Նիկոլ Փաշինյանը և «1000 դրամը»
- Zohrap Amiryan
- 22 нояб. 2016 г.
- 2 мин. чтения

Նիկոլ Փաշինյանը և «1000 դրամը»
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ամսի 19-ին «Ազատության» եթերում ևս մեկ անգամ ասաց, որ «Ողջունում է բոլոր քննադատությունները և երբեք իրեն անքննադատելի չի համարել»։ Փաշինյանը շարունակում է պնդել, որ «1000 դրամի» օրենքին կողմ քվեարկելը ճիշտ որոշում է։ Փորձեմ ապացուցել հակառակը։
Նախ Փաշինյանը ճշգրիտ արձանագրում է, որ «Տասնյակ միլիարդներ, որ պետք է հատկացվեին բանակին, չեն հատկացվել»։ Այսինքն գողացվել են` սա բոլորը գիտեն։ Բայց ԻՆՉՔԱ՞Ն ԵՆ գողացել` գիտեք՞։ Եթե մեր ժողովուրդը 200 տարի ամսական 1000 դրամ հավաքի, ապա դա կլինի այնքան գումար, ինչքան իշխանությունը գողանում է մեկ տարում։ Միայն այս փաստը բավարար է, որ օրենքը որակվի, որպես թալանը կոծկելու մեխանիզմ։
Փոխանակ սրա վրա կենտրոնանալու, Փաշինյանը նախ հարցնում է, թե եթե էս օրենքը չլինի, ինչու՞ պետք է թալանողը չթալանի։ Հետո զարմանում է այն ընդդիմադիրների վրա, որոնք հորդորում են չթալանել։ Մեջբերում եմ Փաշինյանի խոսքը. «Հո իշխանությունը չի՞ սպասում, որ մենք իրենց ասենք` մի թալանեք։ Ինչի՞ց է ենթադրվում, որ թալանողը չի թալանելու։ Եթե կա այդպիսի փաստարկ, եկեք հենց հիմա ուղիղ եթերում քննարկենք»։ Փաշինյանի հնչեցրած հարցերը ի՞նչ կապ ունեն խնդրո առարկայի հետ։ ՊԱՐԶ է, որ թալանողը թալանելու է։ Հարցը այն է, որ թալանելուց հետո օրենք է բերել, որ թալանածը կոծկի։ Հիմա մենք կո՞ղմ ենք էդ կոծկելուն, թե՞ դեմ ենք։ Ահա՛ ԻՐԱԿԱՆ հարցը։
Պատկերավոր բացատրում եմ` հատուկ նրանց համար, որոնք դեռ մինչև վերջ չեն հասկացել օրենքի անբարոյականության աստիճանը։ Հայ մարդը 10.000 դոլար հարկ է տալիս իշխանավորին, ասում է. «Տար-տուր զինվորիս, որ զինվորս լավ ապրի»։ Մի երկու օր հետո էս իշխանավորը 10.000 դոլարանոց մեքենայով ետ է գալիս ու ասում է, «Զինվորդ վատ վիճակում է, մի 1000 դրամ էլ տուր, որ զինվորիդ տանք»։ Եթե սա հանցագործության լկտի կոծկում չէ, ապա ի՞նչ է։ Ի պատասխան սրան` Փաշինյանը ըստ էության ասում է. «Ժողովուրդ էդ 1000-ը տանք, էլի։ Եթե չտանք, կարող ա՞ չի գողանալու»։ Պարոն Փաշինյան, տաս-չտաս, ԳՈՂԱՆԱԼՈՒ Է։ Բայց եթե չտաս, գոնե գողացածը չի ԿՈԾԿԻ։ Մի՞թե սա դժվար է հասկանալ։ Ո՞րն է լինելու սրա շարունակությունը։ Վաղը իշխանությունը կասի` 1000 դրամ սոված ընտանքիների համար, 1000 դրամ` ճանապարհների համար, 1000` կրթության ևն։
Պարոն Փաշինյանը համարում է, որ եթե դեմ ես քվեարկում այս օրենքին, ուրեմն չես ուզում, որ հիվանդ զինվորը լավ ապրի։ Ընդունենք այդպես է։ Պարոն Փաշինյանը դեմ է քվեարկել բյուջեի նախագծին։ Ուրեմն նշանակում է, որ Փաշինյանը դեմ է, որ երկիրը առհասարա՛կ բյուջե ունենա՞։ Մի՞թե սա լուրջ է։
Սա դեռ քիչ է, Փաշինյանը եթերում բառացի ասաց. «Մեր ընդդիմադիր գործընկերները վեր են կենում ասում են` այ՛ իշխանություն ջան, այ ախպեր, լավ էլի, մի թալանեք, էլի»։ Սա ծաղրուծանակ է ընդդիմադիր ազնիվ գործիչների հանդեպ`Արամ Մանուկյան, Լևոն Զուրաբյան, Զարուհի Փոստանջյան ևն։ Մի՞թե այսպիսի ծարուծանակը պատիվ է բերում Փաշինյանի նման գործչին կամ մեր երկրին։ ԵՎ ՄԻ՞ԹԵ ԱՅԴ ԾԱՂՐԱՆՔԸ ՕԳՆԵԼՈՒ Է ԱԶՆԻՎ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱԽՄԲՄԱՆԸ` ՄԻ ԲԱՆ, ՈՐԻ ԿԱՐԻՔԸ ԱՅԴՔԱՆ ՈՒՆԻ ԱՅՍ ԵՐԿԻՐԸ։ ... Շատ կուզեի, որ Փաշինյանը դեմ քվեարկեր երկրորդ ընթերցմամբ։ Իմ մտքում անձեր չկան, կա միայն Հայաստանի շահը։ Այդ շահը պահանջում է, որ ՀԱԿ-ի և Ժառանության խմբակցությունները իրենց հիմնական կազմերով ՄԻԱՍԻՆ ԴԵՄ քվերակեն։ Դա 2017-ին ընթառաջ Հայաստանի դահիճների դեմ դուրս եկած ազնիվ մարդկանց համախմբման հրաշալի սկիզբ կլիներ։
Comentários