Որեւէ մեկը չի կարող Տեր-Պետրոսյանին կոռուպցիայի հետ առնչված մարդ համարել.Նիկոլ Փաշինյան
- Zohrap Amiryan
- 18 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Որեւէ մեկը չի կարող Տեր-Պետրոսյանին կոռուպցիայի հետ առնչված մարդ համարել. չկա բնության մեջ այնպիսի փաստ, որ կարող է հիմնավորել նման որեւէ կարծիք: Ինքներդ ձեզ համար մի այսպիսի էքսպերիմենտ արեք. փորձեք պարզել 1998 թվականի իշխանափոխության պահին ինչպիսի ունեցվածքի տեր են եղել, եւ այսօր ինչպիսի ունեցվածքի տեր են Տեր-Պետրոսյանի իշխանության հայտնի քաղաքական դեմքերը, որ նրա հետ հեռացել են իշխանությունից: Այնտեղ միլիոնատերեր չկան, ավելին` շատ-շատերը հանապազօրյա հացի խնդիր ունեն: Ես սա ձեզ ասում եմ որպես այդ մարդկանց մոտիկից ճանաչող մեկ,ը եւ սա ճշմարտություն է: Տեր-Պետրոսյանի իշխանությունը ունեցել է բազմաթիվ աղաղակող թերություններ: Բայց այդ իշխանությունը կոռուպցիոն բուրգի կառուցվածք չի ունեցել, չնայած եղել են նաեւ կաշառակեր բարձրաստիճան պաշտոնյաներ, եւ այդ պաշտոնյաներին դուք այսօր կարող եք տեսնել ավազակապետական իշխանության ամենամերձավոր շրջապատում, հենց իշխանության շարքում: Նախորդ իշխանության տարիներին, իհարկե, կաշառակերության դեմ պայքարին գուցե անհրաժեշտ չափով ուշադրություն չի դարձվել: Բայց չմոռանանք, որ այդ ժամանակ Հայաստանի առաջ լինել-չլինելու հարց էր դրված, եւ Տեր-Պետրոսյանի իշխանությունը կարող էր առաջնահերթություն համարել միայն Ղարաբաղի պատերազմն ու Հայաստանի սահմանների պաշտպանությունը, բանակի ստեղծումը, փլուզված տնտեսության վերականգնումը, տնտեսական բարեփոխումների իրականացումը: Մենք ախր մոռանում ենք, որ անկախություն ստացած Հայաստանը ոչինչ չի ունեցել` չի ունեցել անգամ դրամական միավոր եւ պետական բյուջե: Այն տարիներին շատ լուրջ թերություններ են եղել, բայց ավազակապետություն չի եղել հաստատ: Չի եղել նաեւ կեղծ ընդդիմություն, որ ձեւավորվեց քոչարյանասերժական վարչակազմի օրոք եւ դարձավ ժողովրդին խաբելու, դեպրեսիայի եւ հուսահատության մեջ գցելու հիմնական գործիք: Նիկոլ Փաշինյան, 23 հունվարի 2009թ.
Comments