրական առնվազն 30 րոպե տրամադրել ֆիզիկական վարժություններին և հնարավորինս քիչ նստել կամ պառկել:

Կոֆեինի չարաշահումը

Շատերը նույնիսկ չեն էլ պատկերացնում, թե ինչպես կարելի է սկսել օրն առանց մի բաժակ սուրճի, ինչն իրականում այդքան էլ վատ չի: Սակայն սուրճի կամ կոֆեին պարունակող այլ սննդամթերքի չարաշահումը կարող է հանգեցնել լուրջ առողջական խնդիրների, այդ թվում նաև վահանաձև գեղձի աշխատանքի խանգարման:

Խնդրի լուծումը

Անհրաժեշտ է սահմանափակել սուրճի կամ կոֆեինի բարձր պարունակությամն այլ սննդամթերքի (թեյ, կակաո) գործածությունը և փոխարինել դրանք հասարակ ջրով կամ բնական հյութերով:

Հարբեցողությունը

Ալկոհոլի չարաշահումը կարող է հանգեցնել այնպիսի խանգարումների, ինչպիսին հիպոթիրիոզն է:

Խնդրի լուծումը

Անհրաժեշտ է բացառել կամ գոնե սահմանափակել ալկոհոլային ըմպելիքների օգտագործումը:

Ծխախոտի չարաշահումը

Ծխախոտի և դրա ծխի մեջ պարունակվում են թունավոր նյութեր, որոնք կարող են դառնալ վահանաձև գեղձի հետ կապված լուրջ խնդիրների պատճառ՝ հատկապես ռիսկային գոտում գտնվողների մոտ:

Ամենամեծ խնդիրն այն է, որ ծխող մարդկանց համար շատ ավելի դժվար է վերահսկել վահանաձև գեղձի աշխատանքը:

Խնդրի լուծումը

Անհրաժեշտ է անել ամեն ինչ այդ սովորությունից հրաժարվելու համար: Սա ոչ միայն կօգնի ազատվել վահանաձև գեղձի հիվանդություններից, այլև առհասարակ կբարելավի կյանքի որակը:

Չծխողները պետք է աշխատեն հնարավորինս հեռու մնալ ծխողներից՝ ծխախոտի ծխի բացասական ազդեցությունից խուսափելու համար:

Օրգանիզմում յոդի պակասը

Օրգանիզմում յոդի պակասը վահանաձև գեղձի հիվանդությունների, հատկապես հիպոթիրիոզի, առաջացման հիմնական խնդիրներից մեկն է: Այս տարրն անհրաժեշտ է գեղձի կանոնավոր գործունեության ու բավարար քանակությամբ հորմոնների արտադրության համար:

Խնդրի լուծումը

Անհրաժեշտ է կրգավորել օրգանիզմում յոդի մակարդակը: Այս հարցում կօգնեն հետևյալ մթերքները.

o ծովի աղը,

o ձուկն ու ծովամթերքը,

o սպիտակ լոբին,

o ջրիմուռները,

o սոխն ու սխտորը,

o կաթնամթերքը (յոգուրտ, կաթ, պանիր)

Սթրեսը

Մարդու էնդոկրին համակարգը շատ զգայուն է ֆիզիկական ու հոգեկան սթրեսի հանդեպ: Եթե սթրեսը բավական ուժեղ է եղել, ապա դա կարող է բացասաբար ազդել վահանաձև գեղձի աշխատանքի վրա:

Խնդրի լուծումը

Անհրաժեշտ է սովորել կառավարել սթրեսային իրավիճակները: Այս հարցում կարող են օգնել տարբեր հանգստացնող մեթոդները կամ որևէ հաճելի ու հանգստացնող բան:

Նյութը ' Tert.am Medicine

Комментарии


bottom of page