top of page

Ինչ անել, եթե բնակարանում գազի արտահոսք է տեղի ունեցել

  • Zohrap Amiryan
  • 28 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

Արտակարգ իրավիճակներում գործողությունների ճիշտ հաջորդականությունը կարող է փրկել մարդկային կյանքեր, ուստի՝ շատ կարևոր է իմանալ, որ ամեն վայրկյանը թանկ է, ու անհրաժեշտ է այն ըստ նշանակության օգտագործել:

Ստորև AdMe.Ru կայքն առաջարկում է ծանոթանալ այն գործողություններին, որոնք պետք է կիրառել բնակարանում գազի արտահոսքի դեպքում.

Նախևառաջ փակեք գազատար խողովակի փականը: Պետք չէ փորձել ինքնուրույն գտնել արտահոսքի վայրը, քանի որ դրա վրա կծախսվեն թանկարժեք վայրկյանները: Մինչդեռ Ձեր առաջնային նպատակն է առավելագույնս կարճ ժամանակում դադարեցնել գազի հոսքը:

Եթե արտահոսքի վայրում գազը սկսել է այրվել, ապա խստիվ արգելվում է կրակը մարել:

Հայտնի փաստ է, որ մինչ գազն այրվում է, այն չի պայթի: Այս պարագայում եթե չեք կարող փակել խողովակի փականը, անմիջապես դուրս եկեք բնակարանից ու հրշեջ բրիգադ կանչեք: Սակայն նախքան այդ՝ բացեք պատուհանն ու օդափոխեք տարածքը:

Նման իրավիճակում արգելվում է վառել լույսը և միացնել կենցաղային սարքավորումները, իսկ միացրած սարքերը պետք է անջատել: Հիշե՛ք, գազը կարող է բռնկվել նույնիսկ ամենաչնչին կայծից:

Բնակարանում գտնվելու ժամանակ մի զանգահարեք ստացիոնար կամ բջջային հեռախոսներից: Հրշեջ ծառայություն զանգահարելու համար օգտվեք հարևանների հեռախոսից կամ էլ դուրս եկեք փողոց ու բջջայինով զանգահարեք:

Գազի արտահոսքի հետ կապված արտակարգ իրավիճակներից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս գազով աշխատող ջեռուցիչներն ինքնուրույն չվերանորոգել, ջեռոցը միացնելուց հետո համոզվել, որ կրակը նորմալ վառվում է բոլոր կողմերում, ինչպես նաև հիշել, որ գազի նորմալ գույն է համարվում վառ կապույտը: Կարմրավուն, դեղնավուն և այլ երանգների առկայության դեպքում պետք է դիմել գազի սպասարկման ծառայության մասնագետներին:

תגובות


bottom of page