Ըստ թուրք վերլուծաբանի՝ Հայոց ցեղասպանության սցենարը կրկնվելու է քրդերի դեպքում
- Zohrap Amiryan
- 23 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Թուրքիայի կառավարությունը քրդերի հետ վարվում է ճիշտ այնպես, ինչպես ժամանակին հայերի հետ է վարվել: Այս մասին գրում է վերլուծաբան Էրգյուն Բաբահանը՝ թուրքական «Haberdar.com» լրատվակայքում հրապարակված «Քրդական հարցին՝ հայկական լուծում»հոդվածում: «Այն ամենը, ինչ այսօր նրանք (Թուրքիայի կառավարությունը-խմբ.) անում են, ոչնչացնում է 1915թ. վերաբերյալ նրանց բոլոր փաստարկները: Քրդերի քաղաքները ռմբակոծվում են, հողին հավասարեցվում, խաղաղություն պահանջող ընտրյալ ներկայացուցիչները մեկ-մեկ կալանավորվում են, թերթերն ու մեդիան՝ լռեցվում: Քուրդ ժողովրդի հետ ուս ուսի տվող, իր իրավունքների համար պայքարել փորձող յուրաքանչյուր ոք բանտ է նետվում է»,- նկատել է տալիս հեղինակը: Ահազանգում է, որ կառավարության անգիր արած բառապաշարում «խաղաղություն» և «հանգուցալուծում» բառերը չկան, կա միայն «ոչնչացում»: «Փորձում են արմատախիլ անել քրդերին ճիշտ այնպես, ինչպես արմատախիլ են արել հույներին, հայերին, եզդիներին, ասորիներին»,- գրում է Բաբահանը: Նրա կարծիքով՝ Թուրքիայում քաղաքացիական պատերազմի ծագման հավանականությունը մեծ չէ, բայց այ ցեղասպանություն՝ կարող է լինել:
«Պետությունն իր ունեցած ինքնաթիռները, տանկերը, գնդացիրները կգործադրի սեփական ինքնությունը պահպանել ցանկացող բոլոր քրդերին ոչնչացնելու համար, որոնք, իր կարծիքով, իր դեմ են պայքարում: Այդպես է վարվել հայերի հետ, այդպես կվարվի քրդերի հետ»: Հեղինակի դիտարկմամբ՝ Էրդողանը ցանկանում է Թուրքիան վերածել մի տարածաշրջանի, որտեղ իշխում են անտրամաբանական օրենքները, խավարամտությունը, տգիտությունն ու թշվառությունը: Փորձ է արվում բռնությամբ ու արյամբ ճնշելու ամեն տեսակ ժողովրդավարության պահանջ, սեփական իրավունքները պաշտպանելու ամեն փորձ, ձգտում կա ոչնչացնել ընդդիմությունը: «Մշտապես մասնատման մտավախություն ունեցող, անգամ «Միություն և առաջադիմություն» շարժման (İttihat ve Terraki) գաղափարախոսության կրողը հանդիսացող այս մոտեցումը ողջ երկիրը կարող է ճահճի վերածել:
Սիրիայից մինչև Իրաք ընկած ողջ տարածաշրջանում քրդերին թշնամի հռչակած այս մտածողությունը, ի վերջո, անխուսափելիորեն կհանգեցնի բախումնային ավարտի: Նման զարգացումների ավարտը քրդերի մեծամասշտաբ կոտորածն է լինելու, հարավարևելյան և արևելյան Անատոլիայի կրիտիկական շրջաններում քրդերի ոչնչացումը: Ակնհայտ է, որ նպատակը մեծածավալ գործողությունն է՝ 1915-ի կրկնությունն այսօրվա պայմաններում»:
Աղբյուր` Ermenihaber.am
コメント