Որքան է կազմում սպառողական զամբյուղը Հայաստանում և որքան գումար է գանձվում ՀՀ քաղաքացու աշխատավարձից
- Zohrap Amiryan
- 18 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Ազգային ժողովում քննարկվում է զինծառայողներին և նրանց ընտանիքներին օգնելու նպատակով 1000-ական դրամ հավաքելու վերաբերյալ նախագիծը, համաձայն որի՝ քաղաքացիների աշխատավարձերից 1000-ական դրամ պետք է պահվի՝ հիմնադրամին ուղղելու համար,-գրում է Tert.am կայքը:
Հայաստանում սպառողական զամբյուղների, գրանցված աշխատողների աշխատավարձերից գանձվող հարկերի ու վճարների մասին Tert.am-ը զրուցեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի և Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանի հետ: «Հայաստանում երկու սպառողական զամբյուղ կա՝ պարենային և նվազագույն։ Պարենային սպառողական զամբյուղը կազմում է 27 000 դրամ, իսկ մյուսը՝ նվազագույն սպառողական զամբյուղը, 53 000 դրամ: Եթե ընտանիքում մեկ անձ է աշխատում և ստանում է 180 000 դրամ աշխատավարձ, իսկ ընտանիքն ունի 4 անդամ, ապա յուրաքանչյուր անձին հասնում է 45 000 դրամ, այսինքն՝ մեկ անձի շնչով սպառողական նվազագույն զամբյուղի չափ գումար չի կազմում, ինչն էլ ենթադրում է, որ մարդիկ աղքատության շեմին են»,- նշեց Արմեն Պողոսյանը: Սպառողների միության նախագահի խոսքով՝ նվազագույն սպառողական զամբյուղում հաշվառված է միայն սննդի և կոմունալ ծախսերի համար նախատեսված վճարը. «Այսինքն՝ մարդը միայն պետք է սնվի և կոմունալ վճարներ կատարի: Բա երեխա՞ն, դպրոցը՞, մարդը նսեմացած է, և այլ ծախսեր զամբյուղում հաշվառված չեն»: Ինչ վերաբերում է քաղաքացիների աշխատավարձերից 1000 դրամ պահելուն, Արմեն Պողոսյանն ասաց, որ նախագիծը ողջունելի է, սակայն այն պետք է լինի կամավոր. «Թող մարդկանց շահագրգռեն և վստահության մեխանիզմներ մշակեն, որ քաղաքացին կամավոր իր աշխատավարձից 1000 դրամը տրամադրի հիմնադրամին, սակայն պարտադիր չպետք է լինի, որովհետև մարդը, ով առանց այդ էլ աղքատության շեմին է, չպետք է պարտադրված գումար տրամադրի, թե չէ, ծրագիրը ողջունելի է»:
Comments