top of page

Որոնք են սնվելուց հետո առաջացող ստամոքսի ցավի պատճառները |Tert.am Medicine

  • Zohrap Amiryan
  • 21 нояб. 2016 г.
  • 2 мин. чтения

Ընդհանուր տեղեկատվություն Ստամոքսի ցավերի ամենատարածված պատճառը սննունդն է, որը մարդն օգտագործում է: Ստամոքսի հիվանդությունների դեպքում ցավի ինտենսիվությունը կարող է տարբեր լինել: Գաստրիտով հիվանդների մոտ ցավն այդքան էլ ինտենսիվ չէ և հենց սա է պատճառը, որ հիվանդը հաճախ երկար ժամանակ ուշադրություն չի դարձնում խնդրին: Բացի այդ, ցավը կարող է ինտենսիվ չլինել նաև ստամոքսի խոցային հիվանդության ու քաղցկեղի դեպքում: Սակայն խոցային հիվանդության դեպքում (հատկապես տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդության դեպքում) ցավը կարող է շատ ուժեղ լինել: Երբեմն այդ ցավն այնքան ուժեղ է լինում, որ հիվանդը ստիպված է լինում անմիջապես միջոցներ ձեռնարկել՝ վիճակը թեթևացնելու համար: Սնվելուց հետո առաջացող ստամոքսի ցավի հիմնական պատճառները Ցավի պատճառների որոշումը շատ կարևոր է, ուստի առաջին հերթին հարկավոր է ուշադրություն դարձնել ընդունած սննդի պատճառով առաջացած ցավի և այդ սննդի առանձնահատկությունների միջև կապին: Քրոնիկ գաստրիտի դեպքում սովորաբար ցավը վաղ է նկատվում՝ սննդի ընդունումից գրեթե անմիջապես հետո՝ հատկապես, եթե սնունդը կոշտ է կամ թթու: Կախված ստամոքսահյութի թթվայնության մակարդակից՝ կարող են նկատվել. · այրոց,

· թթվային պարունակությամբ գղտոց,

· փորկապություն,

· սրտխառնոց,

· տհաճ հոտով գղտոց,

· փորափքանք

· փորլուծություն:

Ցավը կարող է լինել տարբեր բնույթի՝ ձգող, ճնշող, այրող, սուր: Սա նաև կախված է բազմաթիվ գործոններից՝ ստամոքսի լցվածությունից, սպազմների առկայությունից, թթվայնությունից, օրգանիզմի անհատական արձագանքից և այլն: Ստամոքսի և տասներկումատնյա աղիքի լորձաթաղանթի բորբոքումն անվանվում է գաստրոդուոդենիտ: Սա երկարատև հիվանդություն է, որը կարող է ժամանակ առ ժամանակ սրվել: Այս հիվանդությանը հատուկ են պարբերաբար նկատվող ցավերը, որոնք ունենում են տարբեր ուժգնություն ու տևողություն և սովորաբար նկատվում են ստամոքսի և պորտի հատվածում: Բացի այդ, նաև կարող է լինել ստամոքսի վերին հատվածի ծանրության ու ձգվածության զգացողություն և թթվային կամ ավելի հազվադեպ փտած պարունակությամբ գղտոց: Ստամոքսի խոցային հիվանդության ժամանակ նույնպես ցավն առաջանում է սննդի ընդունումից հետո, սակայն 1-1,5 ժամից ոչ ուշ: Վաղ նկատվող ցավերը հատուկ են ստամոքսի վերին հատվածների խոցային հիվանդությանը և առաջանում են ուտելուց 0,5-1 ժամ անց: Այդ ցավերն աստիճանաբար ուժեղանում են, քանի որ բարձրանում է աղաթթվի մակարդակը: Ժամանակի ընթացքում սննունդը ստամոքսից տեղափոխվում է տասներկումատնյա աղիք, ստամոքսի թթվայնությունն իջնում է և 1-2 ժամ անց ցավը մեղմանում է: Ստամոքսի խոցային հիվանդության դեպքում ցավը «տեղակայվում» է որովայնի ձախ հատվածում կամ մեջտեղի հատվածի վերին մասում: Եթե հիվանդի մոտ տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդություն է, ապա ցավն առաջանում է մեջտեղի հատվածից ձախ ընկած մասում: Երբեմն ցավը կարող է լինել նաև կրծքավանդակի խորքում կամ մեջքի հատվածում: Ցավի բնույթը կարող է տարբեր լինել: Հիվանդների մեկ երրորդի մոտ ցավերը շատ ուժեղ են լինում, սակայն մեծ մասի մոտ նկատվում են բութ, ծակող կամ կծկումային ցավեր: Ուտելուց հետո առաջացող ցավերը հատուկ են նաև ստամոքսի քաղցկեղին, սակայն հարկավոր է նաև ուշադրություն դարձնել օնկոլոգիական հիվանդության այլ ախտանշաններին: · քաշի կտրուկ կորուստ,

· ախորժակի բացակայություն,

· ստամոքսի ցավեր,

· տհաճ զգացողություններ որովայնում (պորտից վերև),

· ստամոքսի լցվածության զգացողություն, նույնիսկ քիչ քանակությամբ սնունդ ընդունելուց հետո,

· այրոց,

· մարսողության խանգարում,

· սրտխառնոց ու փսխում,

· որորվայնի չափերի մեծացում,

· մաշկի գունատություն: Բարձր հիմնայնությամբ սնունդը (խաշած միս, կաթնամթերք) ավելի ուշ է ցավեր առաջացնում: Կոպիտ բուսական սնունդը, բանջարեղենային մարինադները, սև հացը, պահածոները կարող են ավելի վաղ ցավերի պատճառ դառնալ: Նմանատիպ ցավերի հետևանքով հիվանդները հաճախ վախենում են սնվել և սկսում են հրաժարվել սննդից: Դուոդենիտով՝ տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդությամբ տառապող հիվանդների մոտ պատկերը բոլորովին այլ է: Նրանց մոտ ցավերն ավելի «սոված» բնույթի են, նկատվում են ավելի շատ գիշերները և մեղմանում են հեղուկ կամ փափուկ սնունդ, ինչպես նաև՝ սոդա ընդունելիս: Խնդիրը լուծելու համար հարկավոր է դիմել գաստրոէնտերոլոգին, որը կնշանակի օրգանիզմին հարմար դիետան:

Նյութը ' Tert.am Medicine

Комментарии


bottom of page